Արդյո՞ք ճիշտ ընկալեցին Սուսլովի «նախազգուշացումը»

Արդյո՞ք ճիշտ ընկալեցին Սուսլովի «նախազգուշացումը»

Նախօրեին Հանրայինով հեռարձակվող «Հարցազրույց» հեռուստահաղորդաշարում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր ռուս քաղաքական մեկնաբան Դմիտրի Սուսլովին։ Բնականաբար, քննարկման առանցքում չէին կարող չլինել հայ-ռուսական հարաբերությունները, Լաչինի միջանցքի փակումը։ Նույնիսկ անդրադարձ կատարվեց Ռուսաստանում տիրող աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ քաղաքական մտայնություններին, ռուս-ուկրաինական պատերազմին եւ այլն։ Չնայած, մեծ հաշվով, բովանդակային բացահայտումներ չեղան, բայց հարցազրույցը, այնուամենայնիվ, բավականին հետաքրքիր էր։ Նախ, որ թերեւս առաջին անգամ Հանրայինով փորձագիտական մակարդակով ներկայացվում էին Ռուսաստանի տեսակետները մի շարք կարեւոր հարցերի առնչությամբ եւ հենց ռուս փորձագետի կողմից։ Սա էական ասպեկտ է, քանի որ այլ է, երբ նույն բանն ասեն հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում գործող, այսպես ասած, «ռուսամետ» կամ «ռուսական ազդեցություն կրող» գործիչներն ու փորձագետները, եւ այլ բան է, երբ նույն թեզերն ասվում են Մոսկվայից հյուրընկալված ռուս քաղաքագետի կողմից, ով վերադառնալու է Մոսկվա, եւ ում ելույթը, վստահաբար, աննկատ չի մնալու ռուսական որոշ պատկան շրջանակների մոտ։

Այսինքն, կարող ենք ասել, որ այս հարցազրույցում Սուսլովն ինչ-որ իմաստով ներկայացրեց Մոսկվայի դիրքորոշումները հայ լայն հանրությանը՝ ոչ պաշտոնական կամ փորձագիտական մակարդակով, ելնելով իր՝ փորձագետի կարգավիճակից։ Գալով հարցազրույցի բովանդակային մասին, ուշագրավ էր թերեւս այն, որ Սուսլովը որոշակիորեն ակնարկեց, որ եթե Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարի դեպի Արեւմուտք, ապա կկորցնի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ տեղաշարժեր կլինեն բուն Հայաստանի սահմանների հետ կապված։ Թե որքանով է այս նախազգուշացումն իրատեսական, դժվար է ասել, սակայն դժվար թե պատահական բաներ ասվեին։ Այն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում: Մնացածը լիովին հասկանալի է, ներառյալ նաեւ այն, թե սեփական դիրքորոշումների հարցում ազատության ինչպիսի ամպլիտուդ ունեն Ռուսաստանի դաշնակիցները հատկապես հետսովետական տարածքում։ Ու այս ամենի հանրագումարում կարեւոր է այն, թե արդյոք Երեւանում ճի՞շտ ընկալվեց Սուսլովի նախազգուշացումը, եւ արդյո՞ք դա նաեւ Մոսկվայի ոչ պաշտոնական նախազգուշացումն էր։