Այն, ինչ կատարվում էր բունկերում, մեզ հայտնի չէր՝ մեր մուտքն այնտեղ արգելված էր

Այն, ինչ կատարվում էր բունկերում, մեզ հայտնի չէր՝ մեր մուտքն այնտեղ արգելված էր

Հայ-ռուսական Լազարեւյան ակումբի երեկվա նիստի օրակարգը խորհրդանշական էր՝ պատերազմից հետ Հայաստանում ու Արցախում տիրող քաղաքական իրավիճակը։ Քննարկումը տեղի ունեցավ որպես «հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների ու իրողությունների» շուրջ ուղիղ երկխոսություն։ Մասնակիցների կազմը եւս խոսուն էր՝ ռուսամետ քաղաքական ու քաղաքագիտական դաշտն ամբողջութամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ (որոնք, ի դեպ, կեսից լքեցին քննարկումը՝ «առանց մեկնաբանության» պատասխանելով մեր բոլոր հարցերին), Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան եւ Բակո Սահակյան՝ պատվավոր հրավիրյալների կարգավիճակում, ընդդիմության՝ վարչապետի նախկին միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյան, ՀՀ-ում գործող լրատվամիջոցների ղեկավարներ։ Հայկական կողմի ելույթներում՝ Արտաշես Գեղամյան, Արմեն Ռուստամյան եւ այլք, կարմիր թելի նման անցնում էր այն գաղափարը, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերաթարմացվեն՝ սկսած իրավապայմանագրային բազայից, այսինքն՝ ՀՀ-ՌԴ նոր տիպի համաձայնագրերի կնքման կարիք կա։ Համաձայնագրեր, որոնք առավել կհամապատասխանեն հայ ժողովրդի ակնկալիքներին։ 

Քաղաքագետ Արամ Սաֆարյանը, նշելով, թե ուրախ է, որ ընտրություններին մասնակցող «պատասխանատու քաղաքական ուժերը»՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն ու ԲՀԿ-ն, բաց եւ անկեղծ հանդես են գալիս ռուսամետ դիրքորոշումներով եւ ասում են, որ Ռուսաստանի հետ մեզ անհրաժեշտ է նոր միություն, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ամրացում եւ խորացում, հույս հայտնեց, որ հունիսի 21-ից հետո 8-րդ գումարման ԱԺ-ում այս ուժերի ներկայացված լինելը հնարավորություն կտա՝ «կատարելով հայ ժողովրդի մեծամասնության կողմից իջեցված սոցիալական ու քաղաքական պատվերը, լրջորեն, պատասխանատու մակարդակով քննարկել հայ-ռուսական հարաբերությունների հարցը եւ դնել Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ նոր միություն ստեղծելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը»։ Սաֆարյանը չթաքցրեց, որ խոսք կարող է լինել Հայաստան-Ռուսաստան միութենական հանրապետության տիպի պետության մասին։

Ռուսական կողմից էլ պարբերաբար հնչում էին գնահատականներ, որ այս իշխանությունների գործունեության ընթացքում աղետալի հետեւանքների առջեւ կանգնած Հայաստանը (այդ թվում նաեւ նիստը վարող ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն էր նշում) կորցրել է սուբյեկտայնությունը։ Ինչպես նաեւ այն, որ փոքր երկրների համար անհնար է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելը, ինչի մասին, օրինակ, խոսեց ռուսաստանյան թոք-շոուներից հայտնի Վիտալի Տրետյակովը։

Այս համատեքստում Դավիթ Շահնազարյանի ելույթը «շաքարով կտրեց» հայ-ռուսական այս քաղցր երկխոսությունը։ ԱԱԾ նախկին տնօրենն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ միջնորդական ջանքերով «իրականացվեց գործարք», որով 15 գերիների վերադարձի դիմաց ՀՀ ղեկավարությունն Ադրբեջանին փոխանցեց Աղդամի շրջանի 97 հազար ականների վերաբերյալ ականապատման քարտեզը։ «Չափազանց զգայուն հարց է՝ վերադարձել են ռազմագերիներ, կարծում եմ՝ շատերդ գիտեք, որ 90-ականներին ռազմագերիները դաշտային հրամանատարների միջնորդությամբ վերադառնում էին գործարքների արդյունքում։ Իսկ ավելի կոնկրետ՝ մենք վճարում էինք, Ձեր նվաստ ծառան մեկ անգամ չէ, որ արել է։ Բայց, ներեցեք, սա փողեր էին, իսկ այս գործարքն ազգային անվտանգության հարց է»։ Սա, ըստ Շահնազարյանի, Ադրբեջանին Աղդամի արագացված ռազմականացման գնալու հնարավորություն է տալիս։ «Այս լսարանը շատ լավ հասկանում է, թե սա ինչ վտանգ է Հայաստանի ու Արցախի համար»,- ասաց նա։ 

