Ալիեւն էլ ավելի մեծ զիջումներ է ուզում, քան անկլավները

Ալիեւն էլ ավելի մեծ զիջումներ է ուզում, քան անկլավները

Հանրությունն ու քաղաքական շրջանակները հերթական խայտառակություն են որակում առանց Ալիեւի մասնակցության Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումը, որտեղ ստորագրված հայտարարությամբ Փաշինյանը կրկին ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մինչ հանրային տիրույթում խոսում են արեւմտյան հարթակում ստորագրված այդ հայտարարությունից բխող նոր տարածքային կորուստների, այսպես կոչված, անկլավների վերադարձի մասին, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դրանք «ֆեյք» լուրեր է որակում, ապա հուսադրում՝ «չվախենալ»։ ՔՊ-ականն առանց հստակեցնելու գրել է, թե «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»։

Գուցե Արցախը ստացել է, չեն հաղորդում, որ ուրախությունից սիրտներս չպայթի՞։ Ինչպե՞ս է Փաշինյանը ստորագրել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականություններն ամրագրող մի թղթի տակ, որտեղ չկա Ալիեւի ստորագրությունը։ Արդյո՞ք ՀՀ-ի 29․800 քառակուսի կիլոմետրն ամրագրող այդ հայտարարությամբ Հայաստանի սահմանամերձ որոշ գյուղեր, այսպես կոչված, անկլավներ, տրվել են Ադրբեջանին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները։ Պատգամավորի խոսքով, ճանաչելով 29․800 քառակուսի կիլոմետրը՝ Փաշինյանն Ալիեւին լեգիտիմ իրավունք է տվել՝ հավակնություններ ունենալ Հայաստանի այդ գյուղերի նկատմամբ։  

«Փաշինյանը բերանացի ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքը, Ալիեւը չի ասել, որ ճանաչում է Հայաստանի տարածքը։ Ալիեւի՝ Գրանադա չգնալը նշանակում է, որ ոչ միայն Արցախն էր ուզում, այլեւ հավելյալ պահանջներ ունի։ Քանի դեռ այդ պահանջները թղթի վրա գրված չէին, նա չգնաց այդ հանդիպմանը։ Ալիեւն էլ ավելի մեծ զիջումներ է ուզում, քան անկլավները»,- նշեց նա։ Չնայած անկլավները կորցնելն արդեն մեծ զիջում եւ կատաստրոֆ կլինի Հայաստանի համար։

Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանին համատեղ պահանջներ են ներկայացնում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Թուրքիան պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունից, հրաժարվել օգտագործել Առաջին հանրապետության սինվոլիկան, ի դեպ, Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ զինանշանի սիմվոլները կապ չունեն նորանկախ Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը լինելու է առանց նախապայմանների։ 

Գրանադայում Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ստորագրած հայտարարության հետեւանքները, ըստ Արթուր Խաչատրյանի, մեր մաշկի վրա զգալու ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմամբ։ Պատգամավորի խոսքով՝ Ալիեւը պահանջելու է վերադարձնել, այսպես կոչված, անկլավները։ 
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պնդում է՝ քառակողմ հանդիպման շրջանակում անկլավների վերադարձի մասին խոսակցություն չի եղել։ Կառավարության անդամը հղում է անում հանդիպումից հետո հրապարակված հայտարարությանը․ «Հանդիպմանը չեմ մասնակցել, մանրամասներ չգիտեմ, բայց հայտարարության մեջ անկլավների վերադարձի մասին միտք չկա։ Հայտարարության մեջ Հայաստանի տարածքը նշվում է 29․800 քառակուսի կիլոմետր»։ Դիտարկմանը, որ, ըստ ՀՀ իշխանությունների, այդ 29․800-ի մեջ չեն մտնում, իսկ Ադրբեջանի 86․6 հազար ք/կմ տարածքի մեջ մտնում են նաեւ, այսպես կոչված, անկլավները, Փաշինյանն ինքն է այդ մասին հայտարարել, Սանոսյանն ասաց, որ ինքն այլ բան չգիտի, քան հայտարարության տեքստը։ «Հայտարարության մեջ ամեն ինչ շատ պարզ նշված է»։ 

Հիշեցնենք, որ 2023թ․ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է ճանաչել նաեւ, այսպես կոչված, անկլավները։ «29․800 ք/կմ-ի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է։ Իսկ 86․6 հազար ք/կմ-ի մեջ մտնում են նաեւ անկլավները»,- ասել էր Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի 86․6 հազար ք/կմ տարածքի մեջ, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ճանաչում են, մտնում են նաեւ, այսպես կոչված, անկլավները։