Օրապահիկ քառյակներ

Մեծերի ու փոքրերի համար
Ուսապարկ ջան, ուսապարկ,
մեջդ՝ օղի ու մաստակ,
քեզ կկրեմ շարունակ,
թեկուզ լինես դիփ-դատարկ:
Մկնիկ, ծվա, ծվծվա,
թաքուն տեղեր թռվռա,
մի ծակ մտիր՝ պախկվիր,
մինչեւ կռիվն ավարտվի:
Նապաստակ, այ նապաստակ,
չունես դուխ ու նպատակ,
դրոնի ձայն թե լսես,
իսկույն նկուղ կվազես:
Դու իմ աչք-ունկ, իմ Պողոս,
իսկը՝ թիկունք ու հերոս,
լայվ կմտնեմ ու կասեմ,
թե ոնց քվեդ կխլեմ:
Մի վարժապետ փողոցում
ճառում է ու սղոցում
անցորդ մարդկանց ուղեղը,
հետն էլ խմում իր դեղը:
Ինքն իրենով՝ մի ամբոխ,
ամբոխի մեջ՝ կարմիր բողկ,
դեռ չցանած ոչ մի հունդ,
ողջին քաշեց նա անդունդ:
Պաշտում եմ քեզ, աթոռ իմ հեզ,
ամեն ինչից անուշ ես դու,
քեզնով եմ ես հպարտ քանդում
եկեղեցի, բանակ ու տուն:
Երազումս մի լղպոր
թույն էր թորում ամեն օր,
աչք էր փակում ԱԱԾ-ն,
մունջ էր իբր ՀՔԾ-ն:
Մի միմոսի թատրոնում՝
ծափ ու ծիծաղ, երգ ու պար,-
իրար ոտք են տրորում
երեսփոխան, նախարար:
Դե շուտ, Պողոս, վազիր փողոց,
դուրս է ելել «փրկիչը»,
երբ փռշտա, քթին հուպ տուր
ձեռիդ պատրաստ սրբիչը:
Ամբոխավար ծաղրածուն
շատ է սիրում հավի ձուն,
բայց քայլերթից առաջ նա
խփշտում է սեւ խավիար:
Շնագայլոց ոհմակը
ահա լցրեց իր տակը,
ասին՝ չափից շատ կերաք
Երկրի միսն ու ոսկորքը:
Ճառում է նա ու քայլում
առավոտից իրիկուն,
ո՞ւր կհասնի այսպես, ո՞ւր,
հա, կհասնի Ստամբուլ:
Նազարն եղավ զորավար,
