«Հրապարակ». Ֆուտբոլի ակադեմիան հանձնելու են Սամվել Կարապետյանի ակումբին

«Հրապարակ». Ֆուտբոլի ակադեմիան հանձնելու են Սամվել Կարապետյանի ակումբին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունը մտադիր է Ֆուտբոլի ակադեմիայի շենքն անհատույց տրամադրել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին։ Տեղեկությունը հաստատեց «Արարատ-Արմենիայի» ղեկավար Պողոս Գալստյանը։

- Տեղեկություն ունենք, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մի մասը վաճառվել է Ձեր ղեկավարած ակումբին, ինչո՞ւ, ե՞րբ  է գործարքը եղել։

- Պաշտոնապես դեռեւս որեւէ գործընթաց տեղի չի ունեցել։ Ընդհանուր խոսակցություն, մոտեցում կա, բայց վերջնական պաշտոնական բան չկա։ Ակադեմիան չի վաճառվելու, նվիրատվություն է լինելու։ Մենք ուզում ենք ունենալ մեր ակադեմիան, եւ նպատակ կա՝ ակադեմիայի կեսն առանց վճարի վերցնելու։ Մենք դիմել ենք համապատասխան կառույցներին, որ այդ հարցի լուծումը վերջնական ստանանք։ 

- Իսկ նորմա՞լ է, որ պետական ակադեմիայի կեսն անհատույց տրվում է մասնավոր ֆուտբոլային ակումբի։

- Ինչո՞ւ չէ, ի՞նչ վատ բան կա այդտեղ։ Մենք շատ բանի ցանկություն ունենք։ Մեզ մոտ այդ ցանկությունները չեն ստացվում, տեսնենք՝ գոնե այս մեկը կստացվի՞, թե՞ ոչ։ Մենք այլ պլաններ էլ ունեինք:

- Ակադեմիայի մանկապատանեկան թիմերը, տրիբունան, մի քանի դաշտեր, ասում են, արդեն հանձնվել են Ձեր ակումբին։ 

- Չեն տրամադրվել դեռ, եթե տրամադրվեն, չեմ խաբի, անպայման կասեմ։ Կա խոսակցություն, բանակցություններ են գնում։ Ինչպես արդեն ասացի՝ ցանկանում ենք ունենալ մեր ակադեմիան։ Դիմել ենք, խնդրել ենք, Ֆուտբոլի ֆեդերացիայի, ակադեմիայի ներկայացուցիչների հետ հիմա բանակցությունների մեջ ենք։ 

- Ինչո՞ւ չեք ուզում նորը կառուցել։

- Մենք ցանկացել ենք նորն ունենալ, դիմել ենք քաղաքապետարան, աշխատանք ենք տարել, բայց քանի որ Երեւանում չկա ազատ հողատարածք, պրոցեսը կանգնել է։

- Երեւանում ամեն քայլափոխի նոր շենքեր են կառուցում, ֆուտբոլի ակումբի համար տեղ չկա՞, այդպե՞ս է արձագանքել Երեւանի քաղաքապետարանը։

- Ես դիմել եմ տարբեր կառույցների։ Ես եմ կոնկրետ զբաղվել դրանով, չեմ կարողացել հող գտնել։ Ես գիտեմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան պիտի 4 ստադիոն, դպրոցներ սարքի։ էդ տարածքներն արդեն զբաղված են։ Ձեզ համար ի՞նչ տարբերություն։

- Տարբերությունն այն է, որ Ֆուտբոլի ակադեմիան գործող կառույց է, պետական է, պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային, այնտեղ տարբեր թիմեր են պարապում, վարձ են տալիս, մրցումներ, մարզումներ են անում, իսկ պետությունը հիմա դա անհատույց տալիս է կոնկրետ մեկ մասնավոր ֆուտբոլային թիմի՝ խտրական վերաբերմունք դրսեւորելով ակումբների նկատմամբ։ 

- Բա մենք վերցնում ենք, որ երեխեքը շատանան, հոսքը շատանա, մենք ունենանք մեր ակադեմիան, կարողանանք մրցումներ անել։ Մենք էլ ուզում ենք մերն ունենալ։

- Այդ ակադեմիան կառուցել է Ռուբեն Հայրապետյանը, նպատակը նրա անունը ջնջելն է, կառույցը բզկտելը։

- Այդ ակադեմիան Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը չէ, դա պատկանում է պետությանը եւ ֆեդերացիային։ Ոչ մեկը չի պատրաստվում դա քանդել, հակառակը՝ ավելի լավն ենք ուզում սարքենք։ Ինչ-որ բացթողումներ կան, դա էլ փակել, եթե, իհարկե, ստացվի։ 

- Երբ «Արարատ-Արմենիան» փաստացի տնօրինի Ֆուտբոլի ակադեմիան, երեւի վարձակալական հիմունքներով տրամադրելու եք այլ թիմերի, որ պարապե՞ն։

- Եթե լինի հնարավորություն, կարող են, բայց դժվար նման հնարավորություն լինի։ Դաշտերն այնքան քիչ են, երեխաների հոսքը շատ է, մենք մտածում ենք, թե ոնց պիտի հասցնենք։