Հրապարակի տակից Վենետիկ դուրս չի գալու, ոչ էլ՝ Արտաշեսյան պալատ

Հրապարակի տակից Վենետիկ դուրս չի գալու, ոչ էլ՝ Արտաշեսյան պալատ

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու հնարավոր հարցը շարունակում է մնալ ակտուալ։ 

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը, ով 40 տարի զբաղվել է ժողովրդական ճարտարապետությամբ, այդ թվում՝ Երեւանի եւ պարսկական շրջանի, ընդգծում է՝ սա արագ եւ հապշտապ որոշելու հարց չէ, ավելին՝ տարօրինակ է, որ առանց որեւէ ճարտարապետի հետ խորհրդակցելու վարչապետը, ԿԳՄՍ նախարարը սիրողական մակարդակի մոտեցում են ցուցաբերել եւ առաջարկել այն թանգարանային հատվածի վերածել։ «Առանց հարցն ուսումնասիրելու, խորհրդակցելու եւ առանց դրա հետեւանքների մասին մտածելու, այդպիսի անպատասխանատու հայտարարություններ են անում։ Առաջինը, ինչ մեր ուսանողներին սովորեցնում ենք, այն է, որ ցանկացած հուշարձանի հետ կապված աշխատանքը սկսվում է նախնական ուսումնասիրությունների փուլից՝ պատմական աղբյուրներ, վավերագրեր, արխիվային նյութեր, արձանագրություններ եւ այլն»,- ասում է նա ու հավելում, որ մեկ շաբաթ է արդեն՝ զբաղված է այդ հարցի ուսումնասիրությամբ, վերընթերցել է բազմաթիվ մասնագիտական գրականություն, նայել լուսանկարներ։ 

«Մելիք Բաղդասարյանը 30-ականների մի լուսանկար էր հրապարակել, որտեղ տեսնում ենք, որ այդ մասում փոս է, նույնիսկ հող են լցրել, այսինքն՝ 19-րդ դարի առաջին քառորդում՝ ցարական շրջանում, այդ ստորգետնյա հատվածն արդեն փակված էր, հարթեցված»։ 

Այսինքն՝ ստորգետնյա այդ հատվածում արժեքավոր ոչինչ չկա՞։ «Արժեքը կպարզվի հետո, լավ է, որ չափագրել են ժամանակին։ Իմ առաջին տպավորությամբ, դրանք սովորական երեւանյան նկուղային հարկեր են, կեսը՝ տուֆով, կեսը՝ աղյուսով, բայց ոչ մեկը չի հիշում, որ այդ հուշարձանից մի քիչ վերեւ՝ ներկայիս «Ալեն-Էլեն»-ի տակ, կա 1301թ․ մահմեդական դամբարան, որը ես եմ չափագրել, ամբողջովին ժայռափոր, չափազանց բարձրակարգ, որակով մի ֆանտաստիկ հուշարձան։ Այսինքն՝ այդքան մոտ արդեն ունենք 13-րդ դարի մահմեդական հուշարձան, դրանից վերեւ Կաթողիկեն է, ներքեւում՝ «Մոսկվա» կինոթատրոնի տեղը՝ Պողոս-Պետրոսը, դրանից մի քիչ ներքեւ՝ մի ուրիշ մզկիթ՝ մոտավորապես Նկարիչների տան մոտակայքում։ Այսինքն՝ հայկական թաղամասը եղել է Պողոս-Պետրոսի եւ Կաթողիկեի կողքը, հատկապես եթե այս մյուս հատվածում արդեն մզկիթ եւ մուսուլմանական դամբարան կար, որն էլ, բնականաբար, եղել է մուսուլմանական, իսկ ավելի կոնկրետ՝ պարսկական թաղամասը։ Բոլորը Երեւանի մասին են խոսում, եւ ոչ մեկը գիրք չի բացում՝ տեսնի, թե Երեւանն ինչ պատմություն ունի»,- ասում է Ղուլյանն ու վստահորեն պնդում, որ դրանք չեն կարող լինել 19-րդ դարի շինություններ, որովհետեւ 19-րդ դարում արդեն այն ծածկված էր, հարթեցված, ինչը երեւում է լուսանկարում։ «1679թ․ երկրաշարժից հետո Երեւանը փլվել է, այսինքն՝ դա կա՛մ պետք է լիներ Երեւանի երկրաշարժից առաջ, կա՛մ հետո։ Բայց ամենահավանական դարաշրջանը, որ ասում ենք, դա 18-րդ դարի պարսկական շրջանն է․ 1735թ․-ից հետո, երբ թուրք-պարսկական պատերազմ է եղել Հայաստանում»։ 

