Հայկական «դրախտի» անեծքը

Հայկական «դրախտի» անեծքը

Միջազգային ինչ-որ կազմակերպության հարցումներով՝ հարեւան վրացիներն ու ադրբեջանցիներն իրենց ավելի երջանիկ են զգում: Վրաստանը կորցրել է Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, Ադրբեջանը՝ պարտվել երկու պատերազմում: Սոցիալական վիճակն էլ երեք երկրներում գրեթե նույնական է: Բայց ինչու՞ մենք մեզ դժբախտ ենք զգում: Մեր մի ոտքն ինչու՞ մշտապես դրսում է: Որոնումների, սպասումների մեջ ենք:

Ոչ մի իշխանության հետ հաշտ չենք: Ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը, լինի նրա անունը Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան կամ Նիկոլ Փաշինյան՝ պետք է երկիրը դարձնի դրախտ, որպեսզի մենք բարեհաճենք ապրել այնտեղ եւ մեզ երջանիկ ու գոհ զգանք: Վարչապետին ծաղրում են, թե գյուղացուն հորդորում է ոչխար պահել: «Նիկոլ, բա սրա համար հեղափոխություն արի՞նք»- սպանդանոցային մորթի դեմ բողոքողն է ասում:

Բալային համակարգից դժգոհ վարորդը: Ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: «Դա ծաղր է»- ֆեյսբուքում բարբառում է հայ մտավորականը: Որ ուսուցչի աշխատավարձը պետք է եռապատկել-քառապատկել՝ անվիճելի է: Բայց որտեղի՞ց: Խորհրդային Միությունն արդեն երեսուն տարվա հանգուցյալ է, իսկ մեր գյուղերում դեռ երազում են ունենալ մի 40-50 աշխատատեղով արտադրություն:

Առավոտյան գնան, երեկոյան մաքուր տուն դառնան: Ընթրեն, հեռուստացույց նայեն, մի երկու ժամ ֆեյսբուքում «լռվեն»՝ մինչեւ քնելու ժամը կգա: Վաղ երիտասարդության տարիների ամենասուր զգացողություններից մեկն ունեցել եմ, երբ լսել եմ, որ Ստալինից հետո գյուղացիներին անհատական տնտեսություն ունենալու արտոնությունը սրամիտներից մեկին մղել է բանաստեղծելու՝ վեց ոչխար է, երկու կով, կեցցե ընկեր Մալենկով:

Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ «Ահնիձոր» էսսեն գրել է մի մղումով՝ պետությունը թույլ տա, որ Իգնատ հայրը ձի ունենա: Աշխարհում հրաշագործ կառավարություն չի եղել, չկա եւ չի լինելու: Ամերիկան հզորացրել են ամերիկացիները: Պատերազմում պարտված, հաղթողներից մինչեւ վերջին թելը կողոպտված Գերմանիան ոտքի է կանգնել ոչ թե Մարշալի ծրագրի, այլ՝ գերմանացիների տոկունության եւ արժանապատվության շնորհիվ: Իսրայելը ծաղկուն երկիր է, որովհետեւ հրեաները պաշտում են իրենց հայրենիքը: Հրեա ներգաղթողները պատրաստի տուն չեն պահանջել: Ապրել են վրանների տակ, օրինիբուն աշխատել: Սինգապուրյան հրաշքը սինգապուրցիների ստեղծածն է: Երբ վրացի ոստիկաններին ամսական 2000 դոլար աշխատավարձ էին վճարում, ոչ ոք չբողոքեց:

Նոր տարվա շեմին haqqin.az-ը ներկայացրել էր ադրբեջանական միջին-վիճակագրական ընտանիքի տոնական սեղանի ճաշացանկը: Մերի համեմատ՝ ողորմելի պատկեր: Կառավարության մե՞ղքն է, որ հայերս վարկ ենք վերցնում, որպեսզի ճոխ Ամանոր անցկացնենք:  Միայն թե հարեւանից հետ չմնանք: Կառավարության մեղքը չէ, որ տասնյակ հազարավոր հայաստանցիներ նոր տարին նշել են Հայաստանից դուրս: Հաստատ ավելի շատ են ծախսել, ոչ մի «թագավորական» հաճույք էլ չեն վայելել: Բայց դե հայ ենք, չէ՞, մի անգամ մեզ «Մանթաշով» չզգա՞նք: «Այս խանութում թուրքական ապրանքներ չեն վաճառվում»- բայց Ստամբուլում հազարավոր հայաստանցիներ օրավարձու աշխատանքի են: Դեմիրճյանի «Հայն» ես ակամայից հիշում:

Եւ մտածում, թե ո՞վ, ե՞րբ է հնարել հայկական «դրախտի» առասպելը, որ սերնդե-սերունդ փոխանցվել, կարծրացել եւ մեր հավաքականության վրա ծանրացել է որպես անեծք. «Սա երկիր չի դառնա»:

Չի դառնա, եթե երկրում ապրելը հերոսություն է համարվում, չապրելը՝ երջանկություն: Երեւի մեր անկախությունն ու ինքնությունն օտարներին ավելի է պետք, քան՝ մեզ: Եւ դրա համար էլ կա Հայաստանը: Բայց դա ընդմի՞շտ է մեզ տրված: