Մենք կորցրեցինք մեր տարածքները, բայց գոնե պահենք հայոց լեզուն

Մենք կորցրեցինք մեր տարածքները, բայց գոնե պահենք հայոց լեզուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ընդդիմադիր ուժերի առաջնորդ Արթուր Վանեցյանին, 44 օրյա պաերազմի կամավորների միությանը

Մենք կորցրեցինք մեր տարածքները, բայց գոնե պահենք հայոց լեզուն

22 տարի առաջ մի խումբ համակարգչային մասնագետների և լեզվագետների ուժերով կազմակերպվեց շահույթ չհետապնդող մի կազմակերպություն՝ ISMA միաբանությունը: Որի նպատակն էր հայ իրականության մեջ ստեղծել հայոց լեզվի պահպանմանը և դրանով ինտերնետային կրթության կազմակերպմանը նպաստող համակարգչային ծրագրային միջոցներ: Այս աշխատանքները ակտիվ ձևով ընթացել են նախորդ 21 տարիների ընթացքում: Իրականացվել են առանց պետության օգնության:

Ներկայումս մեր աշխատանքների արդյունքները հասցված են ներդրմանը հարմար մակարդակի և տեղադրված են www.translator.am հասցեում: Դրանք իրականացնում են հետևյալ գործառույթները․

• գիտելիքների շտեմարանի վարման նոր ինտերնետային հարթակ (հայերեն վիկիպեդիայի պես, սակայն այս շտեմարանի կրիչը տեղակայված է Հայաստանում, չի կարող ընկնել մի որևէ սանկցիայի տակ, չի կարող ջնջվել օտարի (օրինակ՝ թուրքերի) կողմից: Այս շտեմարանը հանդիսանում է իրական աշխարհի մոդելը հասկացույթների (կոնցեպտների) մակարդակով, յուրաքանչյուր կոնցեպտ նույնականացվում է հայերեն լեզվով, հայերեն լեզվի որևէ բառով կամ բառակապակցությամբ, և ի տարբերություն վիկիպեդիայի, կոնցեպտների անունները ներկայացվում են հայերենի տասը խոսքի մասերի բառերով: Կոնցեպտների միջև առկա են հարաբերություններ, այսինքն շտեմարանն իրենից ներկայացնում է հասկացույթների ցանց:

Ներկայումս շտեմարանը պարունակում է 115,000 կոնցեպտ, որոնց անունները և հոմանիշները ներկայացված են հայերենի 175,000 բառով: Օգտատերը կարող է ստանալ յուրաքանչյուր բառի բացատրությունը տեքստով, կապերի ցանկով, մուլտիմեդիա միջոցներով: Շտեմարանն ունի ինտերնետային խմբագրիչ, որը թույլ է տալիս անընդմեջ ճշտել և հարստացնել շտեմարանի կազմը՝ աշխարհի ցանկացած կետից: Մուտքային հարցման դեպքում որոնելի կոնցեպտի անունը վերցվում է հայերեն տեքստից, այնպես, որ մուտքային բառը կարող է լինել հոլովված, խոնարհված, եզակի կամ հոգնակի թվով, տարբեր հոդերով: Այսպիսով, շտեմարանի կողմից ճանաչվող հայերենի բացատրվող բառաձևերը հիմա հասնում են մոտ 5 միլիոնի: 

• թարգմանչական բառարանի գործառույթներ՝ 14 տարբեր լեզուների միջև ցանկացած ուղղությամբ: Քանի որ շտեմարանի միավորները՝ կոնցեպտները, դրանք մարդկային մտածողության միավորներն են՝ անկախ ազգային պատկանելիությունից, շտեմարանում այս միավորները նույնականացվում են 14 տարբերի լեզուներին համապատասխան բառերով, սա թույլ է տալիս ստանալ որևէ լեզվով տրված կոնցեպտի անվանման համարժեքը մեկ այլ լեզվով և իրականացնել 14*13=182 բառարանների գործառույթներ: Այդ լեզուներն են՝ հայերենը(174 000 բառ), արևմտահայերենը(174 000 բառ), գրաբարը(26 000 բառ), համշենի բարբառը(9 000 բառ), անգլերենը(174 000 բառ), ռուսերենը(174 000 բառ), ֆրանսերենը(36 000 բառ), գերմաներենը(21 000 բառ), լատիներենը(5 000 բառ), լեզուներ, որոնցով խոսում են Թուրքիայում ապրող ծպտյալ հայերը․ թուրքերեն(51 000 բառ), քրդերեն(21 000 բառ), զազակի(8 500բառ), թշնամի երկրում ապրող և ճնշված ազգային փոքրամասնությունների լեզուներ․ թալիշերեն(60 000 բառ), լեզգիերեն(23 200 բառ)։
 

