ԵՊՀ-ի և «Նաիրի ինշուրանս»-ի վերաբերյալ

ԵՊՀ-ի և «Նաիրի ինշուրանս»-ի վերաբերյալ

Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ իրավական փաստաթղթերը պետք է ձեւակերպվեն հստակ եւ հասկանալի: Բացի այդ, դրանց բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում: Իրավական որոշակիության սկզբունքն աշխարհում կիրառվում է որպես պարտադիր նորմ:

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներն ունեն բժշկական ապահովագրություն, որն իրականացնում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Այսինքն, ԵՊՀ-ի եւ «Նաիրի ինշուրանս»-ի միջեւ առկա է պայմանագիր, որը կարգավորում է վերջիններիս իրավահարաբերությունները: Համալսարանականներն անընդհատ դժգոհում են, որ «Նաիրի ինշուրանս»-ը, նույն փաստական հանգամանքների առկայության դեպքում, իրականացնում է ընտրովի սպասարկում: Փորձեցի անձամբ ճշտել: 
ԵՊՀ աշխատակիցներից մեկի մոտ առողջական խնդիր կար: Դիմել էր «Նաիրի ինշուրանս»-ին: Այնտեղից ասել էին, որ նշված հիվանդության բուժումը չի մտնում ապահովագրական պատահար համարվող եւ ապահովագրողի կողմից հատուցվող ծախսերի ցանկում: Այդպես ստացվեց, որ նույն առողջական խնդիրն առկա էր նաեւ ինձ մոտ: Լավ առիթ ընձեռվեց՝ հասկանալու համար ԵՊՀ-ի եւ «Նաիրի ինշուրանս»-ի պայմանագրով նախատեսված իրավահարաբերությունների յուրահատկությունը:

Մի խոսքով, զանգեցի «Նաիրի ինշուրանս» եւ, բացի առողջական խնդիրը նկարագրելուց, հիմք ընդունելով ԵՊՀ-ի եւ ապահովագրական ընկերության պայմանագիրը, փորձեցի ասածիս իրավական հիմնավորումներ տալ: Մանրամասն լսելով ինձ՝ «Նաիրի ինշուրանս»-ից հայտնեցին, որ չեն բացառում բուժմանս ծախսերի հատուցումը: Անմիջապես տարակուսեցի, թե նույն հիվանդության պարագայում ինչու մեկի ծախսերը հնարավոր է հատուցել, իսկ մյուսինը՝ ոչ: Պարզվեց, որ ընկերության աշխատակիցը քաջատեղյակ էր ԵՊՀ աշխատակցի խնդրից, սակայն չկարողանալով բացատրություն տալ ընկերության հակասական գործելաոճին, ասաց, որ այդ աշխատակցի ծախսերի փոխհատուցումը եւս կարող է քննարկման առարկա դառնալ: 
Չեմ ցանկանում անդրադառնալ այս պատմության հետագա զարգացումներին: Խնդիրն այլ է: Փաստորեն, ԵՊՀ-ի եւ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության միջեւ կնքված պայմանագիրը տարընթերցումների տեղիք է տալիս, այնինչ այն պետք է ընկալվի միանշանակ, եւ դրա շահառուները, այդ թվում՝ նաեւ ես, պետք է իմանան, թե պայմանագրով ինչ իրավունքներ են տրվում իրենց, եւ որ իրավունքներն են սահմանափակվում: Քննարկվող դեպքում ունենք երկու անձ, որոնք աշխատում են նույն հիմնարկում, ունեն նույն առողջական խնդիրը, նրանց սպասարկում է նույն ապահովագրական ընկերությունը, որը մի դեպքում պատրաստ է փոխհատուցել ծախսերը, մյուս դեպքում՝ ոչ:

Տրամաբանական է, որ իրավական փաստաթղթերը պետք է փորձաքննության ենթարկվեն: Տվյալ դեպքում ԵՊՀ-ն, որպես ծառայություն պատվիրող կողմ, պետք է շահագրգռված լիներ պայմանագրի իրավական որոշակիության մեջ: Ավելին, ԵՊՀ-ն մեծ գումարներ է ծախսում աշխատակիցների բժշկական ապահովագրության վրա եւ պետք է տեր կանգնի ծախսած յուրաքանչյուր դրամին:
ԵՊՀ-ից տեղեկացա, որ ապահովագրական ընկերության հետ պայմանագրով զբաղվել է միայն ԵՊՀ-ի գնումների վարչությունը: Ավելին, ԵՊՀ-ում պայմանագիրը չի անցել իրավական փորձաքննություն: Այլ կերպ ասած, ինչ դեմ են տվել, այն էլ ստորագրվել է: Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք: ԵՊՀ-ի աշխատակիցները ստիպված են ինքնուրույն պաշտպանել ԵՊՀ-ի եւ «Նաիրի ինշուրանս»-ի միջեւ կնքված պայմանագրով իրենց վերապահված իրավունքները: Ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ: Իսկ ԵՊՀ-ն բավարարվել է միայն դրանով, որ «Նաիրի ինշուրանս»-ի հետ կնքել է տարընթերցումների տեղիք տվող պայմանագիր եւ հետ քաշվել: ԵՊՀ ղեկավարությանն այլեւս չի հետաքրքրում ԵՊՀ-ի կողմից ապահովագրական ընկերությանը վճարած խոշոր գումարի ճակատագիրը: Դա կարող է նշանակել, որ կա՛մ ԵՊՀ-ն, վարչարարության իմաստով, փնթի եւ «փողը քամուն տվող» կազմակերպություն է, կա՛մ այդ հիմնարկում չկա բավարար իրավական գիտելիքներ ունեցող անձ: Չի բացառվում նաեւ կոռուպցիոն ռիսկի գործոնը, ըստ որի՝ ԵՊՀ ղեկավարությունն ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ ելնելով անձնական փոխշահավետությունից: Ամեն դեպքում խնդիրը կա: ԵՊՀ-ում գործում է տարընթերցումների տեղիք տվող եւ իրավական որոշակիությունից զերծ ապահովագրական պայմանագիր:

ՀԳ. Երբ հեռախոսով զրուցում էի «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակցի հետ, նա վստահեցնում էր, որ 2020թ․ պայմանագրով այլեւս չեն լինելու տարընթերցումներ, եւ պայմանագիրը կլինի շատ լավը: Դա ողջունելի է: Սակայն հետաքրքիրն այն է, որ ԵՊՀ-ի եւ «Նաիրի ինշուրանս»-ի միջեւ պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել է, իսկ նոր տենդեր հայտարարված չէ: Այդ իմաստով, կարելի է միայն զարմանալ ապահովագրական ընկերության աշխատակցի վստահության վրա: Չէ՞ որ «Նաիրի ինշուրանս»-ը կարող է նաեւ չճանաչվել հաղթող, եւ «լավ պայմանագիր» գրելու շարժառիթները վերանան: Սակայն, անկախ ամեն ինչից, ապահովագրական ընկերության աշխատակիցը շատ վստահ էր խոսում: Երեւի մի բան գիտեր:  


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