Բայց առավել կարեւոր էր նրա այն շեշտադրումը, որ այն, ինչ Ադրբեջանը պետք է ի կատար ածեր՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, «հիմա արդեն գործարք է, ընդ որում՝ ոչ իրավաչափ»։ Շահնազարյանը կասկածում է, որ Ադրբեջանի վրա գերիները վերադարձնելու ճնշման տեմպերը չեն նվազելու, ու նաեւ վստահ է, որ այս փոխանակումից դիվիդենտներ քաղեց ԱՄՆ-ն։ «Ես կարծում եմ՝ Մոսկվայում պետք է բավականաչափ լուրջ մոտենան այս գործարքին։ Եվ ռուսական ԱԳՆ-ի քաղաքականությունը, ինչ է՝ նախ հաշտեցում, հետո՝ ինչ-որ կարգավորում, ԼՂ կարգավիճակ եւ այլն, բայց ակնհայտ է, որ սա չի աշխատում, քանի որ ամեն օր մենք լսում ենք նացիստական երկիր հանդիսացող Ադրբեջանի ղեկավարության հակահայկական ելույթները»։ 
Նիստը վարող Անդրանիկ Միհրանյանը նկատեց, թե Ռուսաստանում «դեռեւս մշակված չէ բավականաչափ իմաստավորված ռազմավարական գիծ Հարավային Կովկասի առնչությամբ»։ Նիստին ներկա Արցախի էքս-նախագահներին էլ հարց տրվեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ արցախյան պատերազմի վետերան գեներալները մեկուսացված էին, իսկ բունկերում տարբեր մարդիկ էին նստած, ի՞նչը խանգարեց նրանց՝ կասեցնել այսօրվա իշխանությունների հանցավոր գործունեությունը՝ հասկանալով, որ «մենք հայրենիք ենք կորցնում»։ Արկադի Ղուկասյանի խոսքով՝ ցավոք, Արցախի ողջ ռազմական, քաղաքական, տնտեսական ներուժն անտեսվեց՝ բաժանված լինելով «սեւերի» ու «սպիտակների»։

«Այն, ինչ կատարվում էր բունկերում, մեզ հայտնի չէր, քանի որ մենք այնտեղ չէինք գնում, եւ առաջին արցախյան պատերազմի գեներալների մուտքն այնտեղ արգելված էր։ Ինչպես նաեւ՝ ինչ-որ խորհուրդներ տալը, տիրապետել լիարժեք տեղեկատվության։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող էինք անել, ապա Բակո Սահակիչի հետ եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ փորձում էինք նրանից կորզել պատասխաններ, որոնք, ցավոք, չեղան, նաեւ բազմաթիվ անգամ տվել ենք խորհուրդներ, թե ինչ կարելի է անել, բայց, ցավոք․․․»,- ասաց Արկադի Ղուկասյանը։

Վազգեն Մանուկյանն էլ լրացրեց էքս-նախագահներին՝ ասելով, որ արցախյան նախորդ պատերազմում Արցախը գործոն էր։ «Այսինքն՝ Հայաստանը չէր ղեկավարում Արցախը, այլ փոխգործակցում էր, եւ չկային խնդիրներ, չկար այն հարցը, որ եթե Արցախը չենթարկվի Հայաստանին, ապա կկանգնեցվի ռազմամթերքի մատակարարումը։ Երբ սկսվեց պատերազմը, մենք հասկացանք, որ հիմա Արցախը գտնվում է Հայաստանի լծի տակ։ Արցախը ոչ մի ինքնուրույնություն չուներ․ կորցրել էր սուբյեկտայնությունը։ Եթե սա չլիներ, պատերազմն այս ավարտը չէր ունենա։ Ես չգիտեմ՝ սա եղել է աստիճանաբա՞ր, թե՞ պայմանավորված է նրանով, որ նրանք այն նախագահին չընտրեցին, որ պետք էր»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Նա հիշեցրեց, որ ինքը 44-օրյա պատերազմի ժամանակ՝ գուցե ոչ այնքան լեգիտիմ, բայց խիստ անհրաժեշտ քայլ է արել՝ Արցախում հեղաշրջում անելու կոչով է հանդես եկել։