Թքելը՝ որպես ինքնահաստատման միջոց

Թքելը՝ որպես ինքնահաստատման միջոց

Մեր ժողովրդի պատմության առանցքային պահերին հասարակության գրագետ եւ մտածող՝ չափազանց փոքր հատվածը բախվում է մեծամասնության անադեկվատ վարքագծին: Այդ երեւույթն առկա է նաեւ սովորական պահերին, ուղղակի այն այդքան ծանր չի ընկալվում: Այդ երեւույթի առաջին գրավոր արձանագրմանը մենք հանդիպում ենք դեռեւս 1500 տարի առաջ գրված՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում: Դժբախտաբար, մեկուկես հազարամյակում ժողովրդի մտածողության եւ հոգեբանության առումով մենք առաջընթաց չենք ունեցել: Սակայն անադեկվատությունն այդպիսին է միայն վերը նշված փոքրամասնության տեսակետից: Որովհետեւ մնացածների համար իրենց վարքը բնական է եւ նորմալ: Դա մոտավորապես նույնն է, ինչ ջունգլիներում տեղի ունեցող բնական պայքարը, որի դեպքում ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: 

Իսկ թե ինչու չունեցանք առաջխաղացում՝ գրվել է բազմաթիվ մտածող անհատների կողմից: Հիշատակեմ հիմնականները՝ պետականության կորուստ, թշնամիների կողմից նախարարական տների իսպառ ոչնչացում, կրոնական հիմքի վրա քաղաքացիական պատերազմներ (պավլիկյան եւ թոնդրակյան շարժումներ), վայրի եւ վայրենի ցեղերի տիրապետություն, իրավունքների բացարձակ բացակայություն, ի վերջո՝ ցեղասպանություն եւ հայրենազրկում… Մեկ ուրիշ ժողովուրդ այդքանից հետո երեւի վերանար պատմական թատերաբեմից, սակայն մենք ոչ միայն չվերացանք, այլեւ կարողացանք նույնիսկ հաղթել մեր դարավոր թշնամուն եւ պետականություն վերստեղծել: Սակայն չունեցանք ժողովրդի մտավոր եւ հոգեկան առաջընթացն ապահովող մեխանիզմներ ստեղծելու ցանկություն, քանզի չզգացինք դրա անհրաժեշտությունը: Դրա գաղափարը չդարձավ գերակա նույնիսկ անկախանալուց հետո:
Ինչի հետեւանքով իշխանությունը կենտրոնացավ այն անձանց ձեռքում, ովքեր ամենից ավելի էին համապատասխանում հասարակության մեծամասնության պատկերին: Դա, ի դեպ, իմ գաղափարը չէ, չնայած չեմ էլ հիշում, թե ով է հեղինակը: Անկախության առաջին տարիներին իրավիճակը հենց այդպիսին էր: Սակայն 21-րդ դարի 10-ական թվականների կեսերից իրադրությունը չափազանց դանդաղ կերպով սկսեց փոխվել: Եվ աստիճանաբար գրագետը սկսում էր հարգանք վայելել, իսկ գիտությունն էլ ազատվում էր հաստ վզի ոսկյա շղթայի լծից: Դրա դրսեւորումներից էր նախկինում միայն գողական կամ կիսագողական վարքով հայտնի մեկ-երկու պաշտոնատար անձանց կողմից գիտությունների թեկնածուի կարգավիճակ գնելը: Կամ, ավելի ճիշտ՝ պատրաստի դիսերտացիա գնելը, քանի որ բուհական ուսումնառության գրավորները վաճառվում էին ավելի վաղուց եւ գնվում էին ընդամենը թվանշան ապահովելու համար: 

2018 թվականի ապրիլյան իրադարձությունները մեզ թվացին հինը մերժելու, սակայն նկատվող առաջընթացն ավելի արագ տեմպերով կյանքի կոչելու հնարավորություն: Հատկապես բնության գարնանային զարթոնքին համընթաց շարժման մասնակիցները մեզ թվացին նվիրյալներ: Նրանց ճանաչում էինք ու կարծում էինք, որ հենց նրանք են լինելու այն անձինք, ովքեր կատալիզատորի դեր են կատարելու հասարակության վերափոխման գործում: Իրականում ստացանք ճիշտ հակառակը՝ նրանք ընդունեցին մեծամասնության կերպարը: Եվ այն թեթեւ առաջընթացը, որ առկա էր դրանից մի քանի տարի առաջ, լրիվ ընկավ ջուրը: Ինչը հատկապես բացահայտվեց խայտառակ պարտությունից հետո: Ինչն էլ գիտակցելով, ինչպես նաեւ հասուն տարիքիս բերումով ինձ համար անսպասելի չէր վախկոտների «ինքնահաստատումը»՝ ինչպիսի դրսեւորում էլ այն ընդունի. քացի տալ, թքել, ձայն բարձրացնել եւ այլն: Որքան էլ անպասելի հնչի՝  այսօրվա «ժողովրդավարական» Հայաստանում ամենատհաճ եւ ոչ ընդունելի վարքագիծը ես համարում եմ բնական: Եվ, դժբախտաբար, հասարակության մեծամասնության համար՝ մեծ հաշվով, ընդունելի: Եթե այդպես չլիներ, ապա այդ մեծամասնությունը վաղուց էր պատմության աղբարկղ նետել Փաշինյան Նիկոլի իշխանությունն ու դրա դերակատարներին:

ՀԳ. Չնայած վերը նշվածին՝ ես հույսս չեմ կորցնում, որ տեսանելի ապագայում մեր ժողովրդի փոքրամասնությանը կհաջողվի իշխանությունից հեռացնել վարչապետի պաշտոնին կառչած անձին եւ նրա կամակատարներին: