«Հրապարակ»․ Հիմա մեր Կրեմլը Սպիտակ տունն է, որի նպատակներն իրականացնում են եվրաչինովնիկները եւ Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ»․ Հիմա մեր Կրեմլը Սպիտակ տունն է, որի նպատակներն իրականացնում են եվրաչինովնիկները եւ Նիկոլ Փաշինյանը

Իսպանական Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ վեհաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպումը չստացվեց։ Ալիեւը բոյկոտեց այդ հանդիպումը, բայց տեղի ունեցավ քառակողմ՝ Փաշինյան, Միշել, Մակրոն, Շոլց հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն: Այդ հայտարարությունն իշխանականները որպես դիվանագիտական հաջողություն ներկայացրին, իշխանության ընդդիմախոսները՝ Հայաստանի դիվանագիտական հերթական ձախողում: 

Այս հայտարարության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդդիմադիր շրջանակները հայտարարեցին, որ սրանով, այսպես կոչված, անկլավների վերադարձի մասին է ազդարարվում, քանի որ անցած տարի Նիկոլ Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ Ադրբեջանի 86.6 հազարի մեջ մտնում են նաեւ Հայաստանի անկլավները։ Հռչակագրում նաեւ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման, հրատապ սահմանազատման աշխատանքներ սկսելու եւ Արցախից տեղահանվածներին աջակցելու մասին: Բայց, դրան զուգահեռ, չկա Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, էթնիկ զտումը, նախկին նախագահներին ու արցախյան գործիչներին գերեվարելու մասին դատապարտման եւ ոչ միչ խոսք, ընդամենն արձանագրում են կատարված «զանգվածային տեղահանությունը», լռում պատճառների մասին, բայց, սրան զուգահեռ, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու մասին՝ 29,8 հազար եւ 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքներով։ Անգամ Հայաստանի տարածքում շուրջ երկու տարի դիրքավորված ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին որեւէ հիշատակում չկա: Մնում է պարզել, թե ՔՊ-ականներն ինչն են համարում «հաղթանակ»։

Գրանադայի դիվանագիտական «հաղթանակներից» մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն էր առ այն, թե Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումներն այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար»։ Ի դեպ, միջազգային մամուլում արտահոսքեր եղան, որ Փաշինյանն է խնդրել Մակրոնին՝ պատժամիջոցներ չկիրառել Ադրբեջանի դեմ, քանի որ դա կարող է ավելի բարդացնել իրավիճակը։

Իրականում, ի՞նչ կատարվեց Գրանադայում՝ Իլհամ Ալիեւի բացակայությամբ։ Քաղաքագետների մի ստվար խմբի կարծիքով՝ այդ հարցի պատասխանը կստանանք հոկտեմբերի վերջին, երբ  Բրյուսելում կայանա եռակողմ վեհաժողով՝ Փաշինյան-Միշել-Ալիեւ ֆորմատով։ Ոմանք էլ Ալիեւի բոյկոտից չարագույժ կանխատեսումներ են անում, թե ռազմական ճանապարհով է մտադիր ստանալ Զանգեզուրի միջանցքը։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ գնահատականներ, մեկնաբանություններ, բացատրություններ կարող են տալ միայն իշխանության ներկայացուցիչները, բայց ոչ ընդդիմադիրները․ «Երբ բանակցությունների նյութին ծանոթ չես, անլրջություն է որեւէ բան մեկնաբանելը։ Դատել հրապարակված փաստաթղթով՝ չի կարելի, որովհետեւ պարզվեց, օրինակ, որ վերջին պատերազմից առաջ պայմանավորվածություն է եղել՝ անտեսելով մեզ։ Տեսա՞ք՝ ինչ գաղտնի գործարքներ են կնքվում, իսկ մենք, բանից անտեղյակ, տեքստերի հետեւից ենք ընկնում, մեկնաբանում։ Երեւի դրանք էլ վրաներս ծիծաղում են»։

Եթե ընդդիմության վրա ազդեցություն ունենար, ապա Արա Սահակյանը կհորդորեր, որ պետության արտաքին քաղաքականության, անվտանգության վերաբերյալ հարցերը բացառապես փակ քննարկումներում ծավալեն․ «Թե չէ՝ բոլորը դարձել են վերլուծաբաններ, փորձագետներ, Ֆեյսբուքի հայհոյախոսներն են անգամ միջազգային հարցերի վերլուծությամբ զբաղվում, մենք այսպիսով փչացնում ենք մեր հասարակությանը։ Մինչդեռ իրականում հարցը շատ հստակ է դրված՝ վստահե՞լ իշխանություններին, թե՞ ոչ։ Ես չեմ վստահում, որովհետեւ չեմ տեսնում, թե իշխանությունը Հայաստանում ում հետ է նախապես քննարկում ընդունվող որոշումները, ինչպես են ծնվում այդ որոշումները։ Ենթադրություն ունեմ, որ որոշումները ծնվում են դրսում, մերոնց ընդամենը հրամցվում են։ Փողոցային լեզվով ասած՝ մեր իշխանությունների «գրպանն են քցում», ասում՝ այսպես արեք, ու վերջ։ Մերոնք էլ, իմաստունի դեմքով, դրանք ներկայացնում են որպես սեփական որոշում։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը կատարող է։ Իսկ երբ հասկանում ես, որ մեզ որոշումներ են պարտադրվում, չես կարող գուշակել, թե աշխարհի մեծերի կաբինետներում հերթական ինչ ոճիր են նյութում մեր դեմ։ Հայաստանում ոչնչացրել են պետական համակարգերը, չգիտեմ որեւէ ինստիտուտ, հաստատություն, մարմին, որտեղ քննարկվում են սցենարներ, գնահատվում է իրադրությունը, որտեղ ռազմավարական խնդիրներն են գնահատում։ Իմանալով իր (Նիկոլ Փաշինյանի՝ Լ․ Շ․) հախուռն բնավորությունը՝ հասկանում եմ, որ եթե ինչ-որ բան էլ թողնում են իր որոշելուն, արվում է անհավասարակշիռ հոգեվիճակով։ Նա լսել չգիտի, դա դիկտատորի բնավորության գիծ է»։

Արա Սահակյանի կարծիքով՝ ընթացիկ հանդիպումները, բանակցությունները, հրապարակվող տեքստերը սոսկ «այսբերգի գագաթն են», իրական շահառուներն ու որոշումներ ընդունողները ստվերում են կամ գործում են անկողմնակալ միջնորդի դիմակի տակ․ «Հինգ տարվա ընթացքում Հայաստանն իր իշխանությունների ձեռքով դարձավ խամաճիկ»։

Արա Սահակյանին ներկայիս իշխանությունների գործելաոճը հիշեցնում է խորհրդային տարիները․ «Երբ Հայկական ԽՍՀ 9 հոգանոց ԱԳՆ-ն կամ Կրեմլի կողմից նշանակվող կառավարությունն իբր անվտանգային, պաշտպանական կամ այլ լուրջ խնդիրներ էր քննարկում ու որոշումներ ընդունում։ Մինչդեռ  իրականում ամեն ինչ որոշվում էր Կրեմլում։ Հիմա մեր Կրեմլն ուրիշ տեղ է։ Մեր Կրեմլը Սպիտակ տունն է, որի նպատակներն իրականացնում են եվրոչինովնիկները, իսկ բարձրաձայնում են մեր ղեկավարները։ Եվրոպական ինքնուրույն արտաքին քաղաքականություն գոյություն չունի»։ Վերջին գործընթացներն Արա Սահակյանին հուշում են, որ այս ամբողջ «պատմության» մեջ ՀՀ իշխանությունների համար կարեւորը փողն է՝ ԵՄ խոստացած 2.6 մլրդ եվրոն, որը, նրա բնորոշմամբ, «մեր կորցրած հողի եւ թափած արյան գինն է»։

Դիտարկմանը, որ Արեւմուտքի «փորացավն» Արցախն էր, հիմա, երբ այն հանձնեցին Ադրբեջանին, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանին վտանգ չի սպառնում, ասաց․ «Իրենց հիվանդությունը Ռուսաստանն է, Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ազդեցությունից նրան զրկելն է, որն արտահայտվեց Արցախի նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը զրոյացնելու եւ Ադրբեջանի կատարյալ վերահսկողությունը հաստատելու օպերացիայով։ Բայց դա վերջին արարը չէ, փորացավը Ռուսաստանի հետ Հայաստանի բոլոր տեսակի հարաբերությունների խզումն է։ Թե ինչ ձեւով դա կարվի  այս փուլում, չենք կարող մեծերի կաբինետների որոշումները գուշակել։ Պարզ է միայն, որ ուզում են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխել․ արեւը մեզ համար այսուհետ ծագելու է Արեւմուտքում»։