Հաճելի անակնկալների սպասումով

Հաճելի անակնկալների սպասումով

Մեր մարզասերները, հավանաբար, լավ գիտեն, որ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած 14 երիտասարդ արժանացել է չեմպիոնների պատվավոր տիտղոսին։ Անշուշտ, նաեւ հիշում են, որ առաջինն այդ բարձր կոչումը նվաճել է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը։ Նա չնայած երկրորդ աշխարհամարտից վիրավորված վերադարձել էր տուն, այդուհանդերձ, իր մեջ ուժ էր գտել եւ մարմնամարզության ասպարեզում հրաշալի արդյունքներ ցուցադրել։ Յոթ անգամ անընդմեջ ԽՍՀՄ եւ երկու անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելով՝ նա, բնականաբար, ընդգրկվեց երկրի հավաքականի կազմում եւ 1952 թվականին մասնակցեց խորհրդային մարզիկների համար առաջին օլիմպիական ստուգատեսին՝ դառնալով մրցումների հերոսներից մեկը` չեմպիոնի կոչմանն արժանանալով ե՛ւ անհատական, ե՛ւ թիմային հաշվարկով, երկու վարժություններում էլ դառնալով արծաթե մրցանակակիր։ Ի դեպ, այդ նույն մրցումներում ոսկե մեդալ նվաճեց եւս մեկ հայ մարզիկ` թբիլիսցի ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը։ 

Սակայն հաստատ ոչ բոլորը գիտեն, որ մեր հայրենակիցներն իրենց լավ են դրսեւորել նաեւ ձմեռային օլիմպիական խաղերում։ 1956 թվականին Իտալիայի Կորտինա դե Ամպեցոյում չեմպիոնի կոչմանն արժանացածների թվում էր նաեւ ԽՍՀՄ տափօղակով հոկեյի հավաքականը, որի հաղթարշավը կանգնեցնել ոչ մի թիմ չկարողացավ։ Եվ դա նաեւ այն պատճառով, որ թիմի դարպասը հրաշալի պաշտպանեց մեր հայրենակից, ծնունդով կրասնոդարցի Գրիգոր Մկրտչյանը, ով մինչ այդ Մոսկվայի ԲՄԿԱ-ի կազմում յոթ անգամ նվաճել էր ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Տարիներ անց նրան վստահեցին գնդակով հոկեյի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, եւ վերստին Գրիգոր Մկրտչյանն իրեն գերազանց դրսեւորեց` նրա ղեկավարությամբ ԽՍՀՄ հավաքականը երեք անգամ ճանաչվեց ուժեղագույնը աշխարհում։

Եվս մեկ՝ արդեն կին հոկեյիստ Վիկտորիա Մովսիսյանը հաստատուն տեղ գրավեց ԱՄՆ հավաքականի կազմում՝ 1998 թվականին․ Ճապոնիայի Նագանո քաղաքում ձմեռային հերթական օլիմպիադայի ժամանակ նրա թիմն արժանացավ հաղթողի դափնեպսակին։ 
Իսկ ահա մեր ժամանակակիցներից ինչպես չհիշատակել ձեւավոր չմշկասահքի հանրաճանաչ վարպետ Եվգենյա Մեդվեդեւային (Բաբասյան)։ Նա 2018 թվականին Հարավային Կորեայում անցկացված օլիմպիադայում դարձավ ե՛ւ անհատական, ե՛ւ թիմային հաշվարկով կրկնակի արծաթե մրցանակակիր։ Առիթ է ասելու, որ Եվգենյայի մանկությունն այնքան էլ սովորական չի եղել։ Նրա ծնողները թեեւ համատեղ աշխատել էին Մոսկվայի «Սոյուզմուլտֆիլմի» կինոստուդիայում, այնքան էլ հաշտ ու խաղաղ չեն ապրել, եւ հայրը` Արման Բաբասյանը, բաժանվել էր կնոջից ու վերադարձել Երեւան։ Բայց հոր հետ Եվգենյայի կապը չէր խափանվել։ Սա մեկ անգամ եւս հաստատեց վերջերս կայացած հարցազրույցը 23-ամյա Եվգենյայի (նա արդեն կրում է աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը) եւ նրա անվանի մարզիչ Էթերի Թութբերիձեի մասնակցությամբ։ Հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ հիշել էին իրենց հայկական արմատները, մանրամասներ պատմել հիտլերյան Գերմանիայի դեմ պատերազմի բովով անցած եւ պատմական հաղթանակում հետք թողած մեկի` իր նախապապ Բորիս Գրիգորյանի մասին, որը հասել էր մինչեւ Բեռլին, մյուսը` մայրական կողմից պապի` Պատվական Գրիգորյանի մասին, որը ռազմական օդաչու էր...

Ինչ խոսք, շատերի համար սա հաճելի նորություն էր։ Սակայն այսօր համայն մարզաշխարհի ուշադրության կենտրոնում Պեկինն է, որտեղ փետրվարի 4-ին կայանալու է հերթական՝ 24- րդ ձմեռային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը՝ 95 երկրների ավելի քան 4 հազար մարզիկների մասնակցությամբ։ Անկարելի է չհիշել, որ ամիսներ առաջ թե՛ քաղաքական իմաստով, թե՛ կորոնավիրուսի վտանգի առնչությամբ տարբեր երկրների կողմից համառ պայքար էր մղվում պեկինյան օլիմպիադան չեղարկելու պահանջով։ Այդուհանդերձ, ՄՕԿ-ն ի վերջո որոշում կայացրեց՝ կարեւոր ստուգատեսն անցկացնել սահմանված ժամկետում։ Մինչեւ փետրվարի 20-ը կայանալիք մրցումներում վիճարկվելու է 109 տարբեր ձուլվածքի մրցանակների կոմպլեկտ։

Բնականաբար, «Հրապարակի» ընթերցողներին կհետաքրքրի, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու ձմեռային օլիմպիադայում։ Օրերս հայտնի դարձան այդ վեց երջանիկների անունները։ Նրանցից երեքը` Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանն ու Միքայել Միքայելյանը, դահուկորդներ են, իսկ լեռնադահուկորդների հետ առաջնությունը կվիճարկի Հարություն Հարությունյանը։ 16 տարվա ընդմիջումից հետո վերստին ասպարեզ կմտնեն գեղասահորդները, այս անգամ պարային զույգ կազմած Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։

Եթե խոսենք հնարավոր նվաճումների մասին, կարծում եմ, ավելի շատ հույսեր են ներշնչում գեղասահորդները։ Նրանք իրենց վատ չեն դրսեւորել Գերմանիայի Օբերսֆորդ քաղաքում վերջերս անցկացված միջազգային մրցումներում, իսկ օրերս էլ Տալինում կայացած Եվրոպայի առաջնությունում տեղ գրավեցին՝ 20 առավել աչքի ընկած զույգերի կազմում, որոնք նվաճեցին օլիմպիադայի ուղեգրեր։

Դե, իսկ ընդհանրապես, ո՞վ չգիտի, որ ցանկացած խոշոր մրցասպարեզներում միշտ էլ գրանցվում են բազում անակնկալներ։ Այնպես որ, լինենք լավատես եւ հուսանք, որ այս անգամ մեզ էլ կժպտա հաճելի անակնկալների բախտը։

Միսակ Նազարյան