Գոնե մի գրանտ էլ այդ թեմայով շահեն. Վահան Թումասյան

Գոնե մի գրանտ էլ այդ թեմայով շահեն. Վահան Թումասյան

Մեկ ամիս է՝ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները լուծարվել են:

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով փակվել է նաև Գյումրու «Թռչունյան տուն մանկատունը»: Հաստատությունների լուծարման արդյունքում 100-ից ավելի երեխաներ վերադարձել են ընտանիք: Բայց թե ինչ պայմաններում եւ ինչպես են ապրում, շատերի ճակատագիրն անհայտ է: Գյումրիում գործող «Շիրակ» կենտրոնի աշխատակիցները հասցրել են այս օրերին շուրջ 10 ընտանիքի հետ շփվել եւ նրանց` գիշերօթիկից վերադարձած երեխաներին փորձել ադապտացնել նոր կյանքին: Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, այնքան էլ հեռու չգնալով, պատմում է ընտանիքներից մեկի մասին, որին բնակարանով իրենք վերջերս ապահովել են: «Այդ ընտանիքը դժբախտ պատմություն ունի: Մայրը մահացած է, հայրը գոմում էր ապրում, երեխաներից երկուսն արդեն մանկատանն էին, երկուսին էլ ժամանակին գոմի մի անկյունում ծվարած  գտանք, երկար տանջանքներից հետո 4 երեխաներին էլ կարողացանք տեղավորել նույն մանկատանը: Ինչևէ, մեկ ամիս է՝ մեր բարերարի շնորհիվ նրանց ապահովել ենք ամեն ինչով, բայց կա մի բայց….»,-խոսքն անավարտ թողնելով՝ խորը հոգոց է հանում նա: Իսկ ո՞րն է այդ բայցը:  

Պարզվում է, ըստ մեր զրուցակցի, գիշերօթիկներում եւ մանկատներում մեծացած երեխաները որքան էլ որ ինքնուրույն են, նույնքան հեռու են կենցաղավարությունից, նրանք անգամ հասարակ լվացքի մեքենա եւ գազօջախ միացնել չգիտեն: «Երեխաներին այդ ջերմոցային վիճակից պետք է հանել»,-ասում է նա՝ շարունակելով. «Նույն այդ ընտանիքի, որի մասին խոսեցի, չէի ասի՝ հայրը  վատն է, բայց 13 տարեկան տղային դպրոց է տարել-ընդունել 16 տարեկան քույրը: Մենք բնակարանը, գույքով ապահոված, հանձնել էինք իրենց: Գումար էինք տվել, որ լվացքի մեքենան միացնելու համար վարպետ կանչեին: Մինչդեռ, գնում-տեսնում ենք, որ ոչինչ արված չէ, ստիպված ինքներս կարգավորեցինք»:

Վահան Թումասյանը, երկար տարիների փորձն աչքի առաջ ունենալով, նշում է, թե այս հարցում պետության աջակցությունն ակնկալել ամենևին չարժե, նա այլ բան է առաջարկում. «Հայաստանում հարյուրավոր ՀԿ-ներ կան, նրանցից շատերը երազում են արտերկրներում կամավորական աշխատանքների մեկնել: Սակայն մեր կողքին կան ընտանիքներ, հատկապես հատուկ խնամքի կենտրոններից, գիշերօթիկներից տուն վերադարձած երեխաներ, որոնց հետ սոցիալական և հոգեբանական աշխատանք է պետք տանել: Պարզապես երիտասարդներին կոչ եմ անում և խնդրում եմ` այցելեք այդ երեխաների ընտանիքներին, աշխատեք և օգնեք նրանց, որպեսզի կարողանան նորմալ կյանքին ընտելանալ: Գոնե մի գրանտ էլ այդ  թեմայով շահեն»:

Չնայած այս դեպքում էլ Վահան Թումասյանին մի միտք է անհանգստացնում: «Թեպետ դա էլ իր վտանգն ունի: Կարող են մտնել ընտանիքներ եւ այլ արժեքներ քարոզեն, հիմա էլ ասեն՝ մեր երեխաներին այս ինչ արեցիք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն դեպքում բարձիթողի վիճակն ինչ-որ կերպ վերահսկել է պետք: