Շոու են սարքել՝ մարդ են զարմացնում
Մալաթիայի տոնավաճառը փակելու կապիկությունը մի ամբողջ օր կարգին զվարճացրեց մեր հանրության մի զգալի հատվածին: Թե առեւտրականներն ինչպիսի ելույթներ էին ունենում տեսախցիկների առաջ, թե ինչ ողբ ու կական էին բարձրացրել տոնավաճառի մուտքերի մոտ, նորից չնկարագրեմ: Ասեմ միայն, որ բոլորը պարտքեր ունեին, վարկեր ունեին, հիվանդներ ունեին, բոլորին հացի փող էր պետք, երեխայի ուսման փող էր պետք, եւ ոչ ոք չգիտեր, թե ուր է տանելու իր քրջուփալասը (իրենց ձեւակերպմամբ): Թե ինչու չէին գնում կառավարության շենքի մոտ իրենց բողոքն արտահայտելու՝ դա էլ մի ուրիշ պատմություն է: Ասում էին՝ մեր հարցը քաղաքական չէ, Նիկոլն էլ շատ արդար մարդ ա, ու դրանով հարցը փակում էին: Ի՞նչ իմանային խեղճ առեւտրականները (եթե, իհարկե, իսկապես չգիտեին), որ տոնավաճառը փակելու ՀՀ իշխանությունների բեմականացրած շոուն զուտ քաղաքական ներկայացում էր, իրենք էլ այդ ներկայացման «մասովկան» անվճար ապահովողներն էին:
Ահավասիկ, տոնավաճառը շարունակում է աշխատել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Թե բա՝ համապատասխան տեսչության հետ արագ վերացրել ենք բոլոր թերությունները, ու մեզ թույլատրել են աշխատել: Ճիշտն ասած՝ որոշել եմ մի օր գնալ Մալաթիայի տոնավաճառ եւ իմ քոռ աչքով տեսնել հակահրդեհային անվտանգության գծով այնտեղ կատարված համալիր բարեփոխումները: Մարդ ես, էլի, բա չիմանա՞ս՝ այդ ինչ են արել, որ այլեւս ոչ մի հրդեհ չի սպառնում տոնավաճառին: Նաեւ մեր բոլոր մոլատերերին կխնդրեի շրջայց կատարել «Մալաթիայում», օրինակ վերցնել:
Իսկ ի՞նչ քաղաքական խնդիր էր լուծում ՀՀ իշխանությունը «Մալաթիայով»՝ կհարցնեք: Միանգամից պատասխանեմ՝ այն նույն խնդիրը, որ երեկ լուծում էր խորհրդարանում՝ թամաշա, անգործությունը որեւէ բանով քողարկելու հարց: Արդեն չգիտեն էլի ինչ անեն, որ սեփական ընտրազանգվածին զարմացնեն, մարդկանց աչքերը փակեն, մոռացության տան այն բոլոր ողբերգությունները, որ բերեցին երկրի ու ժողովրդի գլխին: Պատերազմից հետո՝ 2021-ին, շատ բաներ էին խոստացել այդ ընտրազանգվածին՝ խաղաղություն, անվտանգություն, բանակի եւ պաշտպանության վերականգնում, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, հայ-թուրքական սահմանի բացում, տնտեսական առաջընթաց, սոցիալական բարեկեցության աճ, աղքատության վերացում եւ, ինչպես միշտ՝ «նախկինների» թալանի լումա առ լումա վերադարձ… Մի քանի ամսից կլրանա այդ խոստումների 3 տարին, բայց, ինչպես ասում են, անունը կա, ամանում չկա: Այսօր արդեն իրենց ընտրազանգվածն է հարցնում՝ ո՞ւր են մեր դաշնակիցները, ո՞ւր է խաղաղության պայմանագիրն ու հայ-թուրքական բաց սահմանը, ինչո՞ւ է բարեփոխվող հայկական բանակում ամենաայլանդակ բարդակը տիրում, ինչո՞ւ են խաղաղ պայմաններում տասնյակներով զինվորներ զոհվում կամ դառնում հրո ճարակ, դուք այդ ինչո՞վ եք զբաղված, որ Ղարաբաղը տալուց հետո էլ մենք լավ չենք ապրում: Ի՞նչ անենք, բոլորս գնանք՝ ոչխա՞ր պահենք: Դուք ոչխար էլ չեք պահում, բայց մի տեսակ սկսել եք լավ ապրել՝ չլինի՞ առանց մեզ եք ձեր ուղեղներում հաղթահարել աղքատությունը… Բա հրեն, Արարատ Միրզոյանը, որ վարկով էր հեռուստացույց ու փոշեկուլ գնում, 280 հազար դոլարանոց առանձնատուն է «ձեռք բերել»: Էդ ո՞նց:
Այսպիսի հարցեր են այսօր մտահոգում ՔՊ-շնիկ կառավարության ընտրազանգվածին, որոնց պատասխանները նրանք չունեն: Նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանք այդ մենաշնորհը տվել են Նիկոլին ու իր խունտային ու հիմա տեսնում են, որ սրանք ոչինչ չեն անում՝ հարստանալուց բացի: Պարապ են մնացել, ուրիշ անելիք չունեն, ուրիշ բանով զբաղվելու ունակ չեն, իսկ ընտրազանգվածի աչքը պետք է մի բանով փակել: ԱԺ-ում երեկվա դատախազով հարսանիքն այս օպերայից էր:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է: ՀՀ գլխավոր դատախազը կարող է երդվել, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց դա արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ: Նա այս պահին գրեթե ոչնչով չի տարբերվում Մալաթիայի առեւտրականներից: Թերեւս մի քիչ ավելի խելացի է եւ հասկանում է, որ ինքն ընդամենը սպասարկում է գործող իշխանությունների քաղաքական պարապությունն իր մասով լցնելու գործը: Նիկոլին ենթակա անձ է, պետք է անի, ճիշտ կադաստրի այն ղեկավար անձնավորության պես, որ իբր կարգադրել է գործարքն իրականացնել: Մեր գլխավոր դատախազի օրին մի ԲԴԽ նախագահ էլ կար՝ Գագիկ Ջհանգիրյան: Տո չէ, ինչ քաղաքականությամբ զբաղվել, ինչ բան, ուղղակի վզին դրել էին, պիտի աներ: Ու հիմա «երեք դրվագի» նյութ դրել են էս աղջկա վտիտ ուսերին, թե գնա, խորհրդարանում շուխուր բարձրացրու նախկինների հանցավորության մասին: Բան չունեմ ասելու, եկավ, բարձրացրեց, շատ էլ ապաքաղաքական խոսեց: Նիկոլի նման, թե բա՝ սպան, այսպես ու այսպես, վառվող կանիստրը շպրտեց, զորանոցը գմփաց, վարկածներ չհնչեցրեց: Վստահեցնում եմ, Աննա Վարդապետյանն Արթուր Դավթյանից դեռ առաջ կանցնի:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Աննա Վարդապետյանը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացրեց իր «ապաքաղաքական դրվագները»: Այո, դրանից հետո ՔՊ-շնիկներն անցան գործի ու, ինչպես միշտ, փչացրին լավ սկսված գործը: Իրենց ելույթներով, հարցերով ու արձագանքներով նրանք ակամա խոստովանեցին, որ Սեյրան Օհանյանը ճիշտ է՝ սա քաղաքական հետապնդում է, այն էլ՝ լկտի հետապնդում: Թե բա՝ պատկերացնո՞ւմ եք, ինչպես կոռնային «սրանք» (նկատի ունի ընդդիմությանն ու լրագրողներին), եթե մենք օտարեինք այդ հողամասերը… Բանակին պատկանող շենք-շինությունները վաճառել են, հետո էլ մեզ մեղադրում են, թե ինչու են մեր զինվորները գոմում քնում… Բանակին այդպես էին վերաբերվում, դրա համար էլ այսպես եղավ… Սրանք էին Սեյրան Օհանյանի «գործով» ՔՊ-շնիկների ելույթների հիմնական քաղաքական մոտիվները: Մի ոչ այն է ԲՀԿ-ական, ոչ այն է ՔՊ-ական ՔՊ-շնիկ էլ հետաքրքրվեց՝ իսկ կարող ա՞ պատահի, որ այս գործի քննությունն էլ մյուսների նման ձգձգվի ու մոռացվի… Գլխավոր դատախազը չուներ այդ հարցի պատասխանը: Ամեն ինչ Նիկոլից է կախված, հասկանում եք, դատախազն ի՞նչ կարող է անել, նա ենթակա անձ է, ապաքաղաքական «մարմին»:
ՀԳ. Հայոց բանակի քանի՞ զորամաս են «օտարել» թշնամուն, հայկական քանի՞ դժգույն ու դժբախտ բնակավայր, քանի՞ հազար քմ տարածք, քանի՞ լեռնագագաթ, Հայոց բանակի քանի՞ գունդ թողեցին մսաղացում… Եվ այս ապաշնորհներն այսօր շոու են սարքել ու իրենց արեւին մարդ են զարմացնում:
Կարծիքներ