«Հրապարակ». Բագրատ սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում

«Հրապարակ». Բագրատ սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ինչպե՞ս եք տեսնում, այն համահայկական դառնալու հեռանկար ունի՞, որ իշխանափոխության հիմք դառնա։

- Իսկապես անհրաժեշտ է, որ համահայստանյան դառնա շարժումը, որովհետեւ Տավուշի հարցը միայն Տավուշի հարցը չէ՝ Հայաստանի անվտանգության հարց է։ Տավուշը եթե զիջենք, Նիկոլ Փաշինյանը կշարունակի զիջումների շղթան, եւ մենք պետք է փաստենք, որ դիմադրություն կա, եւ մերժում ենք Հայաստանի մի մասը թշնամուն հանձնելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ շարժումը համահայաստանյան բնույթ ստանա։

- Եկեղեցու դեմ արշավն ինչո՞վ եք պայմանավորում՝ օրինակ, Բագրատ սրբազանին ռուսական ԿԳԲ-ի գործակալ ներկայացնելու փորձերը, վտա՞նգ են տեսնում նրա անձի մեջ։

- Դա շատ էժան քարոզչություն է իշխանությունների կողմից, որպեսզի փորձեն վարկաբեկել բոլոր այն գործիչներին, ովքեր դիմադրության մեջ են։ Նրանք հասկանում են, որ շարժումն ավելի է լրջանում եւ զորակցություն ստանում, եւ այդպիսով փորձում են վարկաբեկել եկեղեցին։ Վաղը կվարկաբեկեն այլ անձանց կամ կազմակերպություններին, կուսակցություններին, որ դիմադրության մեջ են։ Սա նշանակում է, որ իշխանություններն իրենց վտանգված են զգում, եւ շատ էժան, շատ վատ եւ շատ աղքատ քարոզչություն է սա։

- Երբ հետեւում եք Տավուշի շուրջ նախաձեռնությանը, ընդհանուր ընդդիմադիր դաշտի գործողություններին, տեսնո՞ւմ եք միավորվածություն, թե՞ դեռ որոշակի պառակտվածություն կա։

- Ես բավական լավատես եմ, տեսնում եմ, որ այսօր տարբեր շրջանակներ համաձայնում են միասնաբար, որովհետեւ այնքան վտանգավոր է Հայաստանի համար եւ Հայաստանի ժողովրդի համար Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ի նպաստ թշնամիներին, որ այսօր իսկապես լուրջ գիտակցություն կա, որ պետք է համախմբել բոլոր ուժերին, որոնք կարող են դիմադրել եւ ընդդիմանալ այս հանձնվողական քաղաքականության դեմ։ Ես բավական լավատես եմ եւ շատ եմ վստահում Հայաստանի ժողովրդին, որ Հայաստանի ժողովուրդը կարող է արթնանալ, ոտքի կանգնել եւ արգելել, որ հանձնվի Հայաստանը թշնամուն, որովհետեւ ապագան այդ է։ Երբ մենք ասում էինք, որ Արցախը Հայաստանի վահանն է, եւ եթե Արցախը հանձնվի, վաղը Հայաստանը կվտանգվի, ճիշտ այդ սցենարն է, որ տեղի է ունենում, Արցախը Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին, եւ հիմա մաս-մաս Հայաստանի տարբեր հատվածներ սկսեցին հանձնել թշնամուն։ Այսօր Հայաստանի գոյությունը հարցականի տակ է, Հայաստանի ժողովրդի ապագան հարցականի տակ է, եւ այս վտանգի առջեւ միասնականորեն բոլոր ազգային հայորդիները, ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնեն, որ արգելեն երկիրը հանձնել թշնամուն։ Ես տեսնում եմ, որ քայլերը դրական են եւ կարող են հաջողել այսօր, որովհետեւ տարբեր շրջանակներ գիտակից են այս վտանգին, եւ ես լավատես եմ, որ Հայաստանի ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կվայելի սփյուռքի զորակցությունը։ Նախ համահայաստանյան ծավալ պետք է ստանա, եւ երբ դա լինի, համահայկական բնույթ կտանք այս շարժմանը։

- Ֆրանսիայի հայկական համայնքը կիսո՞ւմ է Ձեր կարծիքը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցողի վերաբերյալ։

- Դժվար է պատասխանել, բայց շատ կարեւոր մաս կա, որ այսօր զորավիգ չի կանգնում Փաշինյանի քաղաքականությանը, որովհետեւ Արցախի համար պայքարել է Ֆրանսիայի համայնքը եւ սփյուռքն ընդհանուր առմամբ, որպեսզի Արցախը մնա հայկական, եւ Արցախը հանձնվեց։ Նաեւ հայկական սփյուռքը աշխատանք է տանում Հայաստանի անվտանգության մասով, ու երբ Հայաստանի տարբեր հատվածներ փոխանցվում են թշնամուն, սփյուռքը միայն կարող է դատապարտել ու չի կարող համաձայնել այս քաղաքականությանը։

- Որոշակի շրջանակներ քննադատում են եկեղեցուն, մասնավորապես Բագրատ սրբազանին, որ հոգեւորականը գործ չունի քաղաքականության մեջ։

- Ով որ նման բան է ասում, ծանոթ չի հայոց պատմությանը։ Եկեղեցին միշտ ունեցել է ազգային դեր եւ երբ որ եկեղեցին նաեւ դիմադրության մաս է կազմում եւ ժողովրդի թիկունքին է կանգնում, նշանակում է, որ հայ ժողովուրդն ուժ է ստանում իր պահանջներով, ուրեմն շատ լավ հասկանալի է, որ կառավարության շրջանակները կամ կառավարությունն ինքը, կամ վարչապետն ինքը, փորձում են վարկաբեկել Բագրատ սրբազանին, բայց Բագրատ սրբազանն ազգային մարդ է, եւ ինքը դիմադրության առանցքային կերպարն է։ Ընդհակառակը, պետք է զորակցել Բագրատ սրբազանին, եւ պետք է այդ շարժման ղեկավարն այդ ուժը ստանա եւ բոլորի զորակցությունը վայելի։ Բնական է, որ երբ փորձում են վարկաբեկել, նշանակում է՝ հասկանում են, որ նոր թափ է ստացել դիմադրությունը, եւ սա մեզ պիտի քաջալերի, նշանակում է՝ ճիշտ ուղղության մեջ ենք։