Ինչու էր երեկվա հանրահավաքը կարևոր

Ինչու էր երեկվա հանրահավաքը կարևոր

Երեկ` ապրիլի 4-ին, Երեւանում, Բաղրամյան փողոցում՝ ԱԺ-ի դիմաց հանրահավաք տեղի ունեցավ։ Սկիզբը 16։00-ին էր։ Նախաձեռնողը «Միասին» հասարակական-քաղաքական շարժումն էր։ Վերջինս ավելի վաղ համառոտ հաղորդագրություն էր տարածել՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Օրակարգում 2 հարց ունենք՝ Արցախի ճանաչում եւ օրվա իշխանությունների հեռացում։ Հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, սոցիալական ցանցերի ընկերներ, եկեք՝ տեսնենք ինչ ենք անում։ Վաղը կարող է ուշ լինել»։

Ներհայաստանյան քաղաքական դաշտում տեւական դադարից հետո սա, թերեւս, առաջին զանգվածային միջոցառումն էր եւ, որպես այդպիսին, չէր կարող հանրային ուշադրությունից դուրս մնալ։ Հատկապես որ օրակարգն էլ չափազանց հասկանալի էր ու հստակ։ Եվ մարդիկ էլ, որոնք դժգոհ են այս ամիսներին ընդդիմության պասիվությունից եւ կարծում են, որ պետք է փողոցային պայքար մղել, իսկ ընդդիմությունը փողոց դուրս չի գալիս, նման պատվեր-պահանջ էին իջեցրել:

Իհարկե, հասկանալի է, որ այս հանրահավաքով շատ բան չէր կարող փոխվել եւ չփոխվեց։ Ասենք, ո՛չ Փաշինյանին «տուն ճանապարհեցին», ո՛չ Ազգային ժողովի չափն անցած մեծամասնությանն իրենց տեղը ցույց տվեցին: Հայաստանի գործող իշխանությունների ճակատագիրն այս հանրահավաքով չէ, որ պիտի վճռվեր։ Նման ակնկալիքներ ունենալը քաղաքական միամտություն կլիներ, եթե հաշվենք, թե քանի տարի պահանջվեց, որպեսզի հասունանա փոփոխությունների պահանջը, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էլ նախապատրաստվի։ Սակայն այս հանրահավաքը կարեւոր էր նրանով, որ կարծես թե ցույց տվեց, որ հայաստանյան քաղաքական դաշտը ձմեռային տեւական քնից արթնանալու միտումներ է դրսեւորում, ինչն արդեն լավ է, ողջունելի է։ Այսինքն՝ թիվ մեկ ակնկալիքը, որն ուներ հասարակությունն այդ հանրահավաքից, հենց դա էր՝ քաղաքական արթնության ազդակ հաղորդելը հասարակությանը։ Այդ ազդակն արդեն հաջորդիվ պետք է աշխուժացնի մեր երկրի ներքաղաքական կյանքը։
Ներկայիս իրավիճակում Հայաստանի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է ակտիվ քաղաքական կյանք ունենալը։ Ընդ որում, դա միայն մամուլի հրապարակումների ու հայտարարությունների տեսքով չէ, որ պետք է լինի, այլ հենց հանրահավաքների, քաղաքական ակցիաների եւ այլ նմանատիպ միջոցառումների։ Դա կարեւոր է թե՛ որպես իշխանությանը քիչ թե շատ զգոնության մեջ պահելու, թե՛ արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում հասարակությունը «գազն անցած ջերմուկ» չէ, որտեղ ինչ տեսակ որոշում ասես՝ կարելի լինի «անցկացնել» կամ «պարտադրել»։

Իհարկե, աշխարհաքաղաքական իրադարձություններն ու աշխարհի վերադասավորումներն իրենց հերթին մեր առօրյա կյանքի վրա սկսել են ազդեցություն ունենալ, սակայն, մյուս կողմից, որքան էլ լինենք խոցված ու թույլ, այնուհանդերձ, գոնե մի փոքր «դիմադրություն» հարկավոր է, որպեսզի մեզ առհասարակ «անատամ կակղամորթի» տեղ չդնեն։ Գուցեեւ, մեծ հաշվով, արդյունքները լինեն չափազանց փոքր, սակայն գոնե հանուն խղճի հանգստության, հարկավոր է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի հետո «հանցավոր անգործության» կամ «հանցավոր անտարբերության (անփութության)» մեջ ինքներս մեզ մեղադրելու առիթ չունենանք։