Երկու Նիկոլ եւ երկուսն էլ Փաշինյան․ ուսումնասիրություն, ՀՀ գործող վարչապետի պապի մասին․ remembrance.ru

Երկու Նիկոլ եւ երկուսն էլ Փաշինյան․ ուսումնասիրություն, ՀՀ գործող վարչապետի պապի մասին․ remembrance.ru

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց իր պապի լուսանկարը, ով եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ անհետ կորել։ Ըստ գործող վարչապետի գրառման, իր պապը, ում անունը եւ ինքը կրում է, ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ գնդում /ծնվել է 1913 թվականին, անհետ կորել՝ 1943 թվականին/։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Միր» ՀԸ տված հարցազրույցում, խոսելով պապի մասին ասել է, որ մի քանի հին ու խամրած լուսանկարներ են պահպանվել։ Նա նկատել է, որ դրանք թանկ հիշողություններ են իր համար, եւ ինքը պատվով է կրում իր պապի անունը։ Մայիսի 9-ի այդ գրառումը շուտով սկանդալի առիթ է դառնում։ Մի քանի ժամ անց հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ /այ/ Վարդանի Փաշինյանը, ով եղել է կարմիրբանակային, իսկ հետո գերի է ընկել, համագործակցել է նացիստների հետ եւ զոհվել է 1943 թվականին՝ Կարմիր բանակի դեմ մարտերում։ Միանգամից հայտարարվեց, որ դա էլ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապն է։ Հրապարակումները անմիջապես մտան հայկական մամուլ, իսկ հետո էլ ռուսական եւ ադրբեջանական մամուլում հրապարակվեցին։ Ռուսական Lenta.ru, Gazeta.ru, «Московский комсомолец» եւ «Комсомольская правда» պարբերականները անդրադարձել են այդ հրապարակումներին, որից հետո ՀՀ վարչապետի մամուլի ծառայության կողմից հրապարակվել էր հերքման տեքստ, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Նիկոլ /այ/ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե Նիկոլ/այ/ Վարդանի Փաշինյանը։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի պատմության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Դյուկովը փորձել է պարզել, թե իրականում որ մի Նիկոլ/այ/ Փաշինյանն է գործող վարչապետի պապը։ Իր ուսումնասիրությունը նա հրապարակել է remembrance.ru կայքում։

««Подвиг народа» ռուսական ՊՆ-ին պատկանող կայքում առկա է հուղարկավորության վկայականը (Grabmeldung) Նիկոլայ Փաշինյանի (Nikolei Paschinjan), ով ծառայել է նացիստների կողմից ստեղծված Հայկական լեգիոնի 814-րդ հետեւակային ջոկատում։ Նա ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 23-ին, ծնունդով Ենոքավան գյուղից է եղել (Jenukawan), որը գտնվում է Հայաստանի Իջեւանի շրջանում։ Զոհվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին։ Քարտն ունի ռուսալեզու գրառում այն մասին, որ պետք է հարցում ուղարկվի Իջեւանի շրջխորհուրդ՝ Նիկոլ Փաշինյանի մասին ճշտումներ կատարելու համար։

Առկա գործում հաջորդիվ դրված է 1954 թվականի օգոստոսի 16-ի թվակիր գրություն, որը ուղարկվել է Իջեւանի շրջանային զինկոմիսարիատի կողմից առ այն, որ Ենոքավանում եղել է միայն մեկ Նիկոլ/այ/ Վարդանի Փաշինյան, ով էլ նույնականացվել է որպես կոլաբորացիոնիստ։

Դրանից հետո Իջեւանի շրջանային զինկոմի հաշվառման գրում գրառում է կատարվել այն մասին, որ Նիկոլայ Վարդանի Փաշինյանը զոհվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին գերմանական բանակում ծառայություն իրականացնելիս։ Նույն գրառման մեջ նաեւ Մոսկվայից ստացված գրության համարն ու թվագրությունն է բերվել՝ 02.08.1954 թվական, թիվ 556։

Նիկոլ/այ/ Վարդանի Փաշինյանի մասին հավելյալ տեղեկություն հանդիպում ենք 1947 թվականի Իջեւանի շրջզինկոմիսարիատի կողմից կազմած անհետ կորածների ցանկում, որտեղ ընգրկված են եղել զինվորականներ եւ սերժանտներ։ Այդ փաստաթղթում նշված է, որ Նիկոլայ Վարդանի Փաշինյանը ծնվել է 1903 թվականին, կարմիրբանակային է, բոլշեւիկյան կուսակցության անդամ, ապրել է Հայկական ԽՍՀ Իջեւանի շրջանի Ենոքավան գյուղում, բանակ է զորակոչվել 1941 թվականին։ 1942 թվականի նոյեմբերի 18-ին կտրվել է նրա կապը հարազատների հետ։ Հենց այդ ժամանակվանից էլ նա անհետ կորել է։ Չկա նշված դաշտային փոստի համար, իսկ գտնվելու վերջին վայրը կրասնոդարյան հոսպիտալն է։ Ունեցել է կին՝ Սիրանուշ անունով, ով բնակվել է Իջեւանի շրջանի Ենոքավան գյուղում։ Ավելի ուշ հիմնական տեղեկությանն ավելացվել է, որ անհետ կորել է 1943 թվականին։

