Արեւմուտքն առանց թալանի եւ ավարառության դատապարտված է կործանման
Հիմա էլ եվրոպացիներն են տարակուսում, թե ինչպես կարող է Ֆրանսիան միաժամանակ օգնել Ուկրաինային՝ պատերազմել Ռուսաստանի դեմ, համոզել բոլորին, որ իր նպատակը Ռուսաստանի պարտությունն է, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, բայց միաժամանակ անհամեմատ չափերով աջակցել Ռուսաստանին։ Centre for Research on Energy and Clean Air (CREA) վերլուծական ընկերությունն էլ հայտնում է, որ Ֆրանսիան 2024 թ․ 3 ամիսներին Ռուսաստանից գնել է 600 միլիոն եվրոյի հեղուկացված գազ՝ ավելացնելով ներմուծման ծավալները։ Ռուսական հեղուկ գազի ներմուծումն ավելացրել են նաեւ մյուսները, քանի որ դրա ներմուծման վրա պատժամիջոցներ չկան։
Ինչպե՞ս կարելի է այդքան երկդիմի լինել, մի կողմից ցույց տան, թե իբրեւ աջակցում են իրենց դաշնակցին, բայց մեծ ֆինանսական միջոցներ ուղղեն թշնամի երկրից ապրանքների ներմուծմանը՝ հնարավորություն տալով, որ նա բավարար միջոցներ ունենա պատերազմ վարելու համար։ Նման վիճակում է նաեւ հայ հանրությունը․ Ֆրանսիան հայտարարում է, որ Հայաստանի դաշնակիցն է, ինչ-որ քանակի զենք է վաճառում, բայց ֆրանսիական ընկերությունները միլիոնավոր դոլարներ են ներդնում Ադրբեջանի տնտեսության մեջ, մեծ քանակի զենք մատակարարում Ադրբեջանին։ Շատերը տարակուսում են՝ ինչպե՞ս կարելի է նման ձեւով վարվել դաշնակցի հետ։ Չէ՞ որ մենք Ռուսաստանին էինք մեղադրում, որ Ադրբեջանին 5 միլիարդի զենք վաճառեց, ռուսական ընկերությունները ներդրումներ են անում, մինչդեռ այդ զենքն ու փողն ուղղվում են Հայաստանի դեմ։ Մի ոչ հուսալի դաշնակցից փորձում ենք ազատվել, բայց պարզվում է, որ մյուսները դրանից լավը չեն։
Իրականում ոչ մի տարօրինակ բան չկա, որ Ֆրանսիան ավելի շատ գումար է ստանում Ռուսաստանի հետ առեւտրից, քան աջակցում է Ուկրաինային, կամ մի քանի պրիմիտիվ զրահագնաց է առաքում Հայաստան, բայց զենք վաճառում Ադրբեջանին, միլիարդներ ներդնում այնտեղ։ Դրանք փոխկապակցված են։ Ֆրանսիան Ուկրաինային օգնում է, ոչ թե այն նպատակով, որ ուզում է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում, այլ ուզում է, որ Ռուսաստանը պարտվի։ Ֆրանսիան Ռուսաստանից հեղուկ գազ է գնում, ԱՄՆ-ն՝ ուրան, մյուսները՝ գազ, նավթ եւ այլն։
Հիմա նրանք այդ ապրանքները գնում են շուկայական գներով, որովհետեւ Ռուսաստանն անկախ երկիր է, չեն կարող նրան պարտադրել այդ ապրանքը վաճառել իրենց ուզած գնով, չնայած նավթի համար սահմանել են իրենց համար ցանկալի գին․ 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց, բայց դա այնքան էլ չի աշխատում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը պարտվի եւ թուլանա․ այդ ժամանակ արեւմտյան ընկերությունները ոչ թե Ռուսաստանի հարստությունը կգնեն, այլ կվերցնեն՝ համարելով դա իրենցը։ Նման բան արդեն եղել է․ սառը պատերազմի ավարտից հետո, երբ Ռուսաստանը պարտվել ու թուլացել էր, արեւմտյան նավթագազային, եւ ոչ միայն, խոշոր ընկերությունները, բառի բուն իմաստով, թալանում էին Ռուսաստանի ընդերքը՝ արդյունահանելով եւ վաճառելով այդ երկրի հարստությունները՝ որպես իրենց սեփականություն, որպես պարտված թշնամուց խլված ավար։ Հիմա նրանք ուզում են հետ վերադարձնել այդ ժամանակները, իսկ դրա համար Ռուսաստանը պետք է նորից պարտվի եւ թուլանա, գուցե պառակտվի։ Ֆրանսիական ընկերությունները նույն ձեւով թալանում են աֆրիկյան մայրցամաքի բազմաթիվ երկրներ՝ արդյունահանելով ուրան, ոսկի, նավթ, գազ, լիթիում, կոբալտ, բազմաթիվ այլ հանածոներ, տեղի բնակչությանն օգտագործելով որպես ստրկական աշխատուժ։ Հենց դրանով է պայմանավորված ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարի ալիքն աֆրիկյան մայրցամաքում, որի ականատեսն ենք բազմաթիվ երկրներում։ Արեւմուտքը հրահրեց ռուս-ուկրաինական պատերազմը, որովհետեւ արեւմտյան տնտեսությունները չեն կարող զարգանալ առանց թալանի եւ ավարի։ Հիմա, երբ դրա հնարավորությունները սահմանափակ են, ամերիկյան տնտեսությունն անկում է ապրում, եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ ԵՄ առաջատար Գերմանիայի տնտեսությունը, աճելու փոխարեն ռեցեսիայի մեջ են։ Միակ ելքը նոր էժան հումքի եւ անպաշտպան շուկաների նվաճումն է, թե չէ կործանումից հնարավոր չի լինի խուսափել, արեւմտյան բարեկեցության ներկա մակարդակը հնարավոր չի լինի պահել։ Ռուսաստանն այդ առումով անհամեմատ ավելի լավ վիճակում է․ նրա ռեսուրսներն այնքան շատ են, իսկ բնակչությունը՝ համեմատաբար փոքր, որ այդ երկիրը կարիք չունի ուրիշի ռեսուրսները շահագործելու, նրան բավարար է իր եղածը պաշտպանելը։
Ֆրանսիան Հայաստանին օգնում է ոչ թե այն բանի համար, որ ուզում է՝ Հայաստանը հաղթի Ադրբեջանին, այլ որովհետեւ չի ուզում շատ ուժեղացած Ադրբեջան։ Արեւմուտքին պետք է՝ պահպանել որոշակի հավասարակշռություն, որ կարողանան ազդել Ադրբեջանի վրա, Հայաստանին օգտագործեն որպես մահակ, որ կարողանան Ադրբեջանի հետ իրենց համար ավելի շահավետ պայմանավորվել։ Եթե Ադրբեջանն ամբողջությամբ կլանի Հայաստանը, էլ ավելի կուժեղանա եւ էլ ավելի կկոշտացնի դիրքերն Արեւմուտքի հետ բանակցություններում։ Մի խոսքով, թույլերին ավելի հեշտ է ճնշել, թույլերից միշտ ավելի հեշտ է խլել նրանց ունեցվածքը։
Արեւմտյան բարեկեցությունը, լինի դա ֆրանսիական, բելգիական, նիդերլանդական թե ամերիկյան, հիմնված է աշխարհի տարբեր երկրների ունեցվածքին տիրանալու եւ նրանց ընդերքն ու մարդկային ռեսուրսը շահագործելու վրա։ Իսկ շահագործել հնարավոր է միայն թույլին, անպաշտպանին։ Դրա համար մտածել, որ մենք կարող ենք օգտագործել աշխարհի ուժեղներին՝ մեր շահերը պաշտպանելու, մեր անվտանգությունն ապահովելու համար, որ ԱՄՆ-ն պետք է փող ծախսի՝ Ուկրաինային օգնելու համար, Ֆրանսիան փող ծախսի՝ Հայաստանին օգնելու համար, ոչ թե միամտություն, այլ տգիտություն է։ Նրանք են մեզ օգտագործում, իրենց շահերի ու նպատակների իրագործման համար, իսկ եթե ինչ-որ անվտանգության երաշխիքներ էլ տալիս են, ապա միայն այն բանի համար, որ թույլ չտան, որ ուրիշ մեկը մեզ ուտի՝ իրենցից բացի։ Դա շատ նման է հովվի կողմից գառների անվտանգության ապահովմանը գայլերից, հովիվն ուզում է, որ գառը դառնա ոչ թե գայլի, այլ իր կերակուրը։
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