Իշխանափոխություն անպայման տեղի կունենա. կարեւորն այն է, թե ինչ հանգամանքներում

Իշխանափոխություն անպայման տեղի կունենա. կարեւորն այն է, թե ինչ հանգամանքներում

Հայաստանում հանրային կոնսենսուս կա այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում մենք շատ արագ կկորցնենք մեր երկրի տարածքի զգալի մասը եւ գուցե ինքնիշխանությունը՝ դառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող քվազի-պետություն, ֆորմալ պետական ինստիտուտներով, որոնք ամբողջովին վերահսկվում են այդ երկրների կողմից: Մոտավորապես այնպիսի իրավիճակ, որը Թուրքիան նախատեսել էր մեզ համար 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով: Հանրային կոնսենսուս կա նաեւ, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանին ու նրա իշխանությունը եւ որքան հնարավոր է՝ շուտ, այլապես շարունակական աղետն անխուսափելիորեն կզարգանա, ինչպես վերջին չորսուկես տարիներին: Բայց ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին. այս հարցում կարծես պատային իրավիճակ է:

Այսպես կոչված՝ սահմանադրական ճանապարհը, իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, բացառված է: Անգամ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ հանրային հսկայական դժգոհության պայմաններում իշխանությունը, իր ունեցած վարչական, ֆինանսական ռեսուրսի գործադրմամբ, օգտագործելով ընտրակեղծիքների, մարդկանց ահաբեկման եւ կաշառման մեխանիզմները, վերարտադրվում է:

Ընդհանրապես, ընտրության ինստիտուտն արժեզրկվում է ամբողջ աշխարհում. ամենաժողովրդավարական երկրի համարում ունեցող եւ ժողովրդավարություն արտահանող երկրում` ԱՄՆ-ում, ավելի ու ավելի բարձրաձայն են խոսում ընտրակեղծարարության եւ ընտրության ոչ վստահելի արդյունքների մասին: ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն 2 տարի շարունակ վիճարկում է 2020 թվականի ընտրությունների արդյունքները եւ, ըստ էության, ենթարկվում հետապնդման, այդ թվում եւ՝ իրավապահ մարմինների կողմից: Հայաստանում երբեք նորմալ ընտրություններ չեն անցկացվել, եւ մշտապես «հաղթել է» այդ պահի իշխանությունը, որը տիրապետել է վարչական ռեսուրսին: Անգամ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթել էր Հայաստանի Կոմկուսը, ուղղակի ՀՀՇ-ականներին հաջողվեց ճնշումներով որոշ կոմունիստ պատգամավորների հավատափոխ անել, որի արդյունքում էլ մի քանի անհաջող փորձից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահ:

Մյուս ճանապարհը փողոցային պայքարն է, այսպես կոչված՝ հեղափոխական ճանապարհը, երբ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է հրաժարական ներկայացնել փողոցի եւ հանրային ճնշման տակ: Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում այս տարբերակը եւս չի աշխատում: Նախ՝ Փաշինյանն իր եւ իր իշխանության պաշտպանության համար անհրաժեշտ պահի մոբիլիզացնում է մի քանի հազարից մինչեւ 10 հազարը գերազանցող ոստիկանական ուժեր, ինչը բավարար է հանրային դժգոհությունը ճնշելու համար: Ընդդիմությունն էլ իր անհաջողությունը բացատրում է կրիտիկական զանգվածի բացակայությամբ՝ փողոցում այնքան մարդ չի հավաքվում, կամ հավաքվածներն այնքան վճռական տրամադրված չեն, որ հնարավոր լինի իշխանություն վերցնել: 

Իրականությունը կարծես թե այլ է. Հայաստանում չկա հեղափոխական ընդդիմություն՝ այնքան վճռականություն ունեցող մի ուժ, որն իր վրա պատասխանատվություն վերցնի՝ առաջնորդել հեղափոխությունը: Հրապարակում հանրահավաք անցկացնելը եւ ելույթ ունենալը ոչ մի կապ չունեն հեղափոխականության եւ հեղափոխության հետ: Ասվածի ապացույցը սեպտեմբերի 13-ի իրադարձություններն էին, երբ Հանրապետության հրապարակում եւ Բաղրամյան փողոցում հավաքվել էր վճռական տրամադրված մի քանի տասնյակ հազար մարդ, որոնց էներգիան հնարավոր էր օգտագործել իշխանություն վերցնելու համար: Մինչդեռ ոչ մի քաղաքական ուժ կամ ուժերի միավորում պատասխանատվություն չստանձնեց՝ առաջնորդելու հավաքվածներին, եւ բողոքական էներգիան հերթական անգամ պարպվեց: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս նաեւ, որ գործող ընդդիմությունը շարունակում է ապրել հին օրակարգով՝ առաջնահերթ համարելով իշխանություն վերցնելը, այն դեպքում, երբ այլեւս երկրի լինել-չլինելու հարցն է:
Տեսականորեն, կա Փաշինյանին հեռացնելու մի ճանապարհ եւս՝ ռազմական հեղաշրջումը:

Բանակի բարձր եւ միջին սպայակազմն առավել շատ է տեղեկացված, քան մյուսները՝ ինչ իրավիճակ է տիրում երկրի սահմաններին, եւ ինչպիսի սպառնալիքի կարող է ենթարկվել Հայաստանի պետականությունը: Բանակի ըմբոստության դեպքում Փաշինյանի հավաքագրած բազմահազարանոց ոստիկանական ուժերն անարդյունավետ կլինեն, եւ հասարակությունն էլ կպաշտպանի բանակին: Մինչդեռ ռազմական հեղաշրջումը տեսական հնարավորություն է, քանի որ Փաշինյանին հաջողվել է գլխատել բանակի սպայակազմը՝ ազատվելով առավել ըմբոստ եւ գործելու ընդունակ հրամանատարներից: 

Փաշինյանի պաշտոնանկության մի հնարավորություն էլ կա, որը որքան էլ ապոկալիպտիկ թվա, գնալով դառնում է ավելի ու ավելի հավանական: Թշնամու հերթական հարձակման եւ մեր հերթական նահանջի դեպքում շրջափակման սպառնալիքի տակ հայտնված Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզի բնակիչները եւ նահանջող բանակը հայտնվում են Երեւանի փողոցներում, եւ համընդհանուր քաոսի ու խուճապի պայմաններում երկրում դադարելու է որեւէ իշխանություն գոյություն ունենալ: Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատը հնարավոր է կարողանան փրկել իրենց ֆիզիկական գոյությունը, բայց մինչ այդ հասցրած կլինեն ֆիզիկապես ոչնչացնել, սպանել Հայաստանի Հանրապետությունը: Առնվազն ներկայիս տեսքով եւ սահմաններում:

Հայաստանն իր պատմության մեջ շատ անգամ է կիսվել՝ Հռոմի եւ Պարսկաստանի, Արաբական խալիֆայության եւ Բյուզանդիայի, Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ: Վերջին անգամ այն, դարձյալ մեր իշխանությունների բացառիկ անմեղսունակ վարքագծի եւ իշխանությունից ու իրենց աթոռներից մինչեւ վերջ, մինչեւ պետականության վախճանը կպած լինելու պատճառով, բաժանվել է 1920 թվականին: Մարդիկ կան՝ ասում են, թե էլ տեղ չկա կիսելու. էն էլ ինչքա՜ն տեղ կա: Հիմա 21-րդ դարն է, հիմա ատոմն են կիսում ու դրա ավելի մանր մասնիկները, ուր մնաց Հայաստանը չկիսեն:

Ավետիս Բաբաջանյան