Աղազարյանը ոչ մի վնասվածք չունի, բայց մի ապտակի համար զոհվածի հորը կալանավորել են

Աղազարյանը ոչ մի վնասվածք չունի, բայց մի ապտակի համար զոհվածի հորը կալանավորել են

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեկ անգամ է ցուցմունք տվել, եւ, իր վստահեցմամբ, ցուցմունքը որեւէ մեկի դեմ չի եղել, այլ ասել է այն, ինչ եղել է։ Հիշեցնենք, որ այդ օրը ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն այցելել էին Եռաբլուր, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել մի խումբ քաղաքացիների հետ, որի ընթացքում էլ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրը` Արմեն Գալստյանը, հարվածել էր Աղազարյանին։ Հիշեցնենք, որ դրանից ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, ռմբակոծել Ստեփանակերտն ու ողջ Արցախը, ինչից հետո էլ Արցախի իշխանությունները ստիպված եղան հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրաման ստորագրել, իսկ Արցախն էլ հայաթափվեց։

Հովիկ Աղազարյանին հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Արմեն Գալստյանը սեպտեմբերի 24-ին, դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվեց՝ ընդամենը մի հարվածի համար։ Երեկ զրուցեցինք գործով տուժող, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- Պարոն Աղազարյան, գործի շրջանակներում Դուք Արմեն Գալստյանի դեմ ցուցմունք տվե՞լ եք։

- Ես ցուցմունք եմ տվել։ Ոչ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ինչ տեղի է ունեցել, դա եմ ասել։

- Գալստյանը կալանավորվել է, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, կա՞ր նրան կալանավորելու անհրաժեշտություն։

- Գիտե՞ք ինչ կա․ մենք քաղաքականություն ենք որդեգրել այդ իմաստով, համենայնդեպս՝ մեր խմբակցության պատգամավորները, որ մենք որեւէ կերպ չպետք է միջամտենք իրավապահ մարմինների աշխատանքին։

- Դա հասկանալի է, Ձեր անձնական, մարդկային մոտեցումն եմ հարցնում․ Դուք Ձեզ լա՞վ եք զգում, երբ զոհվածի հորը կալանավորված եք տեսնում։

- Դա ինձ քիչ է հետաքրքրում, ինձ հետաքրքրում է իրավական գործընթացների ավարտին արձանագրված, այսպես կոչված, որոշումը, իսկ թե կալանքի տակ կլինի, թե չէ, դա էական չէ, որովհետեւ, նորից եմ ասում, դա իրավապահ մարմինների անելիքն է, հետեւաբար՝ իրենք պետք է իմանան՝ ոնց անեն, ինչ որոշում կայացնեն։

- Դուք բողոք ունե՞ք։

- Գիտե՞ք ոնց․ ինձ համար ավելի զազրելի էր երկու կազմակերպիչների պահվածքը, քան, ասենք, այդ տհաճ միջադեպը՝ այդ ընդհանուր պահվածքի մեջ։ Չնայած դա էլ այդ ընդհանուր կազմակերպվածության, այսպես կոչված, քայլերից մեկն էր։ Այսինքն՝ երեւի թե ինքնին կազմակերպված լինելով հանդերձ, իր էության մեջ շատ զազրելի էր։ Եթե ես փողոցում քայլեմ եւ հանդիպեմ հարազատ կորցրած մի հատ կնոջ կամ տղամարդու, ում հետ խոսակցության բռնվեմ, եւ ինքն ինձ վիրավորի, ապտակի, քարով խփի գլխիս, իմ ռեակցիան ուրիշ կլինի, բայց երբ դա արվում է կազմակերպված, նախօրոք պլանավորված սցենարով, էդ կազմակերպիչներն էլ այնտեղ հանդես են գալիս որպես դիրիժորներ, դա լրիվ ուրիշ բան է։

- Ուզում եք ասել, որ հանդուրժո՞ղ եք։

- Իհարկե, հանդուրժող եմ, որովհետեւ ես այդ իմաստով տարբեր միջադեպերի մեջ եմ ընկել, եւ իմ ռեակցիան տարբեր դեպքերում տարբեր է եղել։ Այսինքն՝ եղել է, որ ես ընդհանրապես չեմ արձագանքել, մարդիկ վկա են, որ ես ծնկի եմ եկել, ներողություն եմ խնդրել, մարդիկ վկա են, որ ես պակաս ադեկվատ արձագանք չեմ տվել իրենց արածին։ Ամեն տարբերակ էլ եղել է՝ նայած թե դիմացինն այդ պահին ինչ է անում, ինչ ուզում ասել, դա շատ կարեւոր է։

- Դուք չասացիք՝ բողոք ունե՞ք, երբ ցուցմունք եք տվել, բողոքե՞լ եք, թե՞ ասել եք, որ բողոք չունեք։

- Այդպիսի հարցադրում չի եղել՝ բողոք ունեմ, թե չէ։ Քննչական կոմիտեում ինձ հարցաքննել են, եւ ես ցուցմունք եմ տվել այն, ինչ տեղի է ունեցել, ինձ չեն ասել՝ Դուք բողոք ունե՞ք։ Հա, ինձ թուղթ գրեցին, դա եղել է օրենքով նախատեսված, որ ես գնամ դատաբժշկական քննության, ես չգնացի, որովհետեւ դրա կարիքը չկար, օրինակի համար։

- Այսինքն՝ գտել եք, որ վնասվածք չեք ստացել։

- Հա, վնասվածք չկա։ Ես նորից եմ ասում՝ ֆիզիկական ազդեցության ցավն էդքան չէ, ինչքան կազմակերպվածությունը, այն շքեղագույն մեքենայով եկած երիտասարդը, իր մեկ-երկու, այսպես կոչված, համհարզները․․․, այ, էդ երեւույթը պիտի արմատախիլ արվի, որովհետեւ եթե ես հիմա դրան հետամուտ չլինեմ, որ դրա նկատմամբ քայլեր կատարվեն, ապա ես՝ որպես պատգամավոր, իմ տեղում չեմ լինի, էդ դեպքում շարքային քաղաքացու նկատմամբ ի՞նչ պիտի անեն։