• առանց ուսուցչի կրթության կազմակերպման տեխնոլոգիա ինտերնետային միջավայրում: Շտեմարանի և նրանում ներկայացված բառապաշարի մեծ ծավալը թույլ է տալիս ստանալ դպրոցական կամ բուհական դասագրքի ցանկացած տեքստի, ցանկացած բառի կամ տերմինի բացատրությունը, որի կարիքը զգում է սովորողը նյութի յուրացման ժամանակ: Փաստորեն ինտերնետում տեղադրգված ISMA-ն փոխարինում է ուսուցչին: Սովորողի հարցումը կարող է արվել նաև բացատրական տեքստի ցանկացած բառի նկատմամբ: Արդյունքում ստանում ենք ուսուցիչ-սովորող երկխոսությունը ապահովող դասագիրք: 
    • հայերեն լեզվի ուսուցման միջոցներ սփյուռքահայերի համար: Այս նպատակին ծառայում են հետևյալ 2 ռեժիմները.
ա. մկնիկի մեկ սեղմումով հայերենի յուրաքանչյուր բառի տառի վրա ստանում ենք տառի հնչողությունը՝  սփյուռքահայը ծանոթանում է մոռացված մեսրոպյան այբուբենին: 
բ. համակարգում առկա արհեստական բանականության համակարգի օգնությամբ ստանում է ցանկացած հայերեն նախադասության(ոչ շատ բարդ) շարահյուսական վերլուծությունը, որտեղ նշվում է յուրաքանչյուր բառի խոսքի մասը և դերը նախադասության մեջ(օրինակ՝ գոյական, ածական, ենթակա, ստորոգյալ, խնդիր, թիվ, հոլով):
Երկխոսություն թույլատրվում է իրականացնել նաև այսպես:
Այս նամակով ISMA միաբանությունը պետությունից չի խնդրում ոչ մի գումար, սակայն պահանջում ենք՝

• Մշակված համակարգին տալ պետական կարգավիճակ, թույլ տալ այն տեղադրել պետական (թշնամու հակերներից պաշտպանված) որևէ սերվերի վրա։ Կազմակերպել հայերենի ինտերնետային կենտրոն (ISMA համակարգով), փորձարկել և ներդնել կրթության կազմակերպման առաջարկվող տեխնոլոգիան ISMA-ով կազմակերպվող երկխոսական ինտերնետային բառարանների օգնությամբ:

• Ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը կգնահատի ISMA ինֆորմացիոն-ծրագրային համակարգի մշակման ժամանակային և ֆինանսական ծախսերը (արտարժույթով) և կտա առաջարկներ լեզվապահպանության խնդիրների լուծման համար ISMA համակարգի օգտագործման ուղիների մասին: Վերջին 30 տարիների ընթացքում պետությունը կատարել է միլիոնավոր դոլարների ծախս մեր արդյունքների նման արդյունքներ ստանալու համար: Այդ նպատակով գործել է ՀՀ Ակադեմիայի ԿԳՄՍ-ի բազմաթիվ ինստիտուտներ, կոմիտեներ, պոակներ, հայագիտական կենտրոններ: Պահանջում եմ նրանց հաշվետվությունները կատարված ծախսերի համար: 

• Պատասխանատվության ենթարկել ԿԳՄՍ-ի նախարարին, թե ինչու՞ մեր կողմից առաջարկված՝ ֆինանսական ներդրումներ չպահանջող ուսուցման տեխնոլոգիան, չի փորձարկվել և չի ներդրվել հանրապետության կրթական հաստատություններում, և շուրջ երեք տարի է այդ առաջարկները ենթարկվում են սաբոտաժի:

ISMA միաբանության անունից՝ Պոլիտեխնիկ ինստիտուտի 1968թ.-ի շրջանավարտ, ինժեներ, տեխնիկական գիտությունների սովետական դոկտոր, նույն ինստիտուտի պրոֆեսոր Էդուարդ Նշանի Մանուկյան: