Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին․ նա պիտի պատրաստվի որպես զինվոր

 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին․ նա պիտի պատրաստվի որպես զինվոր

Մենք պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք։ Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին:
Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են: Այսինքն՝ մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք»,- ասել է նա։

«Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած։ Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում»,- ասել է նա։