Քաղաքականությունը սպորտին միշտ էլ միջամտել է

Քաղաքականությունը սպորտին միշտ էլ միջամտել է

Վերջերս Կրասնոյարսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնությունում գրանցվեց արտասովոր դեպք` աղջիկների մենասահքում իրեն հիանալի դրսեւորեց 13-ամյա մեր հայրենակցուհի Ադելիա Պետրոսյանը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մեզ համար սա արտակարգ երեւույթ է նաեւ այն պատճառով, որ աղջիկը հանդես եկավ Արա Գեւորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի հնչյունների ներքո, իսկ ելույթից հետո էլ հպարտորեն խոստովանեց․ «Այդ մեղեդին հատուկ էի ընտրել, ղարաբաղյան պատերազմում Հայաստանի համար ծանր իրադարձություններից հետո շատ կարեւոր է ոգեշնչել, սատարել ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում...»։

Փոքրիկի շուրթերից հնչած նման նրբանկատ հայտարարությունը շատերին հիացրեց, սակայն, ավաղ, ոմանք դա բնորոշեցին որպես քաղաքական քայլ, ինչն արգելված է սպորտում։ Հարց է ծագում` ի՞նչ է սպորտը. մի ասպարեզ, որտեղ կանոնավոր պարապմունքների շնորհիվ երիտասարդ սերունդը հղկում է իր ֆիզիկական ունակությունները, կատարելագործում տեխնիկա-տակտիկական հատուկ հնարքները եւ, դրսեւորելով կամք ու համառություն, ձգտում է հասնել բարձր ցուցանիշների։ Դե, իսկ հանդիսականների բարոյական աջակցությունն էլ ոգեւորում է, որ արդարացնեն սպասելիքները։

Եկեք հիշենք, թե ինչ աներեւակայելի հպարտության պահեր ենք ապրել մեր անվանի հայրենակիցների ձեռք բերած մեծ նվաճումների առիթով, ինչպիսի ոգեւորությամբ էինք լցվում, ասենք, օլիմպիական չեմպիոնների, անզուգական գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի, «Արարատի» ֆուտբոլիստների հաջողությունների մասին տեղեկություններ ստանալիս։ Եվ մի՞թե միլիոններին նրանց պարգեւած աներեւակայելի երջանիկ պահերը կարելի է գնահատել զուտ քաղաքական տեսանկյունից, չէ՞ որ սա է իսկական հայրենասիրության դրսեւորումը։ Արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց մարզական ասպարեզում` օլիմպիական չեմպիոնների պատվին է մշտապես հնչում ազգային օրհներգը։ 

Քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի եւ այն լայնորեն տարածված սովորույթը, երբ մեծանուն մարզիկները հայտնվում են օտար երկրների ակումբների թիմերում։ Նպատակը, ինչ խոսք, ոչ միայն մարզական լայն ճանաչում ձեռք բերելն է, այլեւ, որը ոչ պակաս կարեւոր է, նյութական ավելի բարենպաստ պայմաններում ապրելը։

Ճիշտ է, այս առումով մի փոքր այլ բնույթի փաստ է այն, որ 9 տարի առաջ Ռուսաստանից հեռացել եւ արտասահմանում է ապրում հանրահայտ Գարրի Կասպարովը, նա, ով 22 տարեկանում (1985թ.) նվաճեց ճատրակի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ բազմիցս արժանանալով նաեւ «Օսկարների»։ Նրա այս քայլը նյութական շահի հետ աղերս չունի, սա ճիշտ չի լինի բնորոշել որպես քաղաքական դիրքորոշման դրսեւորում։ Իրականությունն այն է, որ նա հաճախ է իր դժգոհությունն արտահայտում՝ նշելով անարդարությունները ու, չնայած որոշ պաշտոնյաների կոշտ արձագանքներին, իր սկզբունքներին հավատարիմ է մնում նաեւ հիմա։ Այդուհանդերձ, շնորհաշատ գրոսմայստերի տաղանդի երկրպագուներն անթիվ են, իսկ իր դիրքորոշումը Կասպարովը բնորոշել է այսպես․ «Ես քաղաքագետ չեմ, ես պայքարում եմ մարդու իրավունքների համար»։

Իսկ օրերս, որքան էլ ցավալի է փաստել, Հայաստանը լքելու մասին հայտարարեց մեր թիվ մեկ գրոսմայստերը՝ ճատրակի համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը, ով որոշել է հանդես գալ ԱՄՆ-ի հավաքականում։ Իր այդ քայլին, ինչպես ինքը բացատրեց, հարկադրված էր դիմել հիմնականում այն պատճառով, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները շախմատի նկատմամբ դրսեւորում էին անտարբերություն՝ անձամբ իրեն համարելով կարողությունները սպառած... 

Այնուամենայնիվ, սխալ է կարծել, թե մեծ սպորտը հեռու է քաղաքական մոտեցումներից։ Ավելին, միջամտություններ արձանագրվել են պետական առաջին դեմքերի, հաճախ` դիկտատորների կողմից։ Հիշենք 1936 թվականին Գերմանիայում անցկացված օլիմպիական խաղերը, երբ հարազատ հարկի տակ «ֆյուրերի թիմը» բացարձակ առավելության հասավ՝ նվաճելով բոլորից շատ` 85 մեդալ, զգալիորեն ետ թողնելով գլխավոր հավակնորդ համարվող ամերիկացիներին։ Ադոլֆ Հիտլերին աներեւակայելի հպարտության առիթ պարգեւեց հատկապես լավագույն մարզիկ հռչակված ծանրորդ Իոզեֆ Մագները, ով եռամարտում ցույց տվեց 425 կիլոգրամ արդյունք, ինչը սովետների առաջնորդ Իոսիֆ Ստալինին զայրույթի աստիճանի հասցրեց, եւ նա որոշեց ինչ գնով էլ լինի՝ անպայման ռեւանշի հասնել, հեղինակազրկել «նացիստական չեմպիոնին» եւ հասավ իր նպատակին՝ մեր հայրենակից Սերգո Համբարձումյանի շնորհիվ։ Հայ հսկան արդարացրեց առաջնորդի քաղաքական նկրտումները` միջազգային խոշոր մրցաշարում, որ անցկացվեց 2 տարի անց․ Սերգոն վստահորեն գետնեց Իոզեֆին՝ երեք վարժությունների գումարով գերմանացու ցուցանիշը գերազանցելով 7,5 կիլոգրամով։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր անթաքույց պարծենում սովետների դիկտատորը։

Սա հավատ ներշնչեց ստալինյան շրջապատին, որ Ֆինլանդիայում նույնպես, որտեղ 1952 թվականին անցկացվելու էր հերթական օլիմպիադան, եւ սովետական պատվիրակությունը նշելու էր իր նորամուտը, բարձր ցուցանիշներ են գրանցվելու։ Հարկ է ասել, որ մի շարք մրցաձեւերում սպասելիքներն իրոք արդարացան, սակայն Ստալինին առավել հուզող ֆուտբոլում հիասթափություններ արձանագրվեցին, եւ սա՝ այն դեպքում, երբ անձամբ առաջնորդն էր հավաքականին ուղղված հեռագրով միմիայն հաղթանակներ տանելու պահանջ դրել։ 1/8 եզրափակչում խորհրդային թիմի մրցակիցներ դարձան Հարավսլավիայի ֆուտբոլիստները՝ «Տիտոյի թիմը»։ 2 երկրների միջեւ այդ տարիներին խիստ լարված իրավիճակ էր տիրում։ Ճիշտ է, երկրորդ աշխարհամարտի ժամանակ հարավսլավցիներն աջակցում էին սովետական զինված ուժերին, բայց պատերազմում հաղթանակից հետո փոխհարաբերություններն անսպասելի սկսեցին սառել։

