Գարնանային սրացումներ, ուրիշ՝ ոչինչ

Գարնանային սրացումներ, ուրիշ՝ ոչինչ

Ինչի՞ հետ են կապված իշխանությունների վերջին գարնանային սրացումները, եւ ինչո՞ւ են դրանք, որպես կանոն, հանգեցնում տխուր իրողությունների՝ «մարդաբոյ» ԱԺ-ում, քաղաքացիների վրա էկզոտիկ կենդանիներին վայել հարձակումներ, այս ամենի մասին սոցկայքերում իշխանական լակոտակրատիայի սուտ վկայություններ ու ծիծաղաշարժ արդարացումներ եւ այլն: Ի՞նչ է պատահել, վերջապես, որ ՀՀ իշխանությունները հայտնվել են շոկի մեջ: Թշնամի՞ն է առաջ եկել: Բայց դա արդեն սովորական բան է: Թշնամին, երբ դիմադրության չի հանդիպում, միշտ էլ առաջ է գալիս, հո հետ չէ՞ր գնալու: Իսկ գուցե Աննա խանումի հերթական անխոհեմ հայտարարությո՞ւնն էր պատճառը, որ Ալեն Սիմոնյանը նետվեց մարտադաշտ՝ ավելի մեծ աղմուկ հանելու համար:

Ընդդիմությունը, երբ դեռ Վլադիմիր Վարդանյանի արյունն էլ չէր հասցրել չորանալ, հայտարարեց, որ իշխանության ներկայացուցիչը սադրանք է իրականացրել Ադրբեջանի վերջին առաջխաղացման հետ կապված աղմուկը նոր աղմուկով ծածկելու նպատակով: Եթե այս տեսանկյունից նայենք հարցին, ապա կարող ենք ասել, որ իշխանությանն իսկապես հաջողվեց դա անել: Բայց մյուս կողմից էլ՝ արժե՞ր այդքան թանկ վճարել Սյունիքից նոր հատվածներ Ադրբեջանին հանձնելու աղմուկը լռեցնելու համար, եթե իրենք՝ սյունեցիները, ընդամենը մի քանի օր առաջ իմանալով, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը, քվե են տալիս այդ նույն իշխանությանը: Մի՞թե հնարավոր չէր, մատնացույց անելով բազմահազար սյունեցիների քվեն, լռեցնել թշնամու առաջ գալու հետ կապված բոլոր տեսակի աղմուկները: Ստացվում է, որ Վլադիմիր Վարդանյանն իզուր էլ ձախ աչքով հարձակվեց Մհեր Սահակյանի աջ ձեռքի վրա:

Իսկ ինչ վերաբերում է Աննա խանումի, շատ ներողություն, դուրս տված ապուշությունների աղմուկը Ալեն Սիմոնյանի թքով կտրելուն, ապա դարձյալ պիտի ասեմ, որ իշխանությունները հերթական աննպատակ ծախսն են կատարել վարչապետի տիկնոջը դեպքի վայրից, իսկ աղմուկն էլ նրա փեշերից հեռացնելու համար: Մի ամբողջ ԱԺ նախագահ զոհել, ինչ է թե Աննա Հակոբյանը մի հայտարարություն էր արել, որի համար նրան կարելի էր շատ հանգիստ դատել: Բայց ենթադրենք՝ դատեին: Ի՞նչ էր փոխվելու դրանից, կամ ի՞նչ վճիռ էին կայացնելու: 11 հազար դասալիքի մասին տեղեկությունը, որ ուզում եք իմանալ, պետք է ամենաշատը հուզեր Հայոց բանակի 2020 թվականի ղեկավարությանը:

Ու եթե այդ ղեկավարությունը ձայն չի հանում, ո՞րն էր Ալեն Սիմոնյանին փուռը տալու իմաստը: Եվ, առհասարակ, առաջին անգամը չէր, որ իշխանության «բարձրաշխարհիկ» ներկայացուցիչը մեղավորներ նշանակեց 44-օրյա պատերազմը հայկական կողմի համար կապիտուլյացիայով նշանավորելու հարցում: Աննա Հակոբյանը շատ պարզ արտահայտվեց՝ ես այդ պատերազմում զոհվածներին ու նրանց հարազատներին բոլորից շատ եմ սիրում, բայց չեմ կարող չասել, որ 44-օրյա պատերազմում 11 հազար դասալիք ենք ունեցել: Ինչո՞վ էր մտածում տիկինը կամ՝ ընդհանրապես մտածո՞ւմ էր արդյոք, երբ նման հայտարարություն էր անում իր կողմից շատ սիրված զոհերի հարազատների առաջ, որոնց ուղղակի հասկացնում էր, որ այդ 11 հազար դասալիքներն են պատճառը, որ իրենց զավակներն ընկան մարտի դաշտում: Եվ ոչ մի գեներալ, ոչ մի պետական այր լեզու չի առնում՝ սույն տիկնոջն ասելու՝ «ձենդ կտրի, ախչի», այդպես չի կարելի: Ու մնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ եւ «պատերազմ տեսած երեւանցի տղա» Ալենը գնա ու Աննա Հակոբյանի պատճառով ընկնի, շատ ներողություն, ք.ի մեջ:

