Նախկին քննիչը պատմում է ներսում տիրող ապօրինությունների մասին. նա դիմել է դատարան

Նախկին քննիչը պատմում է ներսում տիրող ապօրինությունների մասին. նա դիմել է դատարան

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Արկադի Օսիպյանը, 2015 թվականից սկսած, աշխատավայրում ղեկավարության կողմից ենթարկվել է խտրական վերաբերմունքի, իսկ արդեն 2018 թ. դեկտեմբերից մինչ օրս պայքարը շարունակում է դատարանում. պայքարում է իր իրավունքների և արդարության վերականգնման համար։
Նախկին քննիչը «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց իր պատմությունը. «2015թ. կոնֆլիկտ եմ ունեցել Արարատի մարզային քննչական վարչության նախկին պետ Արամ Հարությունյանի հետ, ով ցանկացել էր ինձ դարձնել իր ինֆորմատորը, ինչն իրեն չէր հաջողվել, արդյունքում սկսել էր գրել ինձ վրա, և դրան հաջորդեց առաջին տույժը՝ նկատողություն։ Այդ ժամանակ Մասիսի քննչական բաժնի պետ է եղել և մինչ օրս էլ մնացել է Սամվել Անդրեասյանը: Վարչության պետը ոչ մի կերպ չէր ընդունում վերջինիս, ծաղրում էր, նվաստացնում, նույնիսկ վիրավորում էր ենթակաների ներկայությամբ, որովհետեւ այդ պաշտոնին ցանկանում էր այլ մարդու տեսնել, բայց Սամվել Անդրեասյանն իր կապերով կարողացել էր ստանալ այդ պաշտոնը՝ արհամարհելով վարչության պետին և նրա ցանկությունները: Պաշտոնը չկորցնելու համար Անդրեասյանը գնում էր ամեն քայլի, և լավագույն միջոցն այդ պահին իմ անձի հանդեպ տրամադրվելն էր, միայն թե վարչության պետի աչքը մտներ: Այդ նպատակով նա նույնիսկ աշխատանքային ժողովներին ինձ թույլ չէր տալիս մասնակցել. ես կառույցի աշխատակից էի՝ ամեն ինչից զրկված և անտեղյակ․․․․

Հերթապահությանս գիշերը վթար տեղի ունեցավ, երկու մեքենա էին, մեկը՝ «Մոսկվիչ», մյուսը՝ թանկարժեք «Մերսեդես», վերջինս մեղավոր էր։ Բոլոր գործողությունները կատարվել էին գիշերը՝ դեպքից անմիջապես հետո: Նյութերը մերժման ենթակա էին։ Հաջորդ առավոտյան Անդրեասյանն ինձ կանչել է իր աշխատասենյակ և պահանջել է իրեն տրամադրել նյութերը՝ սկզբում մեկնաբանելով, որ ծանրաբեռնված եմ, ինչը ծիծաղելի էր. ինքն էր մինչ այդ ինձ ծանրաբեռնում: Այնուհետև ասաց, որ վարչության պետն է ուզել, մերժեցի՝ ասելով. «Երկու տարբերակ կա` նյութերն ինձնից պահանջելու. մեկը, որ մտածում եք՝ գումար եմ վերցրել նյութերով, ինչը բացառված է, և Դուք դա լավ գիտեք, և երկրորդը՝ ցանկանում եք տալ Ձեր սիրելի քննիչներից մեկին, որ Դուք գումար վերցնեք և Ձեր ուզածով ավարտեք»: Այդ խոսքից հետո նա սկսեց կմկմալ, որ դա վարչության պետի պահանջն է, և ես պարտավոր եմ նյութերը տալ։ Կրկին մերժեցի: Դրանից հետո գրությունով է պահանջել, ես այդ ընթացքում դատաբժշկից առձեռն վերցրել էի եզրակացությունը և մերժել էի նյութերը, որոնք հետագայում հաստատվել էին դատախազության կողմից։ Դա կատարել եմ, որովհետև ինձ համար կարևոր էին իմ ցուցանիշները, ու ես պարտավոր չէի ամբողջ գործն անել ու +1 ցուցանիշ նվիրել իրենց սիրելիներից ինչ-որ մեկին:

