Արա Սաղաթելյանի պատկերացմամբ` իրեն ուզում են մեկուսացնել. որոշումը կհրապարակվի վաղը

Արա Սաղաթելյանի պատկերացմամբ` իրեն ուզում են մեկուսացնել. որոշումը կհրապարակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվեց ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ 16։00-ին։

Դատարանի շենքից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Հակոբ Ենոքյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստի ընթացքում համակցվել է այդ VPN հավելվածին ու նույն IP հասցեով, որը վերագրվում է այս գործով անցնող 4 անձանց. «Պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ է այդ խմբի անդամ ու այդ անհեթեությունն առավել առարկայական դարձավ»։

Ինչ վերաբերում է դատախազության դիրքորոշմանը` նշեց, որ Դատախազության դիրքորոշումը համահունչ էր առաջին ատյանի դատարանի որոշմանը։

Արա Սաղաթելյանը ներկա է է եղել բողոքի քննությանը. «Նա իր դիրքորոշումը ներկայացրեց։ Նրա պատկերացմամբ՝ այս ամեն ինչն ուղղված է իրեն մեկուսացնելուն, ինչն էլ պայմանավորված է իր՝ հակաադրբեջանական գործունեությամբ»։

Հարցին՝ արդյոք Արա Սաղաթելյանն ընդունո՞ւմ է, որ օգտվել է այդ հավելվածից՝ պաշտպանն ասաց. «Պարոն Սաղաթելյանը ոչ միայն հայտարարել է, որ ինքն օգտվել է, այլեւ այնպիսի փաստական տվյալներ է ներկայացրել, որոնք քննության մտածելակերպին հակառակ են։ Նա ասել է, որ այդ ծրագիրը նա ձեռք է բերել գումարով, այսինքն՝ լիցենզավորված տարբերակը ձեռք է բերել իր անձնական քարտով»։

Հիշեցնենք` Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։