Ինչ վերաբերում է ստորգետնյա շերտն ապակիների տակ ներկայացնել-չներկայացնելուն, ապա «պարզ է, չէ՞, որ հորիզոնական դրված ապակին 5 րոպե հետո փոշի, կեղտ է դառնում, այդ ապակու տակ ի՞նչ պետք է երեւա»։ 

Ճարտարապետն ասում է՝ պետք չէ զարմանալ, որ այդ տարիներին կենտրոնում մուսուլմաններ էին ապրում, որովհետեւ հրապարակից քիչ այն կողմ Ֆիրդուսի թաղամասն է։ «1831թ․ մարդահամարով Երեւանի 13 հազար բնակչությունից 7 հազարը մուսուլմաններ էին, ու դա՝ 19-րդ դարում ազատագրված ռուսների Հայաստանում։ Ինչի՞ց ենք վախենում, մեզ համար նորությո՞ւն է, որ Երեւանի կենտրոնում թուրքեր են ապրել, քարտեզները նայեք՝ էսինչի, էնինչի քուչա, ինչի՞ վրա ենք զարմանում եւ անակնկալի գալիս։ Բայց դա ինձ չի անհանգստացնում, որովհետեւ, եթե դրանք պարսիկի, քրդի տներ են, միեւնույն է, հայերի սարքածն են։ Հետո բնակելի տան էթնիկ պատկանելությունն անհնար է պարզել, եթե մի սրբապատկեր կամ կիսալուսին չես գտել տեղում։ Բացի այդ, ես նայեցի ու տեսա, որ դրանք ծուռտիկ-մուռտիկ կամարներ են, նկուղային հարկեր, որ սարքում էին մթերք պահելու համար»։

Ղուլյանն ընդգծում է՝ Հանրապետության հրապարակը Հայաստանի թիվ մեկ հուշարձանն է, եւ պետք է հիմա հասկանանք, թե ինչ ենք անելու դրա հետ։ «Լավ, հայտնաբերել ենք մի ամբողջ քաղաք հրապարակի տակ, ի՞նչ ենք անելու, գիտե՞ք աբսուրդը որն է, այս աստիճան դեմագոգիան, երբ այդպիսի շենքերը Երեւանում բազմաթիվ էին, ոտի տակ տրորեցին, ոչնչացրին ու հիմա էլ ոչնչացնում են ամեն օր՝ Արամի 23-ի ու մյուսների օրինակը՝ վկա։ Այսինքն, ամեն օր ոչնչացնում են ավելի կանգնուն, լավ վիճակում գտնվողները, իսկ նկուղային անհայտ մնացորդներն ուզում են թանգարան դարձնել։ Պարզ է, չէ՞, որ հրապարակի տակից Վենետիկ դուրս չի գալու, ոչ էլ՝ Արտաշեսյան պալատ։ Այսինքն, մենք ռիսկի ենք գնում՝ առանց հաշիվ տալու եւ հետեւանքների մասին մտածելու, իսկ ստորգետնյա այդ շերտն իր արժեքով անչափելի է հրապարակի հետ»,- ասում է նա ու հավելում, որ հրապարակին կարելի է «կպնել» միայն կառավարության հատուկ որոշմամբ։ 

«Հիմա մուրճն էլ է կառավարության ձեռքը, սալն էլ, եւ կարող են որոշում ընդունել, որ եկեք հանուն հին Երեւանի, քանդենք ամբողջ հրապարակը եւ բացենք այդ հյուղակները։ Ունենք մի փառահեղ հրապարակ եւ դրա տակ թաքնված մի վերք, որը մեր նախնիները շատ նրբանկատորեն ծածկել են հողով, ես առաջարկում եմ այդ վերքը հանգիստ թողնել, որովհետեւ դա մեր թշվառ եւ ողբերգական ժամանակաշրջանի վկայությունն է, դա՞ ենք ուզում ցույց տալ։ Տուրիստը հնության համար Վենետիկ, Հռոմ, Իսպանիա է գնում, գալիս է Երեւանի նկուղները տեսնի, որ ի՞նչ, դա ի՞նչ արժեք է, տուրիստը չի՞ ասի՝ 2 մետր այն կողմ Պուշկինի վրա շենք կա, ինչի՞ է ողբերգական վիճակում, ախր տուրիստը միայն ուտող-խմող մեկը չի, նրանց մեջ մասնագետներ էլ կան, որ գալիս են այստեղ՝ մի բան սովորելու, ոչ թե միայն Սարյանի վրա գինի խմելու»,- ասում է Արտակ Ղուլյանը, ով տեղյակ էլ չէ, թե ովքեր են աշխատանքային խմբում ընդգրկված, բայց վստահ է, որ մինչեւ բահը գետնին խփելը պետք է ահռելի ուսումնասիրություններ անել այդ ուղղությամբ։