2015թ. ապրիլ-մայիսին ենթարկվում եմ երկրորդ շինծու ծառայողական քննությանը: Ներքին անվտանգության վարչության քննիչն ամեն կերպ փորձել է համոզել, որ գրեմ և դուրս գամ, քանի որ ինձ հեռացնելու են աշխատանքից: Այդ մասին ասել է նաև անմիջապես հանձնաժողովային քննությունից հետո, մինչև որոշում կայացնելը: Բարկացած՝ զանգահարել եմ Անդրեասյանին և ասել, թե ինչ քայլերի եմ գնալու, եթե նրա կեղտոտ արարքների արդյունքում ինձ հեռացնեն աշխատանքից: Ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ մարդը չէր մոռացել տեղին ասածս խոսքերը և չարությունը ներսում պահելով՝ հարմար առիթի էր սպասում»։

Մեր զրուցակիցը նշեց, որ այդ  ընթացքում քանիցս փորձել է հանդիպել ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին՝ հայտնելու, որ խտրական վերաբերմունքի է արժանանում ղեկավարության կողմից, սակայն Հովսեփյանն իրեն չի ընդունել և ամեն անգամ ուղարկել է իր տեղակալ Արթուր Ղամբարյանի մոտ․ «Վերջինիս հետ հանդիպել չէի ցանկանում, քանի որ նրա հետ այլ խնդիր էի ունեցել. ժամանակին վիճել էի նրա ընկերոջ` Արսեն Մարտիրոսյանի հետ, ինչն անդրադարձել էր նաև մեր փոխհարաբերությունների վրա։ Հարությունյանը գիտեր այդ մասին, երբ նշանակվել էի Մասիսի քննչական բաժին, ասել էր, որ Ղամբարյանը ցանկանում է ինձ հեռացնել աշխատանքից: Գուցե դա ասել է, որ ինձ վախեցնի, գուցե իրականում էլ է այդպես եղել, այդպես էլ չեմ իմացել: Այդ մասին հարցրել եմ Ղամբարյանին, ինչին նա որևէ կերպ չէր պատասխանել…
2015թ. երկրորդ շինծու ծառայողական քննության արդյունքում իմ հանդեպ կիրառվել էր «կոչումի իջեցում» տույժը, այսինքն՝ քիչ է, որ հերթական կոչումը չստացա, մի կոչում էլ իջեցրին, և այդ ամենը` ճիշտ աշխատելու համար»։

Օսիպյանի խոսքի համաձայն՝ նա արձակուրդ չի գնացել, ձևակերպվել է միշտ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բայց աշխատել է: 2017թ. նոյեմբերին հերթական անգամ ձևակերպվել է արձակուրդ, որն անցկացրել է աշխատանքի վայրում: 2018թ. մարտ ամսին Անդրեասյանը պարտադրել է Օսիպյանին գնալ արձակուրդ, այն դեպքում, երբ վերջինս երկու ամիս առաջ է վերադարձած եղել «արձակուրդից», այն էլ այն դեպքում, երբ խոստացել էր ամռանը տրամադրել արձակուրդ: Օսիպյանի խոսքով՝ բարկանալով ստեղծված իրավիճակից և իր անձի հանդեպ անարդարությունից՝ հանձնում է վարույթի գործերը և գնում արձակուրդ: Մայիսին վերադառնալով՝ Անդրեասյանից տեղեկանում է, որ դատախազության հետ փոխհարաբերությունները պետք է լինեն միայն գրավոր՝ առանց հեռախոսազանգերի և հանդիպումների: Ըստ նրա՝ չցանկանալով առանձնանալ անձնակազմից, համաձայնել է և միայն հետո է բացահայտել, որ և՛ հեռախոսազանգեր են եղել, և՛ հանդիպումներ այլ քննիչների և դատախազների միջև։ Օսիպյանը նշել է, որ հավանական է՝ դա արվել է իր և դատախազության աշխատակիցների փոխհարաբերությունները փչացնելու նպատակով։

