Պապիկյանի ոչ հայանպաստ վարքագիծը՝ Բրյուսելում 

Պապիկյանի ոչ հայանպաստ վարքագիծը՝ Բրյուսելում 

2021 թվականից Հայաստանը ստանձնել է Եվրոպական էներգետիկ խարտիայի կազմակերպության (Բրյուսել) նախագահությունը։ Հունիսի 16-ին տեղի է ունենալու այդ միջազգային կառույցի երեւանյան համաժողովը, որը վարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի եւ իր տեղակալ Հակոբ Վարդանյանի։ 
Համաժողովին մասնակցելու են Եվրոպական էներգետիկ խարտիայի 56 անդամ երկրներ, ներառյալ` Ադրբեջանը, եւ այլ հրավիրվածներ։ Չնայած մեր բազմաթիվ հորդորներին՝ գործող կառավարությունը համաժողովի օրակարգում համառորեն չի ներառել Ադրբեջանի կողմից վնասի հատուցման հարցը, ինչպես նաեւ առկա չէ Ադրբեջանի գործողությունները դատապարտող որեւէ հայտարարություն։ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագիրն ունի լայն գործիքակազմ, որն իրավունք է տալիս Հայաստանին՝ ներկայացնելու վնասի հատուցման պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։ 

Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի կրած վնասները, նախնական հաշվարկներով, կազմում են ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար։ Էներգետիկ համակարգի ներկա իրավիճակն ունի նաեւ մի շարք էներգետիկ անկախության ռիսկեր։ 

Փաշինյանի կառավարությունը միջազգային կազմակերպություններում նույնպես շարունակում է վարել «Ադրբեջանին չվնասելու քաղաքականությունը»։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ վնասների հատուցման պահանջները չեն հանդիսանում իրենց արտաքին քաղաքականության մասը։ Իսկ արդյո՞ք այս ապիկար կառավարությունն ունի որեւէ քաղաքականություն կամ ռազմավարություն։

Ավելին, Հայաստանն իր նախագահությունը ստանձնել է Ադրբեջանից, որտեղ Սուրեն Պապիկյանը հանդիսացել է կառավարության ներկայացուցիչը։ Այս տարի Հայաստանի հավանությանն է արժանացել Եվրոպական էներգետիկ խարտիայի 2020 թվականի հաշվետվությունը, որն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքների մասին։ 
Հունիսի 20-ից հետո նոր կառավարությունը պետք է որդեգրի իրավական նոր քաղաքականություն՝ ընդդեմ Ադրբեջանի, որը պետք է բխի Հայաստանի ազգային շահերից։

Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական ընկերություն