«Հայրենիք» հասկացությունը՝ դատարկ հնչյունախումբ

«Հայրենիք» հասկացությունը՝ դատարկ հնչյունախումբ

Հերթական հոկտեմբերի 27-ին Արցախը դեռեւս հայկական է, չնայած հայտնի չէ, թե որքան կմնա այդպիսին: Եթե, իհարկե, Փաշինյան Նիկոլը մնա վարչապետի պաշտոնում եւ Ալիեւ Իլհամի հետ ստորագրի կապիտուլյացիոն խաղաղության պայմանագիրը: Ինչեւէ, Արցախը դեռեւս հայերեն է խոսում, բայց շուրջ երկու տարի է, ինչ ինքն արդեն իր գլխի տերը չէ: Արցախցիներն էլ արդեն այն հպարտ ժողովուրդը չեն, որպիսին էին Վազգեն Սարգսյանի եւ մնացած հերոսների ու պետական գործիչների ժամանակներում: Հիմնական մեղավորը, բնականաբար, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակողն էր եւ Արցախի առումով պարտվողական քաղաքականության նախաձեռնողը: Որի մասին նրա հոգեզավակն ասում էր, որ «պապին ինչ անում՝ ճիշտ է ստացվում»: Եվ ինքն էլ իշխանության եկավ, որպեսզի թշնամուն Արցախ հանձնելու գաղափարը (վկա՝ 1992 թվականի սեպտեմբեր ամսին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցը) կյանքի կոչվեր, եւ դա եւս ճիշտ համարվեր: Չնայած 2008-ի մարտի 1-ի պարտությունից հետո մի քանի տարի անց իր թերթում կռիվ էր տալիս երբեմնի «անսխալական պապիի» դեմ, սակայն Արցախի հարցում որդեգրել էր վերջինիս, հանուն «սերգոջանների» լավ ապրելու, պատվողականությունը: Եվ այն, ի դժբախտություն Հայաստանի, հաջողությամբ հասցնում է ավարտին: 

Արցախի հարցը համարելով լուծված՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է 29 800 քառ․/կմ տարածքի սահմանը սահմանապահներով պահպանելու անհրաժեշտության մասին: Եվ մեկ-երկու տասնյակ հազար զինվորականով պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին: Կարծես թե մենք ապրում ենք ոչ թե Արարատի փեշերին, այլ՝ Կենտրոնական Եվրոպայում: Եվ կիսաշրջապատված ենք ոչ թե թշնամի թուրքական պետություններով, այլ՝ քաղաքակիրթ չեխերով, շվեյցարացիներով ու ավստրիացիներով: Սահմանապահների առումով գաղափարը, նախ, տեսանելի ապագայում ոչ իրականանալի մտահղացում է, քանի որ հենց Փաշինյան Նիկոլի օրոք ու նրա շնորհիվ տեղի ունեցան սահմանային աղետալի փոփոխություններ, որոնց ամրագրումը (եթե նույնիսկ ինքը մնա վարչապետի պաշտոնին) տարիների խնդիր է:  

Տարիների խնդիր է, քանի որ սեպտեմբերի 13-ի թշնամական ագրեսիան ցույց տվեց, որ Ադրբեջանը նախկին խորհրդային վարչական սահմաններով չի բավարարվելու: Իսկ դա այն է, ինչի հույսն ուներ Նիկոլը, չնայած արդեն «ճաշակել» էր հետպատերազմյան ադրբեջանական «խաղաղության համը»՝ 2021 թ. մայիսի 13-ի Սյունիքի Սեւ լճի ագրեսիան: Երկրորդ․ չեմ կարծում, թե Վայոց Ձորի մեկ եւ Տավուշի յոթ գյուղերը թշնամուն հանձնելու հարցը դուրս է եկել ադրբեջանական օրակարգից: Դրա մասին արդեն որերորդ անգամ են պաշտոնապես հայտարարում Բաքվում. եթե չեմ սխալվում՝ վերջին անգամ դա կատարվել է այս տարվա մայիսին՝ այդ երկրի ԱԳ փոխնախարարներից մեկի կողմից: Իսկ Փաշինյան Նիկոլը, ինչպես գիտենք, 44-օրյա պատերազմում իր պատասխանատվությամբ եւ իր մեղքով խայտառակ պարտությունից հետո սովորություն է դարձրել երրորդ երկրի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում առաջնորդվել ոչ թե հայաստանյան, այլ ադրբեջանական օրակարգով: Այդ թվում՝ իր երազած խաղաղության պայմանագիրը կնքելու հարցում: 

Այն, որ Նիկոլի երբեմնի «կիրթ եւ կառուցողական գործընկերը» չի բավարարվելու նախկին խորհրդային վարչական սահմաններով, վկայում է հենց պաշտոնական հաղորդագրությունը: Վատիկանում գտնվող ԱԳ նախարար Միրզոյան Արարատը Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ հանդիպմանը բողոքել է, որ «տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն ու ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են»:

Այսինքն՝ փաշինյանական խաղաղության անսասան ձգտումը դեմ է առնում իլհամական առավելապաշտական ձգտումներին: Բայց դա, ի դժբախտություն Հայաստանի, չի նշանակում, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կասեցնելու է պարտվողական խաղաղության գործընթացը՝ ողջ ուժերը կենտրոնացնելով Հայաստանի զինված ուժերի նյութական եւ հոգեբանական վերականգնման վրա: Դա ընդամենը նշանակում է, որ ծեծ կերած շան ձագի նման քսմսվելու է տիրոջ ոտքերին՝ փոխանակ կծելու իրեն հարվածող ձեռքը:

Դրա վկայությունն էր երեքշաբթի օրը ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորների՝ Հայաստանի ծանրագույն վիճակը հաղթահարելուն ուղղված հայտարարությունների վերաբերյալ ՔՊԿ-ական անհայրենասեր եւ տարրական երախտագիտության զգացումից զուրկ անձանցից մեկի անդրադարձը՝ «… նույնաբովանդակ, դատարկ, կեղծ ու քաղաքականապես սնանկ տեքստեր»։ Փաստորեն, ինչպես երբեմնի «անսխալական պապիի» համար էր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա, այնպես էլ նրա երբեմնի հոգեզավակի թիմի անդամների համար է «կեղծ ու քաղաքականապես սնանկ» հայրենիքի ողբերգական ճակատագրի նկատմամբ մտահոգության արտահայտությունը: Ինչը նշանակում է, որ այդ թայֆայի անդամների համար դատարկ հնչյունախումբ է հենց «հայրենիք» հասկացությունը: Դա այն է, ինչ պետք է իմանա շարքային հայաստանցին իր կողմից իշխանության բերված անձանց վերաբերյալ: Եվ որքան հնարավոր է արագ՝ պետք է հայրենիքն ազատագրի անհայրենիք այդ արարածներից: