Ասֆալտին փռվելու և պատերին ծեփվելու որևէ գործընթաց ինձ հայտնի չէ. Կոտայքի մարզպետ

Ասֆալտին փռվելու և պատերին ծեփվելու որևէ գործընթաց ինձ հայտնի չէ. Կոտայքի մարզպետ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օր է, դեկտեմբերի 9-ին տեղի կունենա ԱԺ-ի արտահերթ ընտրությունները, որին մասնակելու են 11 քաղաքական ուժեր: Սովարաբար ընտրություններից առաջ նախաընտական կրքերը լարվում են, եւ այս ընտրությունները բացառություն չեն: Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին Հրազդանի ոստիկանության բաժին են հրավիրվում ԲՀԿ-ի շտաբի աշխատակիցներին. «Տանում են բաժին հարցաքննում են, բաց թողնում, միայն ԲՀԿ-ի շտաբի պետերին, կարծում եմ Հրազդանում միակ ուժն ենք, որ խոչընդոտում է իշխանական ուժին: Ինչո՞ւ ուրիշ շտաբների աշխատակիցներին չեն տանում » ,-ասաց զրուցակիցս:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Հրազդանի ոստիկանապետ Վաղինակ Ավետիսյանին, ով էլ իր հերթին հերքեց՝ ասելով որ ոչ մի շտաբի պետի բաժին չեն հրավիրել:

Մի քանի հարց էլ ուղղեցինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

-Պարո´ն Պետրոսյան, ԱԺ-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ իրավիճակը լարվում է նաեւ Կոտայքի մարզում: Ահազանգեր ենք ստանում, որ Հրազդանի ոստիկանության բաժին են տարվում շտաբի պետեր: Ո՞ւմ հրահանգն է կատարում ոստիկանապետը:

-Ես ընտրարշավի մեկնարկից ի վեր գտնվում եմ պաշտոնական արձակուրդի մեջ և որևէ կերպ չեմ իրացնում մարզպետի լիազորոթյունները: Բայց որպես թեկնածու և Կոտայքի քաղաքացի, պետք է նշեմ, որ չէի ասի, թե լարված նախընտրական մթնոլորտ ունենք Կոտայքում այս պահին: Բերման ենթարկումների մասով որևէ ինֆորմացիա չունեմ, իսկ ոստիկանապետը, վստահ եմ, ինչպես իրավական բոլոր երկրներում, պետք է առաջնորդվի բացառապես օրենքով և իր վերադասի ծառայողական հրահանգներով:

-Լուրեր են շրջանառվում, որ ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը կզբաղեցնեք եւ մարզում կարգ ու կանոն կհաստատեք, անգամ չեք թողնի, որ ձեր թիմակիցները անօրինական քայլել կատարել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Կոտայքի մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու որոշումը բացառապես վարչապետինն ու քաղաքական թիմինս է, որն ակնհայտ կդառնա ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո միայն: Սակայն հարցադրման 2-րդ մասով պետք է ասեմ, որ դա միանշանակ է, որտեղ էլ որ ես իրացնելիս լինեմ իր լիազորություններն ու պարտականությունները, օրենքի գերակայության հաստատումն առաջին հերթին թիմակիցներիցս է սկսում:

-Կոտայքի մարզում ասֆալտին փռելու կամ պատին ծեփելու պրոցես կա՞: Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք արժանացել են այդ բախտին:

-Ինձ այս պահին ասֆալտին փռվելու և պատերին ծեփվելու որևէ գործընթաց հայտնի չէ՝ որն իրականացվում է մեր մարզում:

-ՀԿ-ի շահերը առանձնակի ոգևորությամբ պաշտպանող նախկին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, սկսել է հայտարարություններ, մասնավորապես ասելով. «Սասուն Միքայելյանին հարցրեք՝ Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին»: Ի՞նչ գնահատական կտաք, այս հայտարարությանը:

-Այս հայտարարություններին անդրադարձել է նաև վարչապետը, ուստի հարկ չեմ համարում լրացուցիչ մեկնաբանել, ըստ իս, ակնհայտ է, որ զրպարտանքի հետ գործ ունենք՝ նախընտրական պրոցեսով պայմանավորված:

-Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն շանս ո՞ւնի նորից հայտնվելու խորհրդարանում։

-Կարծում եմ ՀՀԿ-ն որևէ շանս չունի՝ հայտնվելու առաջիկա խորհրդարանում. սա նրանց համար իդեալական շանս է՝ գնալու 5-ամյա խորքային ինքնամաքրման, որպեսզի այլևս նման քաղաքական գոյացություն չունենանք մեր պետության քաղաքական առօրյայում: