Նրանք մշտապես հանդես են եկել պրոհայկական ելույթներով, փնովել են Ադրբեջանին, բայց դարձել անցանկալի՝ Հայաստանի համար

Նրանք մշտապես հանդես են եկել պրոհայկական ելույթներով, փնովել են Ադրբեջանին, բայց դարձել անցանկալի՝ Հայաստանի համար

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

- Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակից» տեղեկացանք, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Արգելվել է նաեւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը: Ըստ որոշ տեղեկությունների` այս ցանկն ավելի ընդարձակ է՝ Տիգրան Քեոսայան, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյով, Սեմյոն Բաղդասարով, Գաբրիելյանով եւ այլք: Ռուսամետ շրջանակները համարում են, որ սա հատուկ հակառուսական քայլ է, իսկ որոշ արեւմտամետներ էլ պնդում են, թե այս ամենը ձեռնտու չէ Արեւմուտքին, քանի որ Զատուլինն Արեւմուտքի կողմից չի դիտարկվում որպես կարեւոր դեմք, որ այս ամենը Հայաստանի իշխանությունները համաձայնեցրել են Կրեմլի հետ։ Ի՞նչ կասեք Դուք:

- Որպեսզի ամեն ինչ հստակ լինի, շատ հակիրճ ասեմ. բոլոր նրանք, ովքեր անցանկալի են Ադրբեջանի համար, դարձել են անցանկալի Հայաստանի համար: Սա թերեւս շատ բանի մասին է խոսում: Նույն Զատուլինը, Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովն անցանկալի են Ադրբեջանի համար: Սա ի՞նչ «զուգադիպություն» է: Իսկ իրականում ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս առումով եկել են ընդհանուր հայտարարի: Վերոնշյալ մարդիկ ռուսական հեռուստաընկերություններում մշտապես հանդես են եկել պրոհայկական ելույթներով, փնովել Ադրբեջանին, դարձել անցանկալի Հայաստանի համար: Ստացվում է, որ այս իշխանություններն Ադրբեջանին փնովողներից վտանգ են տեսնում հենց իրենց համար, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության: Ստացվում է, որ Հայաստանի շահերն ու Հայաստանի իշխանությունների շահերը չեն համընկնում: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի շահերի համար մտահոգվում են, այս իշխանությունների համար դառնում են վտանգավոր: Ռուսաստանում կան նաեւ բազմաթիվ գործիչներ, ովքեր ադրբեջանամետ են, սակայն նրանց մասին խոսք անգամ չի ասվում: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Սերգեյ Մարկովն Ադրբեջանի համար դառնար անցանկալի անձ: Մարդ, ով հանդես է գալիս պրոադրբեջանական կոչերով ու ելույթներով: Ոչ, նրանք ազատ ելումուտ ունեն Ադրբեջան: Իմ տպավորությամբ՝ հայ հասարակությունն այսօր իր բանականությունը կորցրել է: Տպավորություն է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում:

- Օրինակ, սրանից մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերն այսչափ ակնհայտ չէին: Անգամ տպավորություն էր, թե Փաշինյանը պատրաստ է ռուսամետ դառնալ եւ կատարել Պուտինի բոլոր հրահանգները, միայն իշխանության ղեկը մնա ձեռքին: Ի՞նչ է փոխվել այսօր:

- Շատ ճիշտ եք գնահատում: Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, ո՛չ ռուսամետ էր, ո՛չ արեւմտամետ, ո՛չ հակառուս, ո՛չ էլ այլ բան: Նա մի գործիչ էր, ով փորձում էր բոլորի հետ ընդհանուր հայտարարի գալ, միայն թե լուծվեն իր խնդիրները: Նրա քայլերն այդ ժամանակ ավելի ճիշտ էին, քան այսօր: Պետք չէ լինել պրիմիտիվ ռուսամետ կամ արեւմտամետ, հատկապես մեզ նման փոքր երկրների դեպքում: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այսօր կտրուկ փոխվել է: Փոխվել է ոչ թե այն բանի պատճառով, որ ռուսները վատ են տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ փոխվել է զուտ այն պատճառով, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մանեւրելու գործընթացը խիստ նեղացել է: Փոքրացել է՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով: Վերջին 30 տարվա ընթացքում նախկին նախագահներից եւ որեւէ մեկը Հայաստանում չի հակադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը: Եթե նկատել եք, Ղարաբաղի խնդիրը միակն էր, սակայն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերն այսպես ակնհայտ չէին բախվում: Լարվածություն կար Աբխազիայում, Ղրիմում, Օսիայում, սակայն ո՛չ Ղարաբաղում եւ ո՛չ էլ Հայաստանում նման իրավիճակ չկար: Կոսովոյի շուրջ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը մեծ հակադրության մեջ էին հայտնվել, քննադատում էին միմյանց, սակայն Ղարաբաղը միակն էր, որը Մինսկի խմբի շրջանակներում կարողանում էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ պահել կայուն հարաբերություններ: Իհարկե, ունեին հակասություններ, սակայն դրանք չենք կարող անգամ համեմատել մերօրյա իրավիճակի հետ: Բոլոր իշխանություններն էլ փորձում էին բալանսավորված քաղաքականություն վարել, սակայն ավելի շատ՝ ռուսամետ, ավելի քիչ` արեւմտամետ, քանի որ Հայաստանում կա Ռուսաստանի անվտանգության հովանոցը: Չի կարելի Հայաստանը մտցնել հակադրության դաշտ, քանի որ դա կարող է բերել նրան, որ Հայաստանը կանգնի վտանգավոր երկընտրանքի առաջ: Շատ խելք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ նման հակադրությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել: Հայաստանն այսօր Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակադրման կենտրոններից մեկն է դարձել: Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե դրանից կարող է օգուտ քաղել, բայց՝ ոչ. դրանից միայն օգուտ է քաղում Ադրբեջանը, քանի որ նա է պատերազմում հաղթող կողմը: Նման մրցակցությունը շահավետ է միմիայն հաղթող կողմի համար: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ եւս պարտվեց: Նա իր ընտրությունը կատարել է, գնում է դեպի Արեւմուտք, իսկ Ռուսաստանը դա հանդուրժել չի կարող: