Նիկոլ Փաշինյանն ու ՀՅԴ-ն Արցախի հարցում գաղափարական տարաձայնություն ունեն

Նիկոլ Փաշինյանն ու ՀՅԴ-ն Արցախի հարցում գաղափարական տարաձայնություն ունեն

Մի քանի օր առաջ Արցախում ավարտվեց ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որն ավանդաբար անցկացվում է 4 տարին մեկ, եւ այս անգամ այն տեւեց մոտ 10 օր ու ավարտվեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու Բյուրոյի կազմի փոփոխությամբ։ Մարգարյանին փոխարինել է կանադացի ՀՅԴ-ական Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը համարվում է հրանտմարգարյանական թեւի կարկառուն ներկայացուցիչ։

ՀՅԴ-ն 33-րդ ժողովից հետո՝ հունվարի 24-ին, հրապարակեց հայտարարություն, որը, սակայն, բացառապես վերաբերում էր արցախյան հիմնախնդրին, մասնավորապես՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտության մասին է խոսվում,
սակայն չգաղտնազերծեց ապագա հինգ տարիների իր գործունեության ճանապարհային քարտեզը։ Մինչդեռ 32-րդ Ընդհանուր ժողովից հետո, որն անցկացվել էր 2015 թվականի հունվարին, ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն կարգավիճակում գտնվող ՀՅԴ-ն ծավալուն հաշվետվություն էր ներկայացրել արած-չարածի վերաբերյալ ու լրամշակման էր ենթարկել առաջիկա քառամյակի համար ՀՅԴ-ի «քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները», որոնցից պարզ էր դառնում կուսակցության տեսլականը։ 

Ավելին, 31-րդ Ընդհանուր ժողովից հետո տարածած հայտարարության մեջ ընդդիմադիր կարգավիճակում գտնվող ՀՅԴ-ն անգամ քննադատական խոսք էր ուղղել իշխանություններին, որ, օրինակ, «գործող իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բխում բնակչության բացարձակ մեծամասնության շահերից», կամ՝ «խորանում է աղքատությունը, նվազում է վստահությունն ապագայի հանդեպ, արտագաղթի վտանգավոր միտում է նկատվում», ինչպես նաեւ՝ «քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումը հանգեցրել է մենաշնորհների, ազատ մրցակցության բացակայության եւ ստվերայնության մեծ ծավալների»: Ինչեւէ, վերջին ժողովից հետո խիստ անորոշ է մնում ՀՅԴ-ի ապագա հինգ տարիների գործունեության տեսլականը, եւ այդ անորոշությունն ավելի թանձրացավ երեկ հրավիրված մամլո ասուլիսում ՀՅԴ բյուրոյի նորընտիր նախագահ Արմեն Ռուստամյանի ու Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի երկդիմի պատասխաններից։

Եթե Արցախում Ընդհանուր ժողովի ժամանակ ունեցած իր սկանդալային ելույթով Հրանտ Մարգարյանը սպառնում էր հաջորդ ընտրություններին «տուն ուղարկել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ՀՅԴ երեկվա բանախոսները չբացառեցին իշխանությունների հետ հնարավոր համագործակցությունը։ Հիշեցնենք, որ հեղափոխությամբ եւ Նիկոլ Փաշինյանով հիացած, նրան անվերապահորեն աջակցություն հայտնած եւ կառավարությանը մաս կազմած կուսակցության առաջնորդ Մարգարյանը դաժան քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություններին։

«Ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ»,- ասել էր նա։ «Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք… բայց կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ո՛չ հարգանք կա, ո՛չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո՛չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն… Ընտրությունների արդյունքում ձեւավորվել է, ըստ էության, մեկ քաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունն ու չորրորդ իշխանությունը` զանգվածային լրատվամիջոցները»: Իսկ վերջում էլ ձեռնոց էր նետել՝ ասելով, որ հաջորդ ընտրություններին «տուն կուղարկեն իշխանություններին»։

Սակայն այս ելույթից մի քանի օր հետո, երբ դեռ շարունակվում էր Ընդհանուր ժողովը, վարչապետ Փաշինյանը հին ընկերներին ուղերձ հղեց՝ համագործակցության առաջարկով։ Երկու օր առաջ էլ նա իր մոտ հյուրընկալեց ՀՅԴ նոր Բյուրոյի անդամներին։ Ընդունո՞ւմ են արդյոք վարչապետի առաջարկը, թե՞ շարժվելու են ընկեր Հրանտի գծած ճանապարհով․ երեկ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հստակ պատասխան չտվեց։

Մեկ հայտարարեց, որ պարոն Մարգարյանն ասել է այն, ինչ կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել էր, եւ իրենք չեն կարող չկիսել Հրանտ Մարգարյանի մոտեցումը, իսկ դասական ընդդիմության նպատակը հենց դա է։ Մեկ էլ հայտարարեց, թե ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել իշխանության եւ առհասարակ բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն կուսակցության տարիներ առաջ հրապարակած հայտնի 7 կետերը։ Հիշեցնենք, որ 7 կետերն էին՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի եւ քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը եւ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։

Իսկ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ ասաց, որ լինելու են կառուցողական ընդդիմություն, «լավին լավ են ասելու, վատին՝ վատ»։ Ասուլիսից հետո զրուցեցինք Տեր-Խաչատուրյանի հետ՝ հասկանալու, թե, ի վերջո, որտեղ է հանգրվանելու ՀՅԴ-ն։

- Հրանտ Մարգարյանը շատ հստակ էր ձեւակերպել իր ասելիքը, որ առաջիկա տարիներին կուսակցության խնդիրն է լինելու՝ տուն ուղարկել իշխանությանը, հիմա դուք ասում եք, որ պատրաստ եք որոշ ոլորտներում համագործակցել։ Այնտեղ, որտեղ ձեզ կլսեն, մյուսներում՝ ոչ։ Հիմա համագործակցությունն ի՞նչ ձեւաչափով է լինելու՝ տուն ուղարկելո՞ւ, թե՞ այլ։

- Ես նշեմ՝ իմ մոտեցումն ինչ է, կարող եմ թվել, թե որ ոլորտներում կարելի է համագործակցել, եթե արդար ձեւով ադիկա իրականացվի։ Ըլլա այդ ինչպես կաշառակերության դեմ թեմայի, մոնոպոլիայի դեմ պայքարի, լայն ժողովրդավարության հաստատման, հոս չենք տեսնում, որ խնդիր պետք է ունենանք համագործակցելու։ Բայց եթե ընտրովի լինի, մի անձ թիրախավորվի, մնացյալը մոռցվի, Հայաստանի մեջ բավական ժխտական դեպքեր ենք ունեցած, բայց դրանք կերթան մինչեւ 91 թվական։ Միայն մեկ, երկու անձի վրա կենտրոնանալը ճիշտ չենք համարում, ոչ թե մտահոգված ենք այդ գործերուն բացահայտմամբ, այլ ընտրովի լինելու հանգամանքով։ Իսկ ուր կըրնա այդ գործակցությունը փախի, անշուշտ, Արցախի հիմնահարցը այդ կարեւոր կետերից մեկն է, որ եթե ըլլան բացասական զարգացումներ, այդ պարագային մենք կարմիր գիծ ենք քաշելու։

- Եթե ավելի հստակ ձեւակերպեք՝ Ընդհանուր ժողովի արդյունքում կուսակցության որդեգրած կուրսը շա՞տ է տարբերվում Հրանտ Մարգարյանի ելույթի տրամաբանությունից, թե՞ դուք էլ եք համակարծիք, պարզապես որոշ հարցերում համագործակցությունը մերժել չեք կարող։

- Ըստ էության, համակարծիք ենք, բայց ճիշտ հասկանալով։ Մենք հաջորդ առիթին, որ կներկայացվենք ընտրություններին, այսինքն՝ հինգ տարի հետո, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Դաշնակցությունը ստանա քաղաքական մեծամասնություն, ես այդպես եմ հասկացած իր «դուն ճամփելու» հայտարարությունը։ Կստացվի դա մեզ, թե ոչ՝ ժողովրդի կամքից է կախված։

- Պարոն Տեր-Խաչատուրյան, Ձեզ համարում են հրանտմարգարյանական թեւի ներկայացուցիչ, հնարավո՞ր է, որ հենց պարոն Մարգարյանի տեսակետներն առաջ մղեք կուսակցությունում, չնայած, որ նա ինչ-ինչ պատճառներով հեռացավ։

- Չկա հրանտյան թեւ եւ հակահրանտյան թեւ, սա քիչ մը մամուլյան առասպել է։ ՀՅԴ-ն միշտ եղել է միացած։ Կա՞ ներքին հարթակում տարակարծություն, անշուշտ, կա, եւ դա ներքին իմաստով  էլ ժողովների ընթացքին փորձել ենք լուծել։ Թե մարդիկ կան, որոնք անձնական նախասիրություն եւ վերաբերմունք ունեն Հրանտին նկատմամբ, իրենց գործն է, ես էդ հարցերով չգիտեմ։ Ես չեմ ուզում անհատական հարաբերությունը գաղափարական հարթություն տեղափոխել։

- Ի՞նչ քայլեր է անելու Դաշնակցությունը, որպեսզի, ինչպես դուք եք ծրագրել, քաղաքական մեծամասնություն դառնա, կարծում եք կհաջողվի՞ վերականգնել այս տարիներին կորցրած վարկանիշը, որի հարցում, ի դեպ, մեղքի ամենամեծ բաժինը վերագրում էին հենց Հրանտ Մարգարյանին, ով նախորդ իշխանությունների հետ  ջերմ հարաբերություններ ուներ։

- Արտախորհրդարանական աշխատանքները պետք է մեծացնենք, այլազան նախաձեռնությամբ հանդես գալ, սփյուռքի ներուժը փորձել բերել Հայաստան եւ ադոնք ամենը տեսանելի դարձնել ժողովրդին, որ, տեսեք՝ Դաշնակցությունը ձեռները ծալած չի նստել, չի նեղացել ընտրությունների արդյունքներից եւ համազգային միակ ուժն է։ Ես կարծում եմ՝ որեւէ կորուստ դժվար չէ վերականգնել, եթե ժողովուրդը կտեսնե քո արածը, ժամանակը ցույց կտա։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի մոտ քանդենք Դաշնակցության մասին կարծրատիպերը։ Չեմ ընդունում Հրանտ Մարգարյանի մասին պատկերը, որը շատերն են ուզում գծել, որ կար միանձնյա ղեկավարում, եւ դա Հրանտն էր իրականացնում․ այդպես չի եղել, անշուշտ, Դաշնակցությունը անձերից չի կախված։

- Իսկ տարօրինակ չէ՞ր ՀՅԴ-իշխանություն փոխհարաբերություններից հետո վարչապետի համագործակցության առաջարկը։

- Ամենեւին, ես էլ լինեի, նույնը կանեի, ամեն մի վարչապետ նույնը կաներ, տեսնում է, որ գալիս է մի պատմական ժողով, որն ամեն անգամ նոր սկիզբ է դնելու, այդ ժողովները կուսակցության մեջ վերանորոգելու առիթ է դառնում։ Նա հայտարարեց, որ պատրաստ է համագործակցելու, մենք էլ ասեցինք, որ մենք էլ ենք պատրաստ, միայն թե ճշտենք՝ որ ոլորտներու մեջ։

- Եվ վարչապետի հետ հանդիպումից հետո ի՞նչ կարող եք արձանագրել, որտե՞ղ է լինելու համագործակցությունը եւ որտե՞ղ՝ ոչ։

- Ինչպես նշեցի՝ համագործակցությունը կարող է լինել միայն մեր ծրագրային հարցերի շուրջ, վարչապետը սկզբունքորեն հարց չի տեսնում, բայցեւ ասում է, որ պիտի ընդունենք, որ որոշ տեղերում չենք կարող համագործակցել։ Արցախի հարցում մենք արմատական մոտեցումներ ունենք, ինքն ասաց՝ եթե թեժացումներ լինեն, չենք կարող այդ հարցում համագործակցել, ասացին նաեւ, որ եթե բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականությունը շարունակվի, մենք լուրջ խնդիր ենք ունենալու, ներսի-դրսի դաշնակցականների հետ խաղը պետք է կանգ առնվի, ազգային գաղափարախոսության հետ խնդիր կա, մեզ համար դա նշանակում է Հայ դատի ամբողջական հասկացողություն։

- Վարչապետն ասաց, որ այս հարցերում չի կարող ձեր մոտեցումները կիսել, համագործակցել։

- Չէ, ասաց, որ մենք գաղափարական տարբերություն ունենք։