Էդ «սութի» բաներից ազատվենք` մենակ ուտենք-խմենք-երգենք-պարենք-բազմանանք

Էդ «սութի» բաներից ազատվենք` մենակ ուտենք-խմենք-երգենք-պարենք-բազմանանք

Դե լավ, հա՝ ինչի՞ եք չափազանցնում․ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը ոչ թե 5 հազար է, այլ՝ ընդամենը 3 հազար 822։ Ձեր դեղին մամուլն ու ամեն ինչ սեւացնող ընդդիմությունն ամեն ինչի ընդունակ է՝ 3 հազար 822-ի տեղը 5 հազար ասելն ամենածանր հանցանքն է, ամեն էդ թիվը խեղաթյուրող պետք է դատարանի առաջ կանգնի ու մի 6-6 տարի նստի, որ խելքը գլուխը գա։ Հերիք է, ինչքան հանդուրժեցինք ձեր սուտ մեղադրանքները՝ ամեն մի ավելացրած մահվան թվի համար պետք է մի տարի տան, որ իմանան, թե ինչ է մարդկանց խաբելը։

Հասկացանք՝ վարչապետին ուղեկցող մեքենան անզգուշությամբ մահ է առաջացրել, բայց դուք ի՜նչ ստոր եք, որ խեղճ վարչապետին եք մեղադրում՝ հո Նիկոլ Փաշինյանը չէ՞ր նստած ղեկին, մի նախկին ոստիկան էր նստած, որին երեւի իր հին տերերը հանձնարարել էին, որ մեկին ավտոյի տակ գցի, որ դա մնա մեր ազնիվ, մաքուր վարչապետի վրա։ Էդ աղջիկն էլ պակաս մեղավոր չի․ որ տեսավ՝ վարչապետի կորտեժն ա անցնում, ինչի՞ չէր վազում, մի տեղ թաքնվում՝ կանգնել, հատուկ մնացել ա, որ ավտոյի տակ ընկնի՝ մեռնի, որ ընդդիմությունը հետո էս թեման շահարկի։ Դրանք ամեն ինչի ընդունակ են։ Պետք է կազմակերպել՝ էդ աղջկա ծնողները գնան, Ռոբի ու Սերժի գրասենյակների դիմաց ակցիա անեն․ հաստատ դրանք են պատվիրատուն։

Ասում եք՝ պատերազմում Հադրութն ու Շուշին տվեց, բայց չէ՞ որ Մարտունին ու Մարտակերտը պահեց Նիկոլը, Ստեփանակերտը չհանձնեց, Լաչինի ճանապարհով դեռ գնում-գալիս ենք, փոխանակ մի բերան շնորհակալություն հայտնեք՝ մարդը կյանքի գնով պահում է Արցախը։ Ձեր նախկինները վաղուց տվել էին, թղթերը սարքել, Ալիեւի հետ պայմանավորվել ու գնացել իրենց միլիարդները վայելելու։ Ալիեւն էլ սպասում էր՝ Նիկոլը գա, մի 2 տարի ոտը պնդացնի, որ հարձակվի, իր ստանալիքը ստանա։

Ասում եք՝ զոհվածների ծնողները փողոց են դուրս գալիս, դատախազին են դիմում, թե պատժեք Նիկոլին՝ էս ա ասել, էն ա ասել՝ պետք է պատժվի։ Իբր թե միտումնավոր ա կռվի տարել, որ հողերը հանձնի, մեր երեխեքին էլ անմեղ զոհ ա սարքել։ Ինչի Նիկո՞լն է իրենց երեխեքին ուղարկել բանակ, կարո՞ղ ա Նիկոլն ա բանակը սարքել ու ստիպել, որ ծառայությունը պարտադիր լինի, որ գնան Ղարաբաղում ծառայեն։ Թե ստեղ մեղավոր կա, էն Վազգեն Սարգսյանն ա մեղավոր, որ հայկական բանակ ստեղծեց, բոլորին ստիպեց, որ 2 տարի ծառայեն։ Որ բանակ չլիներ, պարտադիր ծառայություն չլիներ, ո՞նց էին էդ երեխեքը զոհվելու։ Կամ էլ՝ Նիկո՞լն է բայրաքթարներից կրակել ու սպանել, գնացեք՝ կրակողներին գտեք, բայրաքթար արտադրողին գտեք՝ մեղադրեք։ Մարդն ազնվորեն Ազգային ժողովի ամբիոնից խոսել է, խոսքի համար մեղադրա՞նք են առաջադրում։

Գնացեք ձեր նախկին գեներալներից պահանջեք, բանակի հրամանատարներից, նախկին նախագահներից ու վարչապետներից, որ էդքան տարվա մեջ չէին կարողացել բայրաքթարներ ստեղծել, հետո էլ թողել-գնացել էին թոշակի, իրենց կյանքն էին վայելում, թող գային՝ միանային իրար, զենք ու զինամթերք առնեին, պատերազմը վարեին, հաղթեին՝ էլի գնային իրենց տներով։ Խաղաղ ժամանակ Նիկոլն էլ կարող է կառավարել։ Կամ՝ Գագիկ Ծառուկյանից ու Տաշիրի Կարապետյաններից պահանջեք, որ փոխանակ զենք առնեին, երկրի համար հիվանդանոց ու եկեղեցի էին սարքում։ Այ, էն փողոցում նստող արեւածաղիկ ծախողից էլ պահանջեք, որ հարկ չի վճարում, ՀԴՄ չի տալիս, որ պետությունը զենք կարողանա առնել։ Նույնիսկ էն նարկոտիկ ծախողը պետք է հարկ վճարի, որ պետությունը կարողանա զենք, զինամթերք առնել։

Ասում եք՝ ոստիկանները ցուցարարների՞ն են բերման ենթարկել՝ շատ էլ լավ են արել, ինչո՞ւ են փողոցները փակում՝ խանգարում մարդկանց ազատ տեղաշարժը, բա որ հանկարծ շտապօգնության մեքենան գա-հասնի փակ փողոցին, մեջը ծանր հիվանդ լինի, հիվանդանոց չհասցնեն՝ ճանապարհին մեռնի, ո՞վ է մեղավոր լինելու․ փողոց փակած տականքը ու նրանց քաղաքական առաջնորդները՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան։ Դրանց բոլորին պետք է դատել։

Գները թանկացե՞լ են․ խեղճ Նիկոլն ի՞նչ անի՝ Լֆիկից, մյուս արտադրողներից ու ներկրողներից պահանջեք, գնացեք գյուղացիներից պահանջեք․ մենակ իրենց եկամտի մասին են մտածում, թող մի քանի տարի էլ եկամուտ չունենան, բայց գները չբարձրացնեն, որ ժողովուրդը չտուժի։
Ասում եք՝ Արցախին անկախ կարգավիճակ տալու հարցն էինք քննարկում, Նիկոլը եկավ՝ կարգավիճակն իջեցնելուց է խոսում, ասում է՝ Ղարաբաղը թողնենք Ադրբեջանի կազմում, մենք մեր երկրի հարցերով զբաղվենք՝ հո Հայաստանը վարի չե՞նք տալու Ղարաբաղի համար։ Է, հա, ի՞նչն է սխալ ասում։ Ժամանակին ապրել են, չէ՞, ղարաբաղցիներն ադրբեջանցիների հետ՝ ջան ասել, ջան լսել։ Ուրեմն էլի կապրեն, մենք էլ առեւտուր կանենք, Բաքու կգնանք հանգստանալու, իրանք կգան Սեւանի ափին հանգստանալու։ Մի օր էլ Մեհրիբանն իսկականից կգա Հայաստան՝ մուղամ լսելու ու մեր Աննայի հետ չայ խմելու։ Բա դրանից լավ բա՞ն։ Հիմա ի՞նչ կարեւոր է՝ ով որտեղ է ապրում, ով ինչ սահման ունի ու որ ճանապարհով է գնում-գալիս։ Մի 100 տարի հետո էլ ո՛չ հայ կլինի, ո՛չ թուրք, ո՛չ ադրբեջանցի, իրար խառնված՝ կապրենք էս տարածաշրջանում։ Էդ եկեղեցի, պապերի գերեզման, հայ գրականություն, Տիգրան Մեծ՝ սաղ «սութի» բաներ են։ Մի օր էդ ամեն ինչից պետք է բոլորն ազատվեն՝ ուտեն-խմեն-երգեն-պարեն-բազմանան։

Նիկոլի հավատարիմ ընտրող