«Հրապարակ»․ Ինձ վիրավորեցին Պուտինի խոսքերը, թե ԼՂ-ում այլեւս հայեր չկան

«Հրապարակ»․ Ինձ վիրավորեցին Պուտինի խոսքերը, թե ԼՂ-ում այլեւս հայեր չկան

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը, ասել է թե՝ մեր երկիրը միացավ այն 123 երկրներին, որոնք, ըստ ՄՔԴ կանոնադրության, պարտավոր են իրենց տարածք այցելելու դեպքում ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վերջին շրջանում հայ-ռուսական՝ էականորեն լարված հարաբերությունների ֆոնին սա եղավ հերթական քայլը, որը հարուցեց Մոսկվայի կոշտ արձագանքը, հնչեցին դատապարտող հայտարարություններ։ Մինչդեռ, ինչպես ենթադրվում էր, հավաքական Արեւմուտքն ու միասնական Եվրոպան ցնծությամբ ընդունեցին ՀՀ ԱԺ որոշումը։ Այս համատեքստում, ի՞նչ հետագա զարգացումներ սպասել Երեւանի ու Մոսկվայի փոխհարաբերություններում, եւ ո՞րն է, ի վերջո, ՀՀ իշխանությունների՝ նման քայլի գնալու իրական դրդապատճառը։ Զրուցել ենք ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովի հետ։

- Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման շուրջ աղմուկը չի դադարում։ Մոսկվայի արձագանքը հայտնի է՝ «ոչ բարեկամական քայլ դաշնակցի նկատմամբ, Հայաստանի ինքնիշխանության կորուստ՝ Արեւմուտքի ճնշման ներքո եւ այլն»։ Ո՞րն է Ձեր գնահատականը՝ այս որոշման կապակցությամբ։

 - Մոսկվայի հռետորաբանությունը հասկանալի է, նրանք Երեւանի տոնը վիրավորական են համարում։ Ի վերջո, բացառությամբ Ուկրաինայի կամ Վրաստանի (Սահակաշվիլու օրոք), հետխորհրդային տարածքի երկրներից ոչ մեկն իրեն թույլ չի տվել նման կերպ վարվել նախկին խորհրդային մետրոպոլիայի հետ։

- Կրեմլում շտապեցին հերքել պաշտոնական Երեւանի այն պատճառաբանությունները, թե Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, եւ որ այդ հարցով նախապես առաջարկներ են ուղղվել ռուսական կողմին։ Եթե դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ապա ի՞նչ կտա այն Հայաստանին, եւ, Ձեր կարծիքով,  ինչո՞ւ ՀՀ իշխանությունները գնացին այս քայլին՝ Մոսկվայի հետ լարված հարաբերությունների պայմաններում։

- ՀՀ-ի կողմից ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումն ավելի շատ կապ ունի Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, եւ այդկերպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր շուրջը համախմբել հակակրեմլյան տրամադրությունները՝ պաշտպանվելու «Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու» եւ ազգային շահերը դավաճանելու մասին շարունակ հնչող մեղադրանքներից։ Հռոմի ստատուտի վավերացման այլ բացատրությունները, թե այն անհրաժեշտ է Երեւանին՝ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար, հիմնավորված են թվում, բայց երկրորդական նշանակություն ունեն։

- Հռոմի ստատուտի վավերացումը ենթադրում է Հայաստան այցելության դեպքում ՌԴ նախագահի ձերբակալության մեծ հավանականություն՝ համաձայն ՄՔԴ կանոնադրության։ Դուք ասել եք, թե Պուտինը Հայաստան չի մեկնի ոչ այն պատճառով, որ նրան կարող են ձերբակալել, այլ որովհետեւ նա մտավախություն ունի Երեւանում հանդիպել հայերի ատելությանը։ Փակագծեր կբացե՞ք։

- Այստեղ ամեն ինչ հստակ ասված է. փակագծեր չկան։

- «Վալդայ» ակումբում Պուտինը խոսեց նաեւ ԼՂ վերջին իրադարձությունների մասին։ Նշեց, որ այնտեղ այլեւս հայ չի մնացել, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Արցախի՝ Ադրբեջանի մաս կազմելու մասին, որակապես փոխել են թե՛ Երեւանի դիրքորոշումը, թե՛ ռուս խաղաղապահների կարգավիճակը։ Այսինքն՝ Ղարաբաղում նրանց մնալ-չմնալու հարցը տեղափոխվել է Մոսկվայի եւ Բաքվի քննարկումների տիրույթ։ Ի՞նչ սպասել այս առումով։

-  Նախ՝ ինձ վիրավորեց Պուտինի արտահայտությունը. «Այնտեղ (Ղարաբաղում) ուղղակի հայեր չկան, երեւի հազար կամ մեկուկես հազար, վերջ, ուղղակի այնտեղ մարդ չկա...»։ Այսինքն՝ իր համար 1000-1500 հոգին ուղղակի վիճակագրական սխալմունք է։ Երկրորդ․ կարծում եմ, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին «Վալդայում» գրեթե առանց թաքցնելու ասաց Պուտինը՝ նշելով Ալիեւի հետ իր զրույցը։

Արա Ալոյան