«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա․ իրանահայ պատգամավոր

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա․ իրանահայ պատգամավոր

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ խորհրդարանում լինելու է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ։

Հունիսի 18-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Իբրահիմ Ռայիսին։

Երեկ Հայաստանում էր Իրանի՝ գիտության ու տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, դոկտոր Սորենա Սաթթարիի տեղակալ, դոկտոր Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում են եղել նաև Իրանի խորհրդակցական վեհաժողովում (խորհրդարան) հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, հյուիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Իրանի բարձր տեխնոլոգիաների, կապերի փոխնախարար դոկտոր Ամիր Նազեմին և այլք։ Իրանի ժամանած պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել հայաստանցի պաշտոնյաների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ։ 

«Մեր ժամանումը պայմանավորված է գիտելիքահենք ընկերությունների ինչ-որ ներկայությամբ՝ B2B հանդիպումների հիմա վրա։ Եվ Իրանի նախագահությանը կից տեխնոլոգիաների հարցերով տեղակալի հրավերով մենք [Բեգլարյան և Շահվերդյան] էլ ենք ներկա, որ ծանոթանանք իրադարձություններին, իրազեկ լինենք իրադարձություններին», - «Հրապարակի» հետ զրույցում երեկ ասել էր Ռոբերտ Բեգլարյանը։

- Պարո՛ն Բեգլայան, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարան անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խորհրդարանական այսպիսի համամասնությունն ի՞նչ կփոխի հայ-իրանական հարաբերություններում։

- Իրանական կողմն, ինչպես գիտեք, արդեն շնորհավորել է ընտրությունների արդյունքը։ Եվ իրանական կողմը, հավանաբար, այն ընկալումն ունի, որ Հայաստանում խորհրդարանը կկազմվի, կառավարությունը կկազմվի, և աշխանքները կսկսեն։ Երկուստեք հարաբերությունները, բանակցություններ կամ տարբեր առիթներով շփումներն ընթանում են, նաև այդ ակնկալիքը կա։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Իրանը ներկա հանգրվանում, հարգելով Հայաաստանում քաղաքական ներքին իրադարձությունները, կփորձի պետական մակարդակի հարաբերությունների ուղղությամբ, եթե նախկինում բացթողումներ է ունեցել կամ կարիք ունեն նոր վերաորակավորման, կազմակերպել և առաջ ընթանալ։

- Նախորդ խորհրդարանում չկային Հանրապետական կուսակցությունը [«Պատիվ ունեմ» դաշինքի կազմում է] և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած որևէ ուժ։ Դուք 2004 թվականից իրանական խորհրդարանի անդամ եք, ըստ Ձեզ՝ երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերի ներկայությունն Ազգային ժողովում ի՞նչ նոր բան կտա հայ-իրանական հարաբերություններին։

- Քանի որ Իրանում այդ փորձը և ծանուցումը կա Հայաստանում, ինչպես մատնանշում եք, նախկին նախագահների կողմից գլխավորած պետական ապարատի և քաղաքական գործիչների և դաշինքների հետ, դա, ինձ թվում է, կարող է խորհրդարանական հարաբերությունները բերել, ավելի հեզասահ դարձնել։ Անշուշտ, Հայաստանի ներսում կատարվողը կամ խորհրդարանում ներքաղաքական քաշքշուկները, բնականաբար Իրանը դրանց կհետևի, բայց, ինչպես մատնանշեցի, հիմնականը պետական մակարդակի երկու երկրների համատեղ շահերի ծրագարավորումը և իրագործումը կլինի։ Ամենամատչելին այն է, ինչպես երկար ժամանակ խոսվել է ճանապարհաշինության, նոր ճանապարհների կառուցման, որակի բարձրացման մասին, որոնց հարցով դժբախտաբար 30 տարվա ընթացքում համապատասխան քայլեր չեն վերցվել տարբեր պատճառներով։ Ներկա կառավարության հետ բանակացություններն ավելի արագ են ընթանում, ավելի հեռանկար կա։ Իրանն էլ ավելի շահագրգռված է այդ ուղղությամբ, Հայաստանն էլ՝ ելնելով [44-օրյա] պատերազմի արդյունքից և այլն։ Հետևաբար պետք է ասեմ, որ թևակոխում ենք նոր պայմաններ, ես դրանք դրական եմ գնահատում։ Չեմ կարծում՝ նոր քաղաքական ուժերի առկայությունը խորհրդարանում կխանգարի երկուստեք պետությունների հարաբերությանը։ Եվ անշուշտ, ինձ թվում է, որ քաղաքական բոլոր ուժերը երկու երկների շահերը պետք է գերադասեն և վերադասեն ներքին քաղաքական շահերից։ Իրանը, ինձ թվում է, սկզբունքորեն կընթանա երկու երկրների միջև համատեղ գործարքների իրագործելով․ Իրանին չի հետաքրքրում, թե որ կուսակցությունն ինչ բաժին ունի խորհրդարանի ներսում, հիմնականն իր ծրագրերի իրագործումն է և նոր ծրագրերի մշակումը։

- Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է Հարավային Կովկասում ինչ-որ չափով ազդեցություն առաջ բերել, Հայաստանում իշխանությունների հետ, կարծես թե, սերտ կապերի մեջ է, օգնություններ է տրամադրում։ Իրանն ինչպե՞ս է վերաբերում թե՛ Հայաստանում, թե՛ Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։

- Բնականաբար ներկա ժամանակահատվածում ելնելով քաղաքական իրականություններից, որ բոլորս գիտենք, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանը երկուստեք աշխատանքներին ու քայլերին տարածաշրջանում ուշի-ուշով հետևում են՝ ի մասնավորի Հայաստանում, ի մասնավորի Հայաստանի հարավում [Սյունիքում], որը սահմանակից է Իրանին։ Ի վերջո, մնում է այն, թե ինչպես են Իրանը և Հայաստանը դիվանագիտորեն, քաղաքական ու տնտեսական առումով երկուստեք ընկալման գալիս, որ երրորդ երկրի ներկայությունը, գոյությունը չվնասեն երկրների երկարաժամկետ շահերին։ Որովհետև, ի վերջո, կարևոր հարևաններ են, ունեն ընդհանրական հարցեր, ունեն ընդհանրական սպառնալիքներ։ Եվ այդ հարաբերությունները չպետք է պայմանավորել ԱՄՆ-ի կամ ուրիշ երրորդ երկրի հետ հարաբերություններով, եթե Իրան-Հայաստան հարաբերություներն ունենան իրենց հատուկ թղթապանակը, ծրագիրը, և հետևողականորեն աշխատանք տարվի։ Անցած 30 տարիների ընթացքում բոլոր դրական քայլերը, որ կատարվել են, բացթողմներ էլ շատ են եղել թե՛ ենթակառուցվածքային բնագավառում, թե՛ տնտեսական։ Եվ դրանք պետք է փորձենք արագորեն վերանայել և դժվարությունները հարթել։ Քաղաքական հարաբերությունները միշտ «բարձր մակարդակում» են որակվել, բայց դրանց դրսևորումը և բյուրեղացումն ուրիշ բնագավառներում, ինձ թվում է, չափազանց դանդաղ է եղել։ Պետք է դրանք բոլորը հարթվեն։ 

- Կոնկրետ ո՞ր ոլորտները նկատի ունեք։

- Իմաստավորել նկատի ունեմ թե՛ տնտեսական երկուստեք երկրների գործարարների շփումների զարգացումը տարբեր առևտրական և տնտեսական, արդյունաբերական բնագավառներում, և հատկապես, ինչպես մատնանշեցի, ճանապարհաշինությունը, որն ունի ռազմավարական կարևոր դեր։ Նաև ուրիշ հարաբերություններում՝ հարկային, մաքսային, բոլոր բնագավառներում, որ կարող է երկու երկրների բիզնեսներին օգտակար լինել։

- Պարո՛ն Բեգլարյան, իսկ Իրանի նոր նախագահի ընտրությամբ ի՞նչ փոփոխություն ակնկալել Իրանի քաղաքականության մեջ։ Ձեր՝ Հայաստան ժամանելը պայմանավորվա՞ծ է Իրանի նոր նախագահի ընտրությամբ։