Մթնոլորտն ավելի լարվեց, երբ Տիտոն առաջ քաշեց հարեւան երկրներից որոշ տարածքներ Հարավսլավիային վերադարձնելու պահանջ եւ Ստալինից կոշտ մերժում ստացավ։ Այս քաղաքական լարվածությունն անպայման իր հետքն էր թողնելու նաեւ մարզական մրցակցության վրա։ Այդպես էլ եղավ։ Եվ երբ ավարտվեց առաջին խաղակեսը, հաշիվը 4-1 էր` հօգուտ հարավսլավցիների։ Իսկ դադարից հետո վերսկսելով մրցակցությունը՝ հենց սկզբից «Տիտոյի թիմը» խփեց եւս մեկ գոլ։ Ո՞վ կկասկածեր, որ հանդիպման ելքը վճռված է։ Բայց անակնկալ կերպով անճանաչելի դարձան պարտվողները․ նրանք ուղղակի հրաշք գործեցին՝ իրար ետեւից 4 պատասխան գոլ խփելով եւ հավասարեցնելով հաշիվը։ Ոչ-ոքին չխախտվեց նաեւ լրացուցիչ նշանակված կեսժամյա խաղի ընթացքում։

Մրցակցությունը, ըստ կանոնակարգի, վերսկսվեց մեկօրյա հանգստից հետո, եւ այս անգամ հարավսլավցիները արդյունավետ գրոհներով լուրջ հսկողության տակ պահեցին պաշտպանական գոտին, եւ դա էլ նրանց հաղթանակ բերեց 3-1 հաշվով ու ճանապարհ հարթեց դեպի քառորդ եզրափակիչ։ Հասկանալի է, որ սկզբունքային նշանակություն ունեցող ծանր մրցամարտում հաջողությունն անասելի ուրախություն պատճառեց հարավսլավցիներին, ոչ միայն ֆուտբոլիստներին, այլեւ երկրի ղեկավարներին։ Եվ դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծանր մթնոլորտ էր տիրում Կրեմլում։ Ստալինը պարզապես կատաղել էր նման ապտակ ստանալու համար։ Այս նվաստացուցիչ իրավիճակի հետ նա չէր կարող հաշտվել։ Եվ ի՞նչ՝ մեղավորներին, իհարկե, պետք էր պատժել, եւ հենց նույն օրը որոշում կայացրեց ցրել ֆուտբոլի հավաքական թիմը, ցրել նաեւ երկրի առաջնության աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ն, քանի որ հավաքականի կորիզը կազմում էին բանակային ֆուտբոլիստները, եւ հիասթափություն պատճառած թիմի խաղացողներին անմիջապես ուղարկել ետ։ Հատկանշական էր նաեւ այն, որ գնացքով հասնելով Մոսկվա՝ խիստ անհանգստացած ֆուտբոլիստները չէին համարձակվում դուրս գալ վագոնից, սարսափելով այն մտքից, որ իրենց կարող են ձերբակալել… Իրենց չարդարացրած մարզիկների նկատմամբ ստալինյան հաշվեհարդար չհետեւեց, քանի որ ընդամենը ամիսներ անց դիկտատորն իր մահկանացուն կնքեց, հետապնդումները կորցրին իրենց ուժը։

Այդուհանդերձ, մարզական կյանքին քաղաքական միջամտության տխուր հետեւանքների մասին հիշողությունները երկար ժամանակ չէին դադարում, չնայած այն բանին, որ արդեն հաջորդ օլիմպիադայում, որը կայացավ 4 տարի անց՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, խորհրդային ֆուտբոլիստները, որոնց կազմում էր նաեւ Նիկիտա Սիմոնյանը (նա այժմ 95 տարեկան է), առանց քաղաքական միջամտության, գործեցին ազատ ու վստահ, գերազանցության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ ու արժանացան չեմպիոնների կոչման։ Նույն օլիմպիադայում հրաշալի ելույթ ունեցավ նաեւ մեր ոսկե եռյակը` մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, հնգամարտիկ Իգոր Նովիկովը եւ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը։ Հուսանք, որ այսպիսի ճանապարհ կանցնի նաեւ շնորհալի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը՝ բոլորիս ուրախություն կպատճառի՝ նվաճելով չեմպիոնական գլխավոր բարձունքը։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