Հայրենիքի հրապարակային աճուրդ՝ Փաշինյանի կատարմամբ

Հայրենիքի հրապարակային աճուրդ՝ Փաշինյանի կատարմամբ

Ֆեյսբուքյան վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ավելի հեռուն գնաց եւ ամբողջ Արցախի ադրբեջանապատկան լինելու համար գաղափարական հող նախապատրաստեց, զուգահեռաբար՝ հիմք դրեց նաեւ Հայոց ցեղասպանության պաշտոնական ուրացմանը։ Մեկ-երկու ամսից նա, հավանաբար, Հայաստանի մարզերի սահմանապահ գյուղերը հրապարակային սակարկության կհանի՝ իշխանությունը պահելու դիմաց համաձայնելով ինչի ասես։ Այս շարքն սկսվել էր նրա պաշտոնամուտից անմիջապես հետո՝ ազգային, հայագիտական, հոգեւոր-եկեղեցական մի շարք կարեւորագույն ինստիտուտների եւ արժեքների դեմ անթաքույց եւ քաջալերվող հարձակումներից, մեր հանրության համար ավանդաբար անընդունելի արժեքների հետեւողական քարոզից։ Պարզ է, որ դրա թագն ու պսակը պետք է Արցախի, ապա եւ Հայաստանի ամբողջական հանձնումն ու թուրքացումը դառնար։

Փաշինյանի կաբինետը, փաստորեն, յուրատեսակ տրոյական ձի էր, որով դավադիր վարչախումբը ժողովրդի ձեռքերի վրա նախ բերվեց հարթակ, հետո՝ կառավարության շենք, իսկ պատեհ պահին դավեց այդ նույն ժողովրդին, որը նրան ամեն ինչ ներում ու համբերատար սպասում էր։ Դավադիրներն ամենածանր հարվածը հասցրին բանակին՝ արտաքուստ այն «ելակային փաթեթավորման» ենթարկելով, իսկ ներսից՝ կազմաքանդելով, կառավարման քաոս սերմանելով եւ առաջիկա պատերազմում փաստացի պարտության նախապատրաստելով։

Արցախյան շարժման եւ հաղթական պատերազմի հիմքերի վրա ձեւավորված պետականության ուրացման առաջին ծիծեռնակը 2018-ին ասված այն միտքն էր, թե «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան արցախյան հաղթանակը»։ Պատահական չէ, որ դրա հեղինակը ԵԿՄ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանն էր։ Մի կողմից՝ նա գուժում էր ազատամարտիկների եւ զինվորականների մոտալուտ պարտության լուրը, մյուս կողմից՝ ի լուր հայության ազդարարում, թե որն է իրենց իշխանության գինը։

Ցավալիորեն, մեր ժողովուրդն ու նրա էլիտաներն անգամ այս արհավիրքից հետո այդպես էլ բարձր գիտակցություն չդրսեւորեցին, որ գոնե ինքնուրույն որոշեին սեփական պետության ճակատագիրը։ Դրան, իհարկե, նպաստեց վերջին չորս տարվա հետեւողական եւ ջանադիր պառակտումը, անգիտության սերմանումն ու ներքին թշնամանքի հրահրումը։ Ամբոխի բերած թեկնածուն ինքնին կիսագրագիտության մարմնավորում էր։ Այդ նա չէ՞ր, որ պնդում էր, թե հայերը կովկասցի են։ Փաշինյանը, վստահաբար, Հայաստանի եւ Արցախի աշխարհագրությանն էլ չի տիրապետում, ի զորու չէ քարտեզ կարդալու, սահմանագիծն ընկալելու, կորսված հայրենիքի ֆիզիկական ծավալն զգալու եւ հասկանալու։ Առավելագույնը, որ նա կարող է անել, կրթական ամենացածր ցենզի մարդկանց հասու անհեթեթ խորհրդանշանների շարքն է՝ «դեղին ժիգուլու» հանգույն, ինչն էլ վարպետորեն անում է։

Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ թշնամին հաջողեց գտնել մեկին, որն ամենահարմար թեկնածուն է Հայաստանի եւ հայության դեմ իր վաղեմի ծրագրերը կյանքի կոչելու հարցում։ Դիմադրության ամենաբնական օղակը պետք է լինեին ազգային էլիտաները, որոնք կբացատրեին զանգվածներին, որ հայրենիքի դավադիր կորստի դեմ պետք է պայքարել։ Այդ շարքում կարեւոր է նաեւ եկեղեցու դերակատարումը, որն ընդհուպ կարող էր բանադրել դավաճանին, ինչպես արել է վաղ անցյալում։ Ցավոք, ազգային ընտրանու գործուն դերակատարումն զգալի չէ, փոխարենը կան առանձին օջախներ, օրինակ՝ սյունեցիները, որոնք իրենց պահվածքով հույս են ներշնչում, որ պետությունը դեռեւս վերականգնվելու եւ վերածննդի հնարավորություն ունի։ Դրա համար, սակայն, Նիկոլ Փաշինյանն իր հեռացմամբ պիտի փակի մեր բոլորի բաց եւ արնահոսող վերքը, որ այն սպիանա, ապա եւ ապաքինվի։

Դավիթ Սարգսյան