Իսկ ահա Նիկոլ/այ/ Առաքելի Փաշինյանի մասին տեղեկությունները ավելի քիչ են «Подвиге народа» կայքում։ Այսպես, արդեն հիշատակված Իջեւանի շրջզինկոմիսարիատի կողմից կազմված անհետ կորած Կարմիր բանակի զինվորների եւ սերժանտների ցանկում նշված է, որ ծնվել է 1913 թվականին, սերժանտ է եղել, ջոկի խմբի հրամանատար է եղել, բոլշեւիկյան կուսակցությանն է անդամակցել, ապրել է Հայկական ԽՍՀ Իջեւանի շրջանի Ենոքավան գյուղում։ Բանակ է զորակոչվել 1941 թվականին, կապը հարազատների հետ կտրվել է 1942 թվականի հունվարի 22-ին։ Դաշտային փոստի համարն է 464 554-րդ հրաձգային գունդ։ Անհետ կորել է 1942-ի հունվարին Կերչում։ Կինը՝ Մարիամ Ղազարի Փաշինյանն է, ապրում է Ենոքավան գյուղում։ Հիմնական տեղեկությունը լրացված է մի գրառմամբ, ըստ որի, անհետ կորել է 1943 թվականի փետրվարին։

Իջեւանի շրջանի զինկոմիսարիատի կողմից կազմված ավելի ուշ շրջանի ցանկում նշված է, որ Նիկոլայ Առաքելի Փաշինյանը անհետ կորել է 02,43-ին

Ռուս պատմաբան Ալեքսանդր Դյուկովը, հետազոտելով առկա փաստաթղթերը եզրակացնում է, որ կա որոշակի սխալ, կապված Նիկոլայ Առաքելի Փաշինյանի անհետ կորելու թվագրման հետ։ Ռուս պատմաբանը կարծում է, որ 1947 թվականին Իջեւանի շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցները ամենայն հավանականությամբ շփոթել են ազգանվանակիցների հետ կապված ինֆորմացիան։ Այլապես, անհասկանալի է, թե ինչպես է Նիկոլայ Վարդանի եւ Նիկոլայ Առաքելի Փաշինյանների անհետ կորելու ժամանակը 1943 թվականի փետրվարը։ Ըստ ամենայնի, Նիկոլայ Վարդանի Փաշինյանի դեպքում դա ճիշտ թվական է, քանի որ նրանից վերջին նամակը հարազատները ստացել են 1942-ի նոյեմբերին։ Իսկ ահա Նիկոլայ Առաքելի Փաշինյանից վերջին անգամ հարազատները լուր ստացել են 1942-ի հունվարին, այսինքն ճիշտ նախօրեին, երբ 138-րդ հրաձգային դիվիզիան, որի կազմում նա ծառայել է, տեղափոխվել է Կերչ։ Հետո արդեն ծանր մարտեր են եղել Ղրիմում, իսկ հետո արդեն դիվիզիան տարհանվել է Կուբան՝ 1942 թվականի մայիսին։ Եթե այդ ընթացքում Նիկոլայ Առաքելի Փաշինյանը ողջ լիներ գոնե մինչեւ 1943-ի փետրվարը, ապա անհնար է, որ գոնե ինչ որ լուր չուղարկեր իր մասին հարազատներին։ Իսկ քանի որ որեւէ լուր չկա, ապա ամենայն հավանականությամբ, Նիկոլայ Առաքելի Փաշինյանն անհետ կորել է ոչ թե 43-ի փետրվարին, այլ 42-ի փետրվարին։ Սա չափազանց կարեւոր է, քանի որ եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Առաքելի Փաշինյանը ոչ թե զոհվել է 1942-ի գարնանը այլ գերի է ընկել ֆաշիստների մոտ եւ համաձայնել ծառայել նացիստներին ու ներգրավվել «Հայկական լեգիոնի» կազմում, ապա նա չէր կարող ծառայել 814-րդ հայկական հետեւակային ջոկատում, քանի որ ջոկատը ձեւավորվել է 43-ի ամռանը, իսկ այդ ժամանակ, ըստ ամենայնի նա արդեն զոհված էր եղել։