Ինչ սպասել Իսրայել-Իրան առճակատումից
Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված օդային հարձակումից հետո աշխարհը շունչը պահած սպասում է հետագա զարգացումներին։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցածին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ քանի որ իրանական հարձակումը նյութական եւ մարդկային նվազագույն կորուստներ է պատճառել, հետեւաբար, իսրայելական կողմը դա պետք է համարի հաղթանակ եւ այլեւս խնդիրը չխորացնի։ Միայն վարչապետ Նեթանյահուն է, ըստ ամենայնի, միջազգային ասպարեզում մնացել որպես Իրանի հետ առճակատումը խորացնելու կողմնակից։
Ավելին, կարելի է ասել, որ Թել-Ավիվը որեւէ կերպ չի կարողանում հասնել հաջողության՝ Միացյալ Նահանգներին մեծ պատերազմի մեջ ներքաշելու հարցում իր գործադրած ջանքերով հանդերձ։ Թեեւ Իսրայելը, Միացյալ Նահանգները եւ արեւմտյան մյուս երկրները, որոնք օգնեցին Իսրայելին՝ դիմակայելու իրանական հարձակմանը, նախապատրաստվել էին այդ հարձակումը դիմագրավելուն, քանի որ հարձակման մասին հենց Թեհրանն էր նախապես հայտարարել, ու թեեւ Իսրայելի տարածքը պաշտպանող ՀՕՊ համակարգերն իրենց գործն արեցին, սակայն շատ մասնագետներ արդեն հայտարարում են, որ կարեւորը ոչ այնքան այն է, թե քանի հրթիռ հասավ տեղ կամ քանի ԱԹՍ, այլ այն, որ Իսրայելը խոցելի է իրանական խոցող-հարվածային համակարգերի առաջ, ընդ որում՝ նույնիսկ դիմագրավելուն նախապատրաստված վիճակում։
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ հարվածների մեծ մասը Գոլանյան բարձունքներին բաժին հասավ։ Սա մի տեսակ արեւելյան իմաստնություն էր պարունակում իր մեջ՝ հարվածել Իսրայելին, բայց ոչ Իսրայելին, քանի որ ֆորմալ իմաստով Գոլանյան բարձունքները համարվում են Սիրիայի մաս։ Հիմա, ըստ փորձագետների, գնդակը հայտնվել է Իսրայելի դաշտում, որն էլ, ինչպես ասացինք, ի տարբերություն Թեհրանի, ցանկանում է, որ առճակատումը խորանա։ Սակայն ինքնուրույն Իսրայելը չի կարող հարվածել Իրանին, քանի որ հարվածային խոցող համակարգերի բավարար քանակ չունի։ Նախընտրական փուլում գտնվող Միացյալ Նահանգներին եւ այդ երկրի գործող վարչակազմին պատերազմի բոցերի մեջ վառվող Մերձավոր Արեւելք պետք չէ։ Եղածն արդեն իսկ բավարար է, չասելու համար՝ չափից դուրս շատ։ Այնուհանդերձ, Իսրայելը հայտարարել է, որ քննարկում է Իրանին պատասխանելու տարբերակները։ Եթե Նեթանյահուն ունենա բավարար գիտակցություն եւ հասկանա, թե ինչ մտադրություններ ունի Միացյալ Նահանգները, ու կուրացած չլինի վրեժխնդրությամբ, ապա, ամենայն հավանականությամբ, կբավարարվի Իրաքում, Սիրիայում, Լիբանանում իրանական պրոքսիների ենթակառուցվածքների վրա հարձակումներով։
Այդ կորուստներն Իրանի համար մեծ խնդիր չեն լինի, քանի որ այդ պրոքսիները կշարունակեն հարվածել Իսրայելին, իսկ Իսրայելն էլ կասի, թե հուժկու պատասխան է տվել ու ցավեցրել Իրանին։ Սա, կարելի է ասել, բոլորին ձեռնտու տարբերակ է լինելու՝ հետագա զարգացումների մասով, բացի Նեթանյահուից։ Սակայն այս դեպքում Նեթանյահուի քաղաքական գոյատեւումը կհայտնվի հարցականի տակ։ Եվ եթե վերջինս ուզում է դեռ մնալ «ձիու վրա», ապա հնարավոր է, որ նախընտրի ուղիղ Իրանին հարվածելը։ Իսրայելը կնախընտրի՞ արդյոք մինչեւ կոկորդը խրվել Իրանի հետ արյունալի պատերազմի մեջ՝ չունենալով ռեալ երաշխիքներ, թե՞ կնախընտրի իր «մեծ եղբոր»՝ ԱՄՆ-ի խաթրը չկոտրել եւ մեծ պատերազմը հետաձգել, ցույց կտա ժամանակը։
Կարծիքներ