Գոնե Կիպրոսի օրինակը հիշեք․ ոչ մի լեգիտիմ սահման անվտանգության երաշխիք չէ

Գոնե Կիպրոսի օրինակը հիշեք․ ոչ մի լեգիտիմ սահման անվտանգության երաշխիք չէ

Իշխանության նոր «սիրելի» նարատիվ է դարձել «իմպրտնի»՝ լեգիտիմություն բառը։

Միայն վերջին հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ անգամ օգտագործեց "լեգիտիմություն" բառը՝ որպես Հայաստանի անվտանգությունը երաշխավորող բանաձև և սահմանի իբր դեմարկացիայի/դելիմիտացիայի վերաբերյալ իր որոշումների արդարացում:

Անշուշտ, պետության որոշումների և գործողությունների լեգիտիմությունը կարևոր քաղաքական գործիք է, բայց միայն սահմանների լեգիտիմությունը երբեք և ոչ մի տեղ չի եղել և տեսականորեն չի էլ կարող լինել երկրի անվտանգությունն ապահովող հիմնական գործոնը:

Սա նվազագույնը քաղաքական անգրագիտություն է կամ էժանագին մանիպուլյացիա։ Երբ մեզ խաբում են, որ սահմանների  լեգիտիմությունը անվտանգության երաշխավոր է, ես ուզում եմ ընդամենը մի քանի օրինակ բերել, որպեսզի հասկանան այդ պնդման ողջ անհեթեթությունը։

Նախ, Հայաստանի բոլոր ներկայիս սահմանները լեգիտիմ են, քանի որ հենց ներկայիս սահմաններում է Հայաստանը ճանաչված միջազգային հանրության կողմից ( ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՉՕԷՍ և այլն):

Ուրեմն հայկական ներկայիս իշխանությունը մեզ խուժանավարի ստում է, երբ խոսում է այն մասին, որ մեզ պետք է լեգիտիմացնել սահմանները՝ չէ որ Հայաստանի ներկայիս սահմաններն արդեն լեգիտիմ են՝ Երրորդ հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից։

Երկրորդ․ Հայաստանի սահմանների լեգիտիմությունը չխանգարեց թուրք-ադրբեջանական տանդեմին օկուպացնել Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։

Այսինքն՝ սահմանների լեգիտիմությունն այլևս չի եղել և չի կարող լինել երկրի անձեռնմխելիության երաշխիք։
Սահմանների լեգիտիմությունն ապրիորի խոչընդոտ չդարձավ Թուրքիայի համար այլ ինքնիշխան երկրների տարածքների օկուպացիայի ժամանակ։

Օրինակ՝ Թուրքիան ճանաչել և ճանաչում է Իրաքի, Սիրիայի, Լիբիայի սահմանների լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում օկուպացնել այդ պետությունների տարածքները, ընդգծում եմ նույնիսկ սահմանների դե յուրե ճանաչման պայմաններում։

Կամ բերենք Կիպրոսի օրինակը, որտեղ Կիպրոսի սահմանների միջազգայնորեն ճանաչված լեգիտիմության պայմաններում երկրի կեսը գտնվում է թուրքական օկուպացիայի տակ։

Ի՞նչ է արել միջազգային հանրությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այլ պետությունների լեգիտիմ սահմանների օկուպացիայի պայմաններում:
Բացարձակապես ոչինչ:

Կամ՝ մեկ այլ օրինակ․ Միջազգային հանրությունը հանգիստ նայում էր Արցախում հայ բնակչության էթնիկ զտումներին՝ այսինքն, միջազգային, իրավական և հումանիտար տեսանկյունից բացարձակապես ոչ լեգիտիմ գործընթացին։ 
Եղե՞լ են արդյոք ինչ-որ իրական գործողություններ Ադրբեջանի դեմ։ Ոչ։

Եվ ամենակարևորը, մինչ մեզ հեռուստացույցներից, համակարգչային մոնիտորներից և սմարթֆոնների էկրաններից ցինիկաբար ստում են սահմանների լեգիտիմության մասին, որպես երկրի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանի առաջնորդ իլհամ ալիևն ուղղակի և բացահայտ հայտարարում է, որ Հայաստանի նկատմամբ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ գործում է միայն ռազմական ուժի գործոնը:
Հիմա հասկանալի՞ է լիգիտիմության իրական արժեքը։

Այլ բան է, որ ներկայիս հայաստանյան իշխանությունն ուղղակիորեն սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, գործելով կոլաբորացիոնիստների տրամաբանության մեջ, զուգահեռ «հպարտ քաղաքացիներին» քաղաքագիտական ապուշություն է պատմում՝ գործընթացների "լեգիտիմության" մասին, որպեսզի «հպարտ քաղաքացիների» տրամադրությունը հանկարծ չփչանա։

 Արման Աբովյան