Իսկ Եվրամիությունը ո՞ր երկրի տարածքային ամբողջականությունն է ապահովել

Իսկ Եվրամիությունը ո՞ր երկրի տարածքային ամբողջականությունն է ապահովել

Նիկոլ Փաշինյանը կարծես թե հասել է իր երազանքի իրականացմանը՝ գտել է Հայաստանի արտաքին անվտանգության նոր երաշխավորի՝ ի դեմս Եվրամիության, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է փոխարինեն Ռուսաստանին: Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարությունից Սնուփ Դոգի համերգային մենեջեր, համատեղության կարգով Փաշինյանի աշխատակազմի ղեկավար աշխատող Արայիկ Հարությունյանը տիեզերական հաղթանակ է կերտում՝ հայտարարելով, որ ստորագրված հայտարարությունը լուրջ հաղթանակ է` «անկլավների թեման չի քննարկվել, միջանցքի հարցը փակ է»: Քառակողմ հայտարարությունը Եվրամիության փոխհատուցումն էր Փաշինյանի հակառուսական քաղաքականությանը, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացմանը: Որքանո՞վ է գործարքն արդար, Հայաստանը Եվրոպայում ստացա՞վ այն, ինչ կորցրեց Ռուսաստանում: 

Հայաստանի իշխանություններին ոգեւորում է քառակողմ հայտարարության առաջին պարբերությունը, որտեղ ասվում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը»։ Բայց արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Եվրամիությունը, Ֆրանսիան կամ Գերմանիան ստանձնում են Հայաստանի տարածքային ամբողջականության կամ սահմանների անձեռնմխելիության երաշխավորի դերը: Հազիվ թե, քանի որ Եվրամիությունն իր անսասան աջակցությունն էր հայտնում եւ հիմա էլ շարունակում է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, բայց դա ամենեւին չի նշանակում Ուկրաինայի անվտանգության երաշխավորում: Անվտանգության երաշխավորումը տեղի է ունենում ոչ թե հայտարարության ստորագրման տեսքով, այլ ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման միջոցով, երբ երկրները պայմանավորվում եւ պարտավորվում են հարձակման դեպքում ռազմական աջակցություն ցուցաբերել հարձակման ենթարկված երկրին: Ուկրաինան պատերազմը սկսվելուց հետո ավելի համառորեն է պահանջում լուծել ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցը, բայց նրան մերժում են, քանի որ ԵՄ երկրները եւ ԱՄՆ-ն չեն ցանկանում անմիջական պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Ֆրանսիան, Գերմանիան ռազմատեխնիկական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, առաքելով ռազմական տեխնիկա, սպառազինություն եւ ֆինանսական աջակցություն են տրամադրում՝ պատերազմ վարելու հետ կապված այլ ծախսերը հոգալու համար, բայց դա բավարար չէ, որ Ուկրաինան հաղթի պատերազմում: Ֆրանսիան եւս պատրաստակամություն է հայտնել՝ ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստանին: Բայց եթե Ուկրաինային հաջողվում է արեւմտյան ռազմական աջակցության շնորհիվ դիմակայել Ռուսաստանին եւ նույնիսկ հակահարձակման միջոցով հետ գրավել կորցրած որոշ տարածքներ, Հայաստանին առայժմ չի հաջողվում: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվելիք ռազմական աջակցությանը, ապա այն դժվար թե վճռորոշ դերակատարում ունենա ապագա պատերազմի ելքի հարցում:

Երբ Արայիկ Հարությունյանն ասում է, թե միջանցքի թեման փակ է, պետք է հարցնել՝ իսկ ո՞վ է փակել այդ թեման` Ֆրանսիա՞ն, Գերմանիա՞ն, թե՞ Եվրամիությունը, արդյոք նրանք կարո՞ղ են այդ թեման փակել: Միջանցքի թեման բացել են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Գրանադա չգնացին՝ հենց միջանցքի թեման չփակելու համար: Ավելին`Գրանադայի հանդիպումից ընդամենը 5 օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան որեւէ ակնկալիք չունի Եվրամիությունից, եւ Եվրամիությունն էլ չի կարող ակնկալիքներ ունենալ Թուրքիայից: Սա բառացիորեն նշանակում է, որ Եվրամիության եւ դրա առանձին վերցրած երկրների որոշումները կամ հայտարարությունները Թուրքիայի համար առոչինչ են, Թուրքիան պարտավորություն չունի՝ հարգելու դրանք: Որքան ուզում է Եվրամիությունը, Ֆրանսիան կամ Գերմանիան փակված համարեն միջանցքի թեման, այդ հարցը Թուրքիայի համար բաց է, եւ Թուրքիան շարունակելու է պնդել, որ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Թուրքիային եւ Ադրբեջանին:

Ի՞նչ են անելու Ֆրանսիան, Գերմանիան կամ Եվրամիությունը, եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ զինված ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ՝ նպատակ դնելով բացել միջանցքը: Արդյոք այդ երկրները պատերա՞զմ են հայտարարելու Ադրբեջանին եւ իրենց բանակներն ուղարկելո՞ւ են Հայաստան՝ ապահովելով իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը: Թե՞ ընդամենը բավարարվելու են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեն Հայաստանի տարածքից, ինչպես դա արեցին մեկ տարի առաջ, երբ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը գրավեց Հայաստանի զգալի տարածքներ եւ շարունակում է պահել օկուպացիայի տակ: Կարծում ենք՝ որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, եւ Եվրամիության երկրները հայտարարությունից այն կողմ չեն անցնի: 
Գերմանիան եւ Եվրամիության շատ երկրներ իրենք իրենց տարածքային ամբողջականությունն ի վիճակի չեն ապահովել, եւ դրա համար Գերմանիայի եւ ԵՄ շատ երկրների տարածքում տեղաբաշխված են ամերիկյան ռազմաբազաներ: Ինչպե՞ս կարող է Եվրամիությունը երաշխավորել այլ երկրի տարածքային ամբողջականությունը, եթե սեփականը չի կարողանում ապահովել: Այս իրավիճակը շատ նման է նրան, որ Հայաստանը, ընդունակ չլինելով ապահովել իր երկրի սահմանների եւ քաղաքացիների անվտանգությունը, մասնակցում է այլ երկրներում խաղաղարար առաքելություններին: Ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնել: Այնպես որ, Եվրամիության տված երաշխիքներին իմաստ կունենա վստահել միայն այն ժամանակ, երբ իրենք ապահովեն սեփական անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը եւ գոնե մեկ օրինակ ցույց տան, որ ապահովել են որեւէ այլ երկրի տարածքային ամբողջականությունը, երբ այդ երկիրը ենթարկվել է թշնամու հարձակմանը:

Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի կողմից տրված անվտանգության եւ սահմանների անձեռնմխելիության երաշխիքներից՝ համարելով, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, հուսալի չէ եւ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, եւ հիմա հույսը դնելու է Եվրամիության վրա: Ռուսաստանը պետք է ցույց տա, որ Եվրամիությունն այդ հարցում ավելի հաջող գործընկեր չէ, քան ինքը, ինչը հմտորեն կօգտագործվի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:

Ավետիս Բաբաջանյան