Իսկ հիմա՝ երկու խոսք այն մասին, թե ինչպես են մեկնաբանում այս սրացումները ՀՀ իշխանական լակոտակրատիան եւ նրա մերձավոր շրջապատը: Սրանց կարծիքով՝ պատճառը Հռոմի ստատուտն է, որ իրենք պատրաստվում են վավերացնել, իսկ ընդդիմությունը փորձում է խանգարել: Վերեւում արդեն ասացի, որ սրանք սոցցանցերում ամեն ինչ անում են, որպեսզի իրենց սրացումներին միջազգային հնչեղություն հաղորդեն, եւ չեն խորշում անգամ սուտ մատնություններ անելուց եւ կեղծ թիրախներ նշանակելուց: Օրինակ, հայտարարում են, որ Վլադիմիր Վարդանյանը, որպես պետաիրավականի նախագահ, իր համար քննարկում էր Հռոմի ստատուտի վավերացնել-չվավերացնելու հարցը, մեկ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը եկավ, ու տուր թե կտաս «աշկին»: Դե արի ու սրանց բացատրի, որ ոչ մի ոստիկան չի հավատա այս վերսիային, էլ ուր մնաց պողոսները հավատան: Պողոսները, իհարկե, ավելի վաղ նման իրավիճակի ականատես էին եղել մեկ անգամ, երբ զուտ ճակատագրի հեգնանքով ԱԺ-ում հայտնված ոմն Վահագն Ալեքսանյան տեղից թռավ ու հարձակվեց ելույթը դեռ չավարտած ընդդիմադիր պատգամավորի վրա: Բայց Վահագն Ալեքսանյանը ՔՊ-շնիկ պատգամավոր էր, իշխանության, այսպես կոչված, ներկայացուցիչ եւ, ըստ պողոսի, հավանաբար, կարող էր իրեն նման բան թույլ տալ, բայց Վլադիմիր Վարդանյանի հետ պատահածը լրիվ հակառակի մասին էր՝ ընդդիմադիրն էր, իբր, հարձակվել: Իսկ ամենազավեշտալին էլ այն էր, որ նույն Վահագն Ալեքսանյանն էր բոլորից բարձր բղավում, թե նախահարձակ է եղել ընդդիմադիր պատգամավորը:

Ստեղծված իրավիճակը շատ ավելի «հետաքրքիր» են ներկայացնում իշխանամերձ շրջանակները: Այստեղ հավաքված են առավել շուստրիները, որոնք փորձում են իշխանության հետ պատահածը քրեական դաշտից տեղափոխել գոնե մեկ աստիճանով ավելի բարձր հարթություն եւ այն ներկայացնել որպես ՀՀ անկախության համար իրենց չխնայող ՔՊ-շնիկների պայքար՝ ռուսամետ ընդդիմության դեմ: Կարծում եմ՝ Նիկոլն է սա հուշել այդ շրջանակին, այլապես, օրինակ, Սծյոպիկ Սաֆարյանն ինչպե՞ս պետք է ինքնուրույն գլխի ընկներ, թե ինչու են խփել Վլադիմիր Վարդանյանին, կամ ինչու է Ալեն Սիմոնյանը թքել քաղաքացու վրա:

Սծյոպիկն իր ֆեյսբուքյան տնամերձում գրեց. «Սադրանքների թիրախները շատ տեսանելի են: Նախ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ապա՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ապօրինի գույքի բռնագանձման ու Հռոմի ստատուտի վավերացման դեմ ճակատը ուղղակի ջանք չի խնայում»: Հուսամ՝ կարիք չկա եւս մեկ անգամ ասելու, որ էս բոյի «շոպլիկություն» միայն Ճըպըլ Սծյոպիկը կարող էր իրեն թույլ տալ: Բայց հիմա դրա ժամանակը չէ: Նրա գրառման միտք բանին հասկանալու համար նախ պետք է հեռացնել «ապօրինի գույքի բռնագանձման» բառերը, որովհետեւ «ապօրինի գույքի բռնագանձման դեմ» ճակատ, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսն ինքնին իրավական խնդիր է, եւ ԱԺ-ն դրա հետ առնչվում է բացառապես այն դեպքերում, երբ խոսքը որեւէ պատգամավորի է վերաբերում, ու պետք է ԱԺ-ն տա իր համաձայնությունը: Ի վերջո՝ ապօրինի գույքն այնպիսի մի բան չէ, որ ՔՊ-շնիկ պատգամավորներից, օրինակ, Մելքոնյան Գագոն, Արսենյան Գուրգենը կամ Սուքիասյան Խաչատուրը չունենան: Ի՞նչ է, ՔՊ-ն պետք է հանուն նշվածների ապօրինի գույքի պաշտպանության ճակա՞տ ձեւավորի: Եվ ուրեմն միանշանակ է, որ Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյանն այստեղ շոպլիկություն է անում: Այո, սույն իշխանամերձ շրջանակը, որովհետեւ նաեւ ՍԴ դատավոր քույր ունի, առավել անհանգստացած է Հռոմի ստատուտի հարցով, որի վավերացումը կարող է տեղի չունենալ, եւ ՀՀ իշխանությունները կզրկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պատեհ հնարավորությունից:

Փաստորեն, Սծյոպիկն անկեղծորեն հավատում է, որ ընդդիմությունը, բանուգործը թողած, Պուտինի ապագայի մասին է մտածում եւ, որպես թիրախ, ընտրել է Վլադիմիր Վարդանյանին եւ Ալեն Սիմոնյանին: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ Վլադիմիր Վարդանյանն ու Ալեն Սիմոնյանն իրենց տեսնո՞ւմ են Պուտինին բռնելու նպատակով ձեւավորված թիմում: Խոսքի օրինակ՝ Ալեն Սիմոնյանն իրեն տեսնո՞ւմ է Մելքոնյան Գագոյի ու Ճըպըլ Սծյոպիկի կողքին: Չեմ կարծում: Ալեն Սիմոնյանն օրումեջ Մոսկվա գնացող տղա է, պուտինյան մեծամասնության հետ մոտիկից շփվող… Ու ո՞նց պիտի Ալեն Սիմոնյանն ընդդիմության կողմից թիրախավորվի, որպես Պուտինին բռնել պատրաստվող հերոս: