Տղան եւ փուչիկը

Տղան եւ փուչիկը

Ո՞ր երկրում ապաստան կգտնի Նիկոլ Փաշինյանը: Կարծիքներն այս հարցում բաժանվում են: Նշվում են Թուրքիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ընդհուպ՝ Ադրբեջանը: Իսկ ես ձեզ կասեմ՝ Նիկոլ Փաշինյանն իշխանաթափությունից հետո հանգրվանելու է Ռուսաստանի Դաշնությունում: Եթե մի քիչ էլ երեւակայությանս զոռ տամ, կարող եմ նույնիսկ քաղաքը նշել՝ Նիժնի Նովգորոդ: Ռուսաստան կատարած իր առաջին եւ առայժմ վերջին պետական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջն ինչո՞ւ հենց Նիժնի Նովգորոդ տարան: Փաշինյանների այցի այդ հատվածից մեզ ցուցադրեցին միայն աղուհացով դիմավորման կադրերը, իսկ թե պետական այցի առնչությամբ ինչ հանդիպումներ եղան եւ ինչ պտույտներ, մենք ոչինչ չգիտենք: Ուստի եւ չենք կարող բացառել, որ Փաշինյաններին ձեռքի հետ ցույց են տվել տեղի բնությունն ու այն առանձնատունը, որտեղ նրանք կարող են ապրել մինչեւ խոր ծերություն:

Հնարավո՞ր է, որ ես սխալվեմ: Հնարավոր է: Սակայն դեպքերի ընթացքն առայժմ ցույց է տալիս, որ գործը հենց դրան է գնում՝ Ռուսաստանում ապաստանելուն: Գիտեմ, հայաստանյան արեւմտալեզ հանրույթը դրանից կարող է կատաղել, իրեն պատերով տալ, բայց կան բաներ այս աշխարհում, որ տեղի են ունենում նույնիսկ արեւմտալեզների կամքից ու ցանկություններից անկախ: Օրինակի համար վերցնենք ամենաթարմ դեպքը՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը ՀՀ-ում հայտարարվեց անցանկալի անձ: Յաաաա, կասեք, բա դրանից էլ լավ դեմա՞րշ Ռուսաստանի դեմ, մալադեց, Նիկոլ, հուպ տուր, Պուտինին կուլ տուր… Գյումրեցի բարեկամս կասեր՝ մե րոբեմ հանգստացեք, օղուլ, ձեզի քաղաքագետ ըսողին ինչ ըսեմ… Այդ մասին առաջինը գրեց Նիկոլի թերթը, չէ՞, հիմնավորումն էլ տվեց Նիկոլի թերթը, չէ՞: Ուրեմն վստահ եղեք, որ մի բան այնպես չէ, կամ հերթական շոուն են մեզ մատուցում՝ այս անգամ միջազգային մակարդակի: 

Խզմալյան Տիկոն «Հրապարակի» հետ զրույցում գլուխ է գովել, թե Զատուլինին բլոկելու միտքն ինքն է հուշել Փաշինյանին: Ավելին, խոսել էր նաեւ Մարգարիտա Սիմոնյանին ցմահ բանտարկելու մասին, իսկ դրանից անմիջապես հետո Մարգարիտա Սիմոնյանը չգիտեմ որ սոցցանցում գրեց, որ Զատուլինի ճակատագրին է արժանացել նաեւ ինքը, այսինքն՝ անցանկալի անձ է հայտարարվել Հայաստանում: Կարելի է մտածել, թե այս ի՞նչ մեծ գործեր են կատարվում Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցում են Խզմալյան Տիկոն եւ մնացած արեւմտալեզները: Բայց այդկերպ մտածելով՝ մենք սխալ տեղ կերթանք եւ կհայտնվենք Նիկոլի թերթի քարոզչական ցանցում:

Ես չեմ կարող ասել, թե ով է կատարել Զատուլինի հետ կապված այս պատմության հաշվարկը, բայց միանշանակ է, որ առնվազն ներքին լսարանի պարագայում ժամանակային առումով լուրջ սխալ է թույլ տրվել: Սոչիում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլը, ինչ է, գելի սի՞րտ էր կերել, որ նման բան աներ ու մի հատ էլ առաջինն իր թերթով տարածեր: Հայաստանյան լսարանը, ինչքան էլ Խզմալյան Տիկոն իրեն ճղի, չէր կարող մարսել այս «նեվերայատնի» նորությունը: Եղան, իհարկե, հայտարարություններ, որ Նիկոլը վերջնականապես երես է դարձնում Ռուսաստանից, գնում է դեպի Արեւմուտք, Թուրքիա եւ այլն: Բայց դա հենց այն է, ինչ ուզում են ցուցադրել այս շոուի բեմադրիչները: Առաջարկում եմ մի հայացք նետել Արեւմուտքի, Էրդողանի, Ալիեւի կողմը: Ի՞նչ է հուշում նրանց լռությունը, ինչո՞ւ չեն ողջունում դեմքով դեպի իրենց դարձող Նիկոլի այս խրոխտ հակառուսական դեմարշը: Քաղաքագիտության գծով ՔՊ-ի առաջնորդ Հովիկ Աղազարյանն անգամ կատակով է արտահայտվում դրա մասին, ասում է՝ դե լավ է, Հայաստանի ու Ադրբեջանի կարծիքները վերջապես համընկնում են…

Ռուսներն էլ, կարծես, թուրութվանքով չընդունեցին Պետդումայի կարեւոր պաշտոնյայի հետ կապված այս «տհաճ» նորությունը: Միայն վերլուծական շրջանակներն արձագանքեցին: Եվ, ուրեմն, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է հատկապես Ռուսաստանն այսքան զուսպ: Լսեցի՞ք որոտաձայն գմփոցը, որով պայթեց Նիկոլի ու նրա թերթի փուչիկը: Ռուսնե՞րն են փչել այն: Այո: Ո՞ւմ միջոցով: ՀՀ իշխանությունների: Ինչո՞ւ: Փորձենք հասկանալ:

Ընտանեկան թերթը, հղում կատարելով «հավաստի աղբյուրին», Ռուսաստանին հայտարարեց 44-օրյա պատերազմի հրձիգ: Միայն Մակրոնը կուտը կերավ: Դրանից շատ չանցած՝ Նիկոլը հայտարարեց, որ ահասարսուռ անուններով հրթիռների վրայից պլատաները հանված են եղել, առանց մանրամասնելու՝ դրանք առանց պլատաների՞ են բերվել, թե՞ այստեղ են հանվել:

Չմոռանանք, որ այդ ընթացքում Ղրիմի կամրջի վրա էլ «հասցրել էր» Հայաստանում մաքսազերծված բեռնատար պայթել: Փուչիկն արդեն նկատելի փչված էր, երբ իմացանք Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու լուրը: Հարց է առաջանում՝ իսկ ռուսների ինչի՞ն է պետք այս ամենը, ինչո՞ւ հենց Զատուլինը՝ նշանավոր հայամետ գործիչը, Պետդումայի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի հեղինակը: Եվ այստեղ արդեն աչքիդ առջեւ են գալիս Էրդողանի ու Ալիեւի հուսահատ դեմքերը, որոնք ԻԻՀ արտգործնախարարի՝ Հայաստանում արած հայտարարություններից հետո Պուտինին խնդրում են գործադրել իր ազդեցությունը Փաշինյանի վրա, որ վերջինս ստորագրի խաղաղության պայմանագիրը: Պուտինը չի կարող մերժել Էրդողանին եւ Ալիեւին: Ուկրաինայում ոչ մի կերպ չավարտվող պատերազմը նրան թույլ չի տալիս հակառակ գնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որի հետ որոշակի հարաբերություններ է պահպանում: Բայց, մյուս կողմից էլ, չի կարող հրաժարվել ռուս ցարերից ժառանգություն ստացած ազդեցության գոտիներից: Եվ ահա՝ Սոչիում կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ բեմադրվում է «Զատուլին» օպերացիան՝ որպես մեսիջ Արեւմուտքին, Էրդողանին ու Ալիեւին՝ դուք ի՞նչ եք ուզում ինձնից, ես ինչպե՞ս ազդեմ Նիկոլի վրա, եթե նա մեր պատգամավորներին է արդեն «պերսոնա նոն գրատա» հայտարարում, ինձ մեղադրում 44-օրյա պատերազմ հրահրելու մեջ: Եթե ավելի հակիրճ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին պարզ ասվում է՝ ինքներդ բանակցեք Նիկոլի հետ: Դե իսկ Նիկոլին էլ առանձին ասվում է այն, ինչ ասվում է: Զորօրինակ՝ Նիկոլ ջան, դուխով, չվախենաս, սա էլ քո անվտանգության երաշխիքը՝ Նիժնի Նովգորոդ տեղ, օդը՝ մաքուր, անտառը՝ մոտիկ, առավոտյան ծտերը ծլվլում են, գետերը՝ լիքը ձուկ… Քեզ ուրիշ ի՞նչ է պետք՝ կյանքիդ մնացած մասը երջանիկ ապրելու համար: