Թավշյա Հայաստանը տեղակալապետություն է դարձել

Թավշյա Հայաստանը տեղակալապետություն է դարձել

Օրինաչափությունը երեւույթների միջեւ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետեւանքային անհրաժեշտ կապն է, որ չկա թավշյա Հայաստանում:
Վարչապետն ունի երկու տեղակալ, իսկ ահա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը՝ հինգ, էկոնոմիկայի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարները՝ վեցական: Տպավորություն է, որ մեկ նախարարության մեջ այնքան ոլորտներ են խցկել, որ կարողանան ինչքան հնարավոր է շատ փոխնախարարներ նշանակել: Հայաստանում կա 12 նախարարություն՝ նախարար եւ 47 փոխնախարար: Առայժմ՝ 47: 

Հասկանալի չէ, թե, օրինակ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի ինչին է պետք այդքան փոխնախարարը: Եթե բոլ-բոլ փոխնախարար ունեցող նախարարները չգիտեն, տեղեկացնենք, որ ցանկացած նախարարությունում կան բազմաթիվ վարչություններ ու բաժիններ: Նրանք պիտի գործ անեն, ու նախարարը կարող է նրանց հետ աշխատել, ոչ թե բացառապես փոխնախարարների: Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի համար նաեւ մարզպետարանները՝ տարածքային կառավարման մարմիններն են նույն համակարգի օղակ՝ իրենց հսկայական աշխատակազմով:

Մեզ համար ամենաարտառոցն ու անհեթեթը վարչապետի աշխատակազմի ղեկավար, բանջարաբոստանային մշակաբույսի մականունով Արայիկ Հարությունյանի վիճակն էր: Վարչապետի աշխատակազմի նպատակն է՝ կառավարության, վարչապետի եւ փոխվարչապետերի գործունեության աջակցությունը, գրված է վարչապետի աշխատակազմի կանոնադրության հենց առաջին կետում: Այս վեհ նպատակի համար վարչապետի աշխատակազմում կա 26 կառուցվածքային ստորաբաժանում՝ իրենց աշխատակիցներով, չորս օգնական եւ աշխատակազմի ղեկավարի հինգ տեղակալ: Հինգ: Մի քիչ մեծ աշխատակազմ չէ՞ աջակցության համար: Հաստատ մեծ է, անգամ եթե նրանցից մեկը զբաղված է բացառապես ազատ լրատվամիջոցների դեմ պայքարով եւ ֆեյք «քշելով»: 
Այս դեպքում էլ, վստահ ենք, որ միանշանակ կարելի է աշխատել կառուցվածքային ստորաբաժանման կոնկրետ ղեկավարի կամ աշխատակցի հետ հարաբերվելու միջոցով՝ առանց ձրիակեր տեղակալների ծախսաբեր առատության: Համեմատության համար նշենք, որ ողջ հանրապետության ու Արցախի պաշտպանությունն ապահովող, բանակի համակարգմամբ զբաղվող պաշտպանության նախարարությունում նախարարն ընդամենը երկու տեղակալ ունի: Ակնհայտ է, որ բանջարաբոստանային մշակաբույսի մականունով անձը, որն առանձնահատուկ աշխատասիրությամբ աչքի չի ընկնում, հինգ տեղակալի կարիք չունի: Հսկա աշխատակազմ ունի եւ տեղակալի կարիք ընդհանրապես չունի: Պարզապես պետության հաշվին լավություն են արել առնվազն 5 հոգու, ուռճացրել ապարատը եւ վայելում են կյանքը:

Դատելով պաշտոնական լրահոսից՝ Արայիկ Հարությունյանը, մեծ հաշվով, պարապ է ու իր համար զբաղմունքներ է հորինում: Օրինակ՝ ապրիլի 27-ին նա այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, եվրատեսիլյան մրցույթի անցկացման նպատակով համալիրի շենքում իրականացվող շինարարական, վերականգնողական եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին, ապրիլի 20-ին հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին եւ նրան հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալ, ապրիլի 19-ին Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին, խոսել են երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղություններից։ Ապրիլի 14-ին Արայիկ Հարությունյանն այցելել է Երեւանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող՝ արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին: Իրար հետ կապ չունեցող աշխատանքներ, որ իրար են խառնվում մեկ անձի մեջ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կերպարում: Ընդ որում, այս բոլոր իրադարձությունների մասին հաղորդել են պաշտոնապես, տեղադրել կառավարության կայքում։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին այդքան տեղեկատվություն չի հաղորդվում, եւ տպավորություն է, որ կառավարությունից միայն աշխատակազմի ղեկավարն է աշխատում, ավելի շուտ՝ միայն նրա փիառն են այսպես հետեւողականորեն իրականացնում։

Իհարկե, թավշյաները կշտապեն պնդել, որ այսկերպ բանջարաբոստանային մշակաբույսի մականուն ունեցողներն աջակցում են վարչապետին՝ կատարում իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունը: Այդ դեպքում հարց՝ իսկ ի՞նչ են անում այս կամ այն ծրագրի պատասխանատու կառույցներն ու ամեն տեսակ տեսչական մարմինները: Այստեղ էլ քիչ չեն շեֆերն ու տեղակալները: Օրինակ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարները երեքական տեղակալ ունեն: Թավշյա Հայաստանում ծաղկում է տեղակալաբիզնեսը, թավշյա Հայաստանը տեղակալապետություն է: Ու որ առանձնապես ցավալի է Հայաստանի քաղաքացիների համար՝ տեղակալների առատությունը որեւէ կերպ չի նպաստում աշխատանքի որակին եւ պետական կառավարման համակարգի կենսագործունեությանը: 
2018-ին թավշյա դառնալուց հետո Հայաստանը գնում է բացառապես դեպի կործանում՝ բոլոր առումներով:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