Ինչ փոփոխություններ են արվել երկրորդ ընթերցումից հետո

Ինչ փոփոխություններ են արվել երկրորդ ընթերցումից հետո

Նախօրեին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որում տեղ են գտել մի շարք փոփոխություններ, որոնք կատարվել են նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Դրանցից մեկը վերաբերում է բուհերի ռեկտորների ընտրության կարգին․ նախկինում ռեկտորի ընտրության հարցում առաջարկվում էր ընտրանքային տարբերակ, երբ պետք է ներկայացվեր մինչեւ 3 թեկնածու, իսկ լիազոր մարմնի ղեկավարը երեքից մեկին նշանակեր այդ պաշտոնում, բայց վերջին փոփոխության համաձայն՝ ռեկտորն ընտրվում է խորհրդում՝ ցուցակային կազմի կեսից ավելի ձայն հավաքելու պարագայում, եւ հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Երկրորդ փոփոխությունն այն է, որ օրինագծի նախորդ տարբերակում նշվում էր, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը երկու ժամկետ անընդմեջ. այժմ նախագահի պաշտոնավարման այդ սահմանափակումը հանվել է: 

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարչական պաշտոն զբաղեցնողների համար սահմանված տարիքային վերին շեմին. առաջարկվում է նախորդ տարբերակում ամրագրված 65 տարեկանը դարձնել 70:

Բացի այդ, եթե առաջին ընթերցման տարբերակում ռեկտորի, ամբիոնի վարիչի, դեկանի պաշտոնները վարչական էին, ներկա օրինագծով առաջարկվում է դրանք համարել ակադեմիական պաշտոններ, իսկ բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ, օրենքում կամրագրվի միայն գիտական աստիճանի առկայության պահանջը։ 

Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ բուհերի հավատարմագրման գործընթացում: Հաշվի առնելով բուհերի առաջարկները՝ ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարեւորագույն գործընթացում ընտրվել է ավելի պարզ եւ գործուն մեթոդ:

Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պատգամավորները դեմ են քվեարկել նախագծին: Այնուհետեւ 86 «կողմ» եւ 1 «դեմ» ձայներով ընդունվել է ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: 

Առաջիկայում բուհերի ռեկտորների, գիտական համայնքի ներկայացուցիչների հետ կրկին հանդիպում է նախատեսվում: