ՀՀԿ-ի թաքուն երազանքն ու Շարմազանովի ակնարկները

ՀՀԿ-ի թաքուն երազանքն ու Շարմազանովի ակնարկները
Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ գուժեց․ «Իմ խորին համոզմամբ՝ դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները շատ եք երանի տալու»։ Գուժեց ու մեզ գցեց դիալեկտիկական անորոշության մեջ՝ լա՞վ է, որ երանի ենք տալու Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, ինչից ազգովի, նույնիսկ որոշ հանրապետականներ, երազում էինք ազատվել մի օր, թե՞ վատ է։

Շարմազանովի ասածը թերեւս դժբախտության ու ողբերգության արանքում է՝ դժբախտությունից մի քիչ է ավել, ողբերգության էլ դեռ չի ձգում։ Եվ դա Շարմազանովը երեկ հայտարարեց դառը, բայց երջանիկ ժպիտով՝ փորձելով հանրությանը երջանկության որոշ թրթիռներ պարգեւել։ ՀՀԿ խոսնակի այս հախուռն, նույնիսկ, կարելի է ասել՝ հանդուգն հայտարարությունը, սակայն, բոլորովին էլ ինքնանպատակ չէր։ Սա խոսում է այն թաքուն երազանքի մասին, որին այսօր նրանք ձգտում են որպես արտախորհրդարանական ընդդիմություն, բայց դեռ չեն խոստովանում։ Գերխնդիրը մեկն է՝ թուլացնել Փաշինյանի իշխանությունն ու հասնել նոր իշխանափոխության։ Դրա համար էլ նրա դեմ օգտագործում են նույն զենքերը՝ պոպուլիզմ, մանիպուլյացիա, սոցցանցեր, ԶԼՄ-ներ, որոնց շնորհիվ Փաշինյանը մեկ տարի առաջ եկավ իշխանության։

Երեկ, երբ Շարմազանովին հարցրինք՝ ո՞րն է իրենց սուր քննադատությունների իրական նպատակը, ինչի՞ են ուզում հասնել, նա պատասխանեց․ «Ուղղել, չիրականացնել էն սխալները, որոնցով Հայաստանը գնում է Փաշինյանի կառավարման շրջանում»։

- Այդ նպատակների մեջ մտնո՞ւմ է նաեւ իշխանափոխություն անելը՝ ոչ հեռավոր ապագայում։

- Ես այսպես պատասխանեմ՝ մենք քաղաքական ուժ ենք, որը պայքարն իրականացնելու է բացառապես օրինականության սահմաններում, ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ Հայաստանի օրենսդրությունն ինչ հնարավորություն տան, մեխանիզմներ տան արտախորհրդարանական ընդդիմությանը, մենք պատրաստ ենք հարկ եղած դեպքում դրանք օգտագործել։ Էս պահին՝ մեռնեմ օրենքին, օրենքը ոնց կասի, տենց էլ կանենք։

- Իրենք օրենքո՞վ արեցին։

- Իհարկե, ոչ։ Իրենք արեցին շանտաժով, ես դա ասել եմ։ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության շանտաժի միջոցով, մի տարի հետո դու էլ ինձ հետ համամիտ կլինես։

- Եթե օրենքին նայենք, ապա իշխանափոխության օրինական ճանապարհն ընտրություններն են։

- Ինչի պառլամենտը չի՞ կարող լուծարվել։

- Ինչպե՞ս եք ստիպելու պառլամենտին լուծարվել, կամ ինչի՞ արդյունքում պետք է լինի, ի՞նչ հույս ունեք լուծարման։

- Մենք չենք ասում՝ ստիպելու ենք։ Դուք որ օրինակներն եք բերում, ես էլ ասում եմ՝ չի՞ կարող լուծարվել։ Մեր հույսը լուծարումը չի, մեր հույսը նա է, որ մենք պետք է ուժեղացնենք մեր կուսակցական շարքերը, մենք պետք է ամրացնենք մեր տարածքային կառույցները եւ մենք պետք է ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնենք, որովհետեւ էսօր պառլամենտում չկա ընդդիմություն։

- Ի դեպ, իշխանափոխությունից հետո ձեր կուսակցության շարքերը նոսրացան, շատերը դուրս եկան ՀՀԿ-ից, այդ թվում՝ գործադիր մարմնի անդամներ, օրինակ՝ Սամվել Ֆարմանյանը։  Սա ինչի՞ մասին է խոսում, ինչպե՞ս եք ուժեղացնելու, եթե դեռեւս նոսրանում են ՀՀԿ շարքերը։

- Բոլոր գնացողներին՝ հաջողություն, ով էլ կգա, առողջություն եւ նոր պայքար։

- Ձեր թիմակիցներից շատերն այս օրերին խոսում են այն մասին, որ այս խորհրդարանը մեկուկես, երկու տարվա կյանք է ունենալու, սրանք ինչ-որ կանխատեսումնե՞ր են, թե՞ հստակ ակնարկ է։

- Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, ես չեմ ուզում կանխատեսումներով զբաղվել, բայց ես կարող եմ ասել, որ Փաշինյանն օր-օրի կրկնում է սխալները, եւ նրանից հիասթափությունն ամենաշատն է լինելու, որովհետեւ ինքն ամենաշատն է խոստացել, խոստացել է ամեն ինչ, դրա համար էլ ասում եմ՝ սա պոպուլիստական իշխանություն է։

- Այդուհանդերձ, այն տպավորությունն է, որ ընդիմությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ավելի շատ փորձում է ուռճացնել, չափազանցել, մանիպուլացնել որոշ բաներ, գուցե ամեն ինչ այնքան վատ չէ՞, որքան ներկայացնում եք եւ դուք ընդամենը ձեր ցանկություններն եք բարձրաձայնում։

- Դա Ձեր գնահատականի եւ ընկալման հարցն է, որի իրավունքը Դուք ունեք։ Ես իմ կարծիքն եմ արտահայտում։

- Թեպետ չխոստովանեցիք ուղիղ, բայց հավանական իշխանափոխության հարցում ձեզ աջակիցներ կա՞ն, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը ՀՀԿ-ի հետ համագործակցո՞ւմ է։

- Նախեւառաջ ուզում եմ ազատություն մաղթել երկրորդ նախագահին, իսկ մնացած հարցերի վերաբերյալ, երբ որ ժամանակը գա, կխոսենք։ Ամեն ինչ՝ իր հերթին։

- Հնարավո՞ր է մի օր բոլորդ միավորվեք մեկ նպատակի շուրջ եւ արդյոք բոլորդ նույն նպատակի՞ն եք այսօր ձգտում։

- Ես կարող եմ խոսել մեր նպատակի մասին, մեր նպատակն ուժեղ, ազգային, քրիստոնեական, անվտանգ Հայաստանն է եւ անկախ Արցախն է։

- Սերժ Սարգսյանը ե՞րբ կակտիվանա եւ ի՞նչ ուղերձ ունի հղելու։

- Ժամանակը գա, կխոսի Սերժ Սարգսյանը։ Նա մեր կուսակցության նախագահն է, եւ ինքն ամեն ինչից տեղյակ է։