Արցախում 9 ամիս բլոկադա էր՝ հաց չկար, բայց գոնե տուն ունեինք

Արցախում 9 ամիս բլոկադա էր՝ հաց չկար, բայց գոնե տուն ունեինք

Զրուցել ենք Արցախից բռնի տեղահանված Ասյա Մուսայելյանի հետ։

Տիկին Ասյային հանդիպեցինք Երեւանի փողոցներից մեկում։ Համացանցում տեսել էր հայտարարություն, որ արցախցիներին օգնություն են բաժանում․ «Մտածեցի՝ սնունդ, կենցաղային իրեր կստանամ, այնինչ միայն շորեր են՝ փողոցում լցրած»։

Թե որտեղ է բնակություն հաստատել եւ ինչ խնդիրների առջեւ է կանգնել, փորձեցինք հասկանալ նրանից։

- Արցախցիներն այս պահին ամեն ինչի կարիք ունեն` տուն, գործ։ Հայրենիք կորցրած մարդիկ ենք։ Ես այս պահին բնակվում եմ Էջմիածնում` Բաղրամյան գյուղում, վարձով, եւ չգիտեմ, թե ոնց եմ երկար ժամանակ կարողանալու վարձ տալ։ Ասել են, որ մի անգամ 100 հազար դրամ են տալու եւ 6 ամիս՝ 50 հազար, որից 40 հազարը տան վարձի գումարն է, 10 հազարն էլ կոմունալ վճարներ անելու համար է։ Մենք 3 հոգով ենք՝ ես, ամուսինս եւ տղաս։ Տղաս ունի առողջական խնդիրներ, հաշմանդամություն ունի։ Առաջիկա երկու ամիսների վարձակալության գումարը կարող եմ տալ, երբ 100 հազարները տան, բայց ապրելու, սնվելու, այլ կարիքները հոգալու համար չեմ պատկերացնում ոնց ենք լուծելու 150 հազարով, երբ ամենքիս 50 հազար տալու են։ 40-ը՝ տան վարձի փող, 10 հազարը՝ կոմունալ վճարներ, բա հացի գումար որտեղի՞ց գտնենք․․․

- Այս պահին, երբ դեռ չեք ստացել հայտարարված գումարը, ինչպե՞ս եք հոգում սնվելու հարցը։ Մինչ այս պահը ստացե՞լ եք սնունդ, որը կբավարարի գոնե 1 ամիս։

- Սնունդ ստացել ենք Գորիսում, երբ եկել ենք, փոքր տոպրակներով տվել են՝ ճանապարհին սնվելու համար։ Հետո, երբ եկել ենք Բաղրամյան գյուղ, երկու անգամ ստացել ենք տոպրակ, որտեղ կար ոսպ, մակարոն, մի շիշ ձեթ եւ մի քանի տեսակ խնամքի պարագաներ։ Այս պահին չգիտեմ, թե ոնց եմ կերակրելու 1 շաբաթ հետո ընտանիքիս։ Արցախում երբ 9 ամիս բլոկադա էր, հաց չկար, գոնե տուն ունեինք։ Այստեղ ո՛չ տուն ունենք, ո՛չ էլ հացով ապահովվելու հնարավորություն։ 

 - Հնարավո՞ր է Արցախ վերադառնաք՝ ապրելու, հավատո՞ւմ եք Ադրբեջանի ինտեգրացիային, որը կտա ապահով ապրելու հնարավորություն։

- Շատ ցավոտ հարց եք տալիս, բայց այս ուղղությամբ էլ եմ մտածել արդեն։ Ես Արցախում հարազատներիս գերեզմաններն եմ թողել, մեծ տղայիս գերեզմանը, ով մահացել է մի քանի տարի առաջ, քաղցկեղից։ Եթե ամեն ձեւ ապահովեն մեր անվտանգությունը, միգուցե գնամ։ Ես չեմ պատկերացնում՝ այստեղ ոնց եմ ապրելու, չեմ կարողանալու գնալ հարազատներիս շիրիմներին, մեր ջահել երեխեքի գերեզմաններին, որ զոհվեցին Արցախի համար․․․ Չենք կարողացել թեկուզ մի բուռ հող վերցնել․․․

Կարեն Քերիմյան