- Մեր ժամանումը՝ ոչ։ Մեր ժամանումը պայմանավորված է գիտելիքահենք ընկերությունների ինչ-որ ներկայությամբ՝ B2B հանդիպումների հիմա վրա։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Ռայիսիի՝ նախագահության անցնելուն, ինձ թվում է՝ Իրանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ փոփոխությունների չի ենթարկվելու։ Անշուշտ, այն փոփոխությունները կամ նոր որակը, որ ստացել է պատերազմից հետո, Իրանը գիտի՝ ինչպես վերադասավորել իր հարաբերությունները։ Իրանն ավելի զգայուն և զգոն է Հայաստանի վերաբերյալ իրադարձություններին Հարավային Կովկասում։ Ես կարծում եմ, որ դեպի բարելավումը կգնա, քանի որ արդեն նոր կառավարությունը նոր թափով կփորձի իր դիրքերն ամրագրել հարևանների հետ շփումներում։ Ակնկալվում կամ նշույլներ երևում են ԱՄՆ-Իրան հարաբերություներում։ Կամ [Իրանի միջուկային ծրագրի շուրջ] բանակցությունները, որ ընթանում են Վիեննայում, ինչ-որ դժվարությունների են հանդիպում կամ կարիք ունեն նոր թափ ստանալու կամ պարզաբանումների կամ թյուրիմացությունների վերացման։ Դա կունենա իր յուրահատուկ պրոցեսը, կարող է ինչ-որ տեղեր բարդություններ առաջացնել։ Բայց ես լավատես եմ, որ Իրան-Հայաստան հարաբերությունները շատ չեն ազդվել դրանից։ Հատկապես, որ այստեղ կա Իրան-Ռուսաստան հարաբերությունների գործոնը, որը գուցե ներկա հանգրվանում օգտագործել լինի ի շահ Իրան-Հայաստան հարաբերությունների։

- Պարո՛ն Բեգլարյան, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են խոսել «Զանգեզուրյան միջանցքի» մասին, միջանցք բացելու մասին։ Իրանը միջանցքի հարցին կամ երթուղու բացմանն ինչպե՞ս է վերաբերվում։ Հայտնի է, որ նախկինում գործած երկաթուղու մի հատվածը Խուդաֆերինի ջրամբարի տակ է մնացել։

- Իրանյը բազմիցս շեշտել է, որ կողմ է ճանապարհների կամ հաղորդակցության միջոցների վերաբացմանը։ Բոլորս էլ գիտենք, որ հստակ ստացած համաձայնագրի [Նոյեմբերյան եռակողմ հայտարարության] մեջ որևիցե անուն չկա՝ «Զանգեզուրի միջանցք» և այլն, ճանապարհների ապաշրջափակման մասին խոսք կա [հայտարարության 9-րդ կետում]։ Դժբախտաբար իրանյան որոշ ԶԼՄ-ների կողմից, որոշների կողմից դիտավորյալ, շրջանառության մեջ է դրվում այդ «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Բայց ինձ թվում է՝ Իրանի պետական այրերը լավ գիտակցում են, թե ինչ է նշված հիմնականում․ իրանք էլ այդ ուղղությամբ թե՛ երկուստեք, թե՛ տարածաշրջանային ապաշրջափակմանը կողմ են։ Երկաթուղագծի հարցով, որքանով ես տեղյակ եմ, մեկ ամիս առաջ Իրանի ճանապարհաշինության և ընդհանուր շինարարության նախարար պարոն Էսլամին Հայաստանում էր գտնվում։ Գիտեմ, որ երկաթագծի խնդիրը, այնպես է, որ Հայաստանի սահմանով նախկին երկաթգիծը վերականգնվի և Նախիջևանով անցնի [Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին]։ Հայաստանի մասով, ինչպես մատնանշեցի, ճանապարհաշինությունն է առաջնային դարձել, և այդ ուղղությամբ էլ, տեղյակ եմ, որ աշխատանքները թափով սկսել են։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան սահմանին, բազմիցս Իրանը մատնանշել է, որ ուշի-ուշով հետևում է իրադարձություններին, չի ցանկանում, որ խաթարվի իր սահմանը, որակում է իբրև «կարմիր գիծ»։ Ինձ թվում է, որ Իրանը լավ է գիտակցում և հավատարիմ կմնա այդ սկզբունքին։ Եվ կտեսնենք՝ երկուստեք հարաբերությունները որտեղ կտանին։