Օսիպյանը ներկայացրեց, որ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ իրեն դիտավորյալ ծանրաբեռնել են, վարույթում ունեցել է մյուսների համեմատ ավել շատ քրեական գործեր և նյութեր, ուրիշի փոխարեն ուղարկել են դեպքի վայր, գործեր են մակագրել նույնիսկ հերթապահության նախորդ և հաջորդ օրերին, բաժնում քննվող բոլոր առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դե ֆակտո կամ դե յուրե եղել է քննչական խմբերում…

Մայիսին արձակուրդից վերադառնալով՝ ամեն շաբաթ ենթարկվել է ծառայողական քննության, ինչի արդյունքում շաբաթական կորցրել է երեք աշխատանքային օր․ «Տարօրինակ է՝ այդ ամենից ընդամենը մեկ տարի առաջ Անբասիր ծառայության համար 4-րդ աստիճանի մեդալ էի ստացել և հանկարծ դարձել էի վատ աշխատակից»: 

Շարունակելով իր պատմությունը՝ Օսիպյանը հայտնեց. «2018թ. աշնանը ՆԱՎ-ի քննիչ Հայրապետ Հայրապետյանի ջանքերով հերթական շինծու ծառայողական քննության արդյունքում իմ հանդեպ կիրառվել է զգուշացումը: Այդ ամբողջ ընթացքում Անդրեասյանն ու դատախազ Սևակ Հովհաննիսյանը 10-20 օրով պահանջել և իրենց մոտ են պահել վարույթիս քրեական գործերը՝ պատճառաբանելով, թե ստուգելու նպատակով է: Այնուհետև մի օր՝ ուշ ժամի, Անդրեասյանն ու Հայրապետյանը մտել են իմ աշխատասենյակ և պահանջել նրանց տրամադրել իմ վարույթի բոլոր գործերը: Ժամը 00-ն անց էր, երբ ես հեռացել եմ աշխատավայրից, նրանք դեռ քրքրում էին վարույթիս գործերը՝ ինձնից փակ դռների հետևում:

Նկատելով տրամադրվածություն Հայրապետյանի մոտ՝ հաջորդ օրը գնացել եմ ՆԱՎ՝ բացարկ հայտնելու: Մտել եմ ՆԱՎ-ի պետ Նավասարդյանի աշխատասենյակ, արագ ներս է մտել նաև Հայրապետյանը, ով կանգնել է Նավասարդյանի կողքին, իսկ ես դիմացը՝ բավականին հեռու։ Երբ ես ներկայացնում էի իմ այցելության նպատակի մասին, Նավասարդյանը հարցրել է՝ ալկոհոլ օգտագործա՞ծ եմ, ինչին ես բացասական պատասխան եմ տվել, թեև նրանք լավ գիտեին, որ ես հեռու եմ ալկոհոլից: Բացարկի վերաբերյալ հարցս նույնիսկ չքննարկելով՝ ասաց, որ գնամ քննիչի մոտ, քանի որ վերջինս ինձ հարցեր ուներ տալու: Հայրապետյանն ինձ գրավոր հարց է ներկայացրել՝ ընթացիկ քրեական գործերը համարակալված չլինելու վերաբերյալ, լրացուցիչ բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը լրացնելով՝ «լր. բացատրություն վերցրեցի Արկադի Օսիպյանից, կենսագրական տվյալները ՆԹ-»։ Այսինքն՝ կատարել է այն, ինչում մեղադրել է ինձ, այդ մասին գրել եմ հարցին ի պատասխան և ներկայացրել եմ բացարկիս պատճառը, ինչից հետո ցանկացել եմ նկարել իմ մասնակցությամբ կազմված արձանագրությունը: Դա տեսնելով՝ Հայրապետյանը վեր է ցատկել իր տեղից ու կախվել է թևիցս՝ պահանջելով նրան տալ արձանագրությունը, որով խախտել է իմ իրավունքը։ Պահանջել եմ, որ բաց թողնի ձեռքս, չի կատարել պահանջս, այդ պահին զգացել եմ ալկոհոլի հոտ նրա վրայից, մի քանի անգամ հարցրել եմ՝ խմա՞ծ է, չի պատասխանել: Այդ պահին ներս է մտել Նավասարդյանը, ում հայտնել եմ, թե ում վրայից է նա զգացել ալկոհոլի հոտը։ Իմ ասածին ի պատասխան, նա ասել է՝ գնամ իր տեղակալ Հակոբյանի մոտ, ով բացատրություն պետք է վերցներ ինձնից: Գնացել եմ Հակոբյանի մոտ, այդ պահին Հայրապետյանը վազքով մոտեցել է վերելակին, ու քանի ես շենքում էի, նա չի հայտնվել: Հակոբյանի աշխաասենյակում հայտնել եմ, որ բացատրությամբ հայտնելու եմ Հայրապետյանի վրայից եկող ալկոհոլի հոտի մասին, կա՛մ նա նախորդ գիշեր խմել է Անդրեասյանի հետ, կա՛մ առավոտյան ալկոհոլի ազդեցության տակ է աշխատանքի եկել, ինչից հետո Հակոբյանն ինձ ասել է, որ բացատրություն չի վերցնելու: Արձանագրության պատճենը չստացա, բացատրություն չվերցրին ու պահանջեցին, որ հեռանամ: Դրանից հետո ցանկացել եմ հանդիպել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ներկայացնելու իրավիճակը, սակայն նա նույնիսկ չցանկացավ լսել ինձ, ասաց, որ իմ մասին իրեն պատմել են, ձեռքս սեղմեց և հավելեց. «Գնա՛, գլուխդ կախ աշխատի»: Մինչ հանձնաժողովային քննությունը Հայրապետյանը չի տրամադրել նյութերը՝ լիարժեք ծանոթանալու: Նյութերին ծանոթացել եմ միայն երկու տարի անց՝ դատարանում, որտեղ հայտնաբերել եմ, որ իմ վերաբերյալ բնութագիրը փոխվել է, բարձրաձայնել եմ դատարանում այդ մասին, սակայն որևէ գնահատական չի տրվել փաստաթուղթ վերացնելու մասին հայտարարությանս: Բազմաթիվ խախտումներ են եղել Հայրապետյանի կողմից, սակայն նա իր կատարած խախտւմների համար նույնիսկ ծառայողական քննության չի ենթարկվել»։

2018թ. նոյեմբերի 12-ին, Հայկ Գրիգորյանի հրամանով, Արկադի Օսիպյանն ազատվել է աշխատանքից, ինչից հետո հայցադիմումով դիմել է դատարան և մինչ օրս պայքարում է իր աշխատանքին վերականգնվելու համար. հերթական նիստը նշանակված է  մայիսի 11-ին:

Օսիպյանը հայտնեց նաեւ, որ 2016թ. Մասիսի քաղաքապետարանի երկրորդ հարկում Մասիսի քննչական բաժնին տրամադրվել են անմխիթար վիճակում գտնվող աշխատասենյակներ: Հանձնարարվել է քննիչներին սեփական միջոցներով վերանորոգել աշխատասենյակները, սպառնալիքի ներքո՝ «կա՛մ վերանորոգում ես, կա՛մ աշխատանքից ազատվում ես»։ Իր խոսքով՝  չունենալով գնալու տեղ, վերանորոգել է աշխատասենյակը: Աշխատանքից հեռացվելուց հետո դիմել է իր գույքը վերցնելու համար, սակայն իրեն արգելել են՝ պատճառաբանելով, որ ամենը կառուցվել է ՔԿ-ի հաշվին։ Երեք անգամ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որը նյութեր նախապատրաստելու փոխարեն նյութերը վերահասցեավորել է ՔԿ ՆԱՎ-ին, որտեղից հայտնել են, որ նույնիսկ ծառայողական քննության հիմք չկա, իսկ Օսիպյանին առաջարկել են մոտենալ և վերցնել իր գույքը: Օսիպյանը հավելեց, որ ՀՀ ՀՔԾ-ն հաշվի չի առել, որ հաղորդման մեջ առնվազն երեք հիմք կա, որի շուրջ պարտավոր էին նյութեր նախապատրաստել.

«Պարտադրել են աշխատակիցներին կատարել պետական շինության վերանորոգում: Ո՞ւմ գրպանն է գնացել այդ վերանորոգման համար դուրս գրված գումարը: Աշխատանքից ազատելուց հետո արգելել են վերցնել գույքը»։