Նախկինները․․․
Նախկիններին քննադատողները երկու հիմնական խմբի են բաժանվում: Առաջին խումբն այն գործարարներն են, ովքեր նախորդ իշխանության օրոք չունենալով հովանավորչական լծակներ՝ մրցակցության մեջ տուժել են: Եթե սրանք նախկիններին մեղադրում են երկիրը թալանելու մեջ, ապա ինչ-որ առումով իրավացի են: Թեեւ սրանցից շատերը թալանչիներին դեմ են ոչ թե այն պատճառով, որ թալանին են դեմ եղել, այլ այն, որ այդ ավարից իրենց բաժին չի հասել: Այլ կերպ ասած՝ ուզում էին, որ իրենք եւս թալանեին, սակայն չեն «բաշարել»: Սրանց թիվը, բարեբախտաբար, շատ մեծ չէ: Սրանցից շատերը, այնուամենայնիվ, շարունակում են իրենց բիզնեսը:
Նախկինների դեմ խոսողների գերակշիռ մասն անբան ու անճարակ մարդիկ են: Սրանք իրենց բոլոր ձախորդությունների մեղքը բարդում են մյուսների վրա, բայց ո՛չ իրենց: Կարծում են, որ իշխանությունների փոփոխմամբ, ունեւորների ունեցվածքը պիտի բերեն եւ իրենց մեջ բաժանեն, եւ դա իրենց իրավունքն են համարում: Սրանց մոտ արդարության ընկալումներն այդպիսին են: Երթեւեկության կանոնները խախտողները մեղադրում են ոչ թե իրենց, այլ տեսախցիկներ տեղադրող իշխանությանը: Փողոցային առեւտուր անողները` նույնպես:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հարստության կեսը կուտակված է այդ երկրի մեծահարուստների ձեռքում, որոնք կազմում են երկրի բնակչության 1 տոկոսը միայն: Հարստության մյուս կեսը բաշխված է երկրի 99 տոկոսը կազմող բնակչության վրա: Սակայն շարքային ամերիկացին այդ խնդրին մոտենում է այսպես՝ «նրանք հաջողակ մարդիկ են», եւ վերջ: Իսկ մեր նման թերաճ երկրների ցանկացած անբան ու անճարակ մարդ իր ձախողությունը բացատրում է հաջողակների գործունեությամբ:
Իմ կարծիքով՝ նախկինները, իրենց իշխանության օրոք, երբեք այնքան վնաս չեն պատճառել երկրին, որքան մենք ենք հիմա անում՝ նրանց վերստին իշխանության գալու վախից: Եթե, տերը մի արասցե, այնպես պատահի, որ վաղը, մյուս օրը Սյունիքն էլ թուրքին հանձնվի, ապա դարձյալ պիտի նախկինների վերադարձի վախից ընտրենք այնպիսի մեկին, որ այս անգամ Լոռին էլ հանձնի թուրքերին, միայն թե նրանք չգան: Այսպես ո՞ւր պիտի հասնենք: Մի՞թե մենք` Հայաստանի օրինապահ քաղաքացիներս, չկանք կամ չենք եղել երբեք: Մի՞թե միայն այս կամ այն իշխանավոր անհատից է կախված մեր ամեն ինչը: Այսինքն՝ մենք, նախկին ու ներկա իշխանավորներ համեմատելով, մեր դերը, որպես ապրող ու շնչող, գիտակից եւ դերակատար քաղաքացիներ, իսպառ մոռանո՞ւմ ենք:
Մի՞թե երկրում ժողովրդավարություն եւ արդարություն հաստատելու համար կարծում ենք, որ միայն ու միայն այդպիսի հակումների տեր մարդուն պիտի կարգենք իշխանության: Մի՞թե կարծում ենք, որ Ֆրանսիան աշխարհում ազատության եւ ժողովրդավարության ռահվիրա է այն պատճառով, որ ֆրանսիացիներին հաջողվել է ընտրել այնպիսի ղեկավար, որն այդ արժեքների կրողն է: Հապա ո՞ւր մնաց ֆրանսիացին՝ իր քաղաքացիական բարձր գիտակցությամբ եւ իր աչալուրջ հետեւողականությամբ: Էմանուել Մակրոնին տարեք ու կարգեք Աֆղանստանի ղեկավար: Հետո՞: Աֆղանստանը մեկ օրից կդառնա եվրոպական երկի՞ր: Կամ հակառակը՝ Ստալինին տանեին ու Ֆրանսիայի ղեկավար դարձնեին: Ֆրանսիան կդառնար սովետմիությո՞ւն: Մինչեւ այսօր էլ կան մարդիկ, որոնք համոզված են, որ Լենինին գերմանացիները դրեցին ռուսական գահին: Թող գերմանացիները հարյուրավոր լենիններ ուղարկեին Ֆրանսիա, տեսնենք նույնը կլինե՞ր, ինչ որ եղավ Ռուսաստանում:
Եկեք անկեղծորեն քննարկենք նախկինների օրոք երկրում ստեղծված՝ հենց թեկուզ միայն ժողովրդավարության ու խոսքի ազատության մթնոլորտը: Ոչ ոք չի կարող համոզիչ տարբերություն մատնանշել այսօրվա եւ երեկվա ժողովրդավարության նշաձողերի միջեւ: Չմոռանանք այն ճշմարտությունը, որ նախկինների օրոք ստեղծված խոսքի ու ժողովրդավարական պայմանների շնորհիվ էր, որ իշխանության հասան ներկաները: Որովհետեւ ժողովուրդներն այդ արժեքներին տիրանում են սեփական համոզմամբ ու պայքարով եւ ոչ թե սրա-նրա հրամանով կամ մատուցմամբ: Ցավոք սրտի, պատմության մեջ ժողովրդական այդ համընդհանուր պայքարի հաջողության դեպքում անմիջապես իշխանության են գալիս այնպիսիները, որոնք առաջին հերթին շտապում են այդ ալիքի գագաթին ցատկել եւ ամեն ինչ իրենցով անել:
Ռուսական սոցիալիստ մտավորականության եւ էլիտայի մտքի ծայրով էլ չէր անցնում, որ իրենց պայքարի հաղթանակից հետո Լենինի նման մեկը պիտի նստեր գահին, ու հիմք դրվեր անասելի մի բռնապետության: Սակայն ժողովուրդը 70 տարիների զրկանքները հանդուրժեց, որովհետեւ, եթե այդ իշխանությունը մարդկանց զրկում էր բարօր կյանքի հաճույքներից եւ մարդկային ազատություններից, ապա գոնե մեծապես բավարարում էր ռուսական մեծապետական շահերին ու երկրի հզորությանը: Ռուս ազգայնական մասսաները բավարարվում էին նրանով, որ իրենց երկիրը ձեռնոց էր նետում աշխարհի մեծագույն կայսրություններին կամ գերհզոր պետություններին: Նրանք դառնորեն գերադասեցին այս վերջինը՝ ընդդեմ ազատության եւ ժողովրդավարության: Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, կամ որեւէ այլ ժամանակ, սովետմիությունն իր թեկուզեւ հսկայածավալ երկրից ինչ-որ մի տարածք կորցներ, ապա հաստատ իմացեք, որ սովետական իշխանությունը՝ իր Ստալինով հանդերձ, անմիջապես կկործանվեր:
Թեւավոր խոսք է, որ ասվում է, թե ժողովրդավարությունը երկրի համար չարյաց փոքրագույնն է: Ճշմարտություն կա այս խոսքի մեջ: Մեր անմիջական հարեւանությամբ ապրում են ժողովուրդներ, որոնք մեզնից ոչ պակաս հակված են իրենց երկրում ժողովրդավարական արժեքներ կիրառել: Սակայն նրանք՝ պահի տակ, խելամտորեն ծանրութեթեւ են անում իրադարձություններն ու առաջնահերթորեն ընտրում այն, ինչը երկրի անվտանգությանն ու հայրենիքի ամբողջականությանն է ուղղված՝ ժողովրդավարությունը պահելով իրենց պայքարի հաջորդ փուլի համար: Եթե այնպես պատահի, որ ժողովուրդն անգիտանալով երկրի անվտանգության հարցերում, գլուխը կորցրած, պարզամտորեն մտածի միայն իր բարօր կյանքի մասին, ապա շատ կարճ ժամանակ անց կորցնելու է ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը:
Մենք դեռ առաջին քայլերն ենք անում ժողովրդավարության, խոսքի ու գործի ազատության համար: Չունենալով բավարար պատմություն ու փորձ, եթե անզգույշ շարժվենք, ապա, ցավոք սրտի, այնպիսի արդյունքների կարող ենք հասնել, որ այդ չարյաց փոքրագույնը մեզ համար դառնա մեծագույն չարիք՝ կորցնենք երկիրն էլ, մեզ էլ…
Վահան Դարբինյան
Կարծիքներ