Հերթը հասավ անկլավներին

Հերթը հասավ անկլավներին

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի ընկերակցությամբ վերջնական հայտարարություն է ստորագրել՝ փաստաթղթի տեսքով ամրագրելով Արցախի Հանրապետության կորուստը: Եվ քանի որ Իլհամ Ալիեւը Գրանադա (Իսպանիա) չէր մեկնել՝ նրա ստորագրությունը բացակայում է: Ինչեւէ, կարող ենք շնորհավորել վերոնշյալ անձին ու նրա ուսապարկերին. նրանք վերջնականապես ազատվեցին արցախյան բեռից: Այն բեռից, որը նրանցից ոմանց համար 2020 թվականին դեռեւս հայրենիք էր: Հիմա արդեն հայաստանյան «սերգոջանները» պետք է որ լավ ապրեն: Ինչին խիստ կասկածում եմ, քանի որ տարածքային եւ դրանով պայմանավորված՝ ռեսուրսային եւ ենթակառուցվածքների կորուստների արդյունքում ոչ մի ժողովուրդ չի սկսել ավելի լավ ապրել: Էլ չասած այնպիսի առանցքային երեւույթի մասին, ինչպիսին անվտանգության սպառնալիքների ահագնացումն է: Որովհետեւ եթե այդպես լիներ, ապա ժողովուրդները ոչ թե կպատերազմեին՝ նոր տարածքներ ձեռք բերելու նպատակով, այլ միմյանց տարածքներ կզիջեին եղածից: Եվ այդ ընդհանրական կանոնի համաձայն՝ այսուհետ ավելի լավ չեն ապրելու նաեւ հայաստանցիները: 

Վերոնշյալ փաստաթղթում Իլհամ Ալիեւի անվան բացակայությունը չի նշանակում է, թե նա անմիջապես կընդունի Եվրախորհրդի նախագահ Միշելի հրավերը: Եվ վազեվազ կհասնի Բրյուսել, որպեսզի պատմական այդ փաստաթղթին հանձնի նաեւ իր ստորագրությունը: Ընդհակառակը, նա կփորձի թանկ ծախել այն՝ առեւտուր սկսելով Միշելի հետ: Հենց Միշելի, քանի որ Նիկոլի հետ առեւտուր անելու կարիք չունի: Նիկոլից նա կարող է միայն պահանջել, իսկ պահանջի չկատարման պարագայում՝ սպառնալ: Սպառնալ, որ զենքի ուժով կստանա իր պահանջածը: Դա այն է, ինչ մենք արդեն տեսել ենք, ու ինչի առջեւ վարչապետ կոչեցյալ անձը միշտ ընկրկում է: Իսկ Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից հետո հերթը կհասնի, այսպես կոչված, անկլավային 8 գյուղերին: Եվ ոչ միայն գյուղական տարածքներին, այլեւ հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներին: Դրա մասին ասվել է բազմիցս, ասվեց նաեւ Մակրոնի ելույթի առումով Բաքվի արձագանքում: Ինչը, ի դեպ, ընդունելի է համարվել Նիկոլի կողմից՝ այն պատճառաբանությամբ, թե իր իշխանությունը կկառուցի նոր ճանապարհ: Հաստատ այնպիսի «որակյալ եւ անվտանգ», ինչպիսին Սյունիքում կառուցված ճանապարհահատվածն է: Իսկ եթե անկլավները հանձնելուն համաձայն է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, ապա ինչո՞ւ պետք է համաձայն չլինի Շառլ Միշելը:

Արձանագրենք մեկ այլ հանգամանք, որ վաղուց ուղեկցում է այդ անձին. նրա միջոցով կամ շուրջը տեղի ունեցած երեւույթներն անընդհատ կա՛մ ազգային ողբերգության են հանգեցնում եւ կա՛մ զավեշտի, կա՛մ էլ՝ երկուսը միասին: Արցախը թշնամուն հանձնելը ողբերգություն էր: Ողբերգություն էր ոչ միայն տարածքային, այլեւ մարդկային կորուստների առումով՝ լինեն նրանք զոհված, հաշմանդամ դարձած թե թշնամու կողմից գերեվարված: Սակայն այդ ամենի գաղափարական հենքը՝ թշնամու հետ խաղաղության մեջ ապրելն ու այն էլ՝ ավելի լավ ապրելը, զավեշտ: Ինչ մնում է կոնկրետ վերոնշյալ փաստաթուղթը ստորագրելուն, ապա այն կրկին նույն կինոյից է: Ստորագրողների մեջ չկար հաղթող կողմը՝ Իլհամ Ալիեւը, սակայն կարող էր չլինել հենց Նիկոլը՝ պարտված կողմի ներկայացուցիչը: Այդպիսին էր, օրինակ, 1945 թվականի հուլիս-օգոստոսին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանական Պոտսդամ քաղաքում անցկացված կոնֆերանսը: Որտեղ հավաքվել էին միայն հաղթանակ կերտած «մեծ եռյակի» ղեկավարները՝ Իոսիֆ Ստալինը, Հարրի Տրումենը եւ Ուինսթոն Չերչիլը: Որոնք որոշում էին հետպատերազմական կարգավորման ուղղությունները եւ, բնականաբար, ջախջախված Գերմանիայի ներկայացուցչի կարիքը չէին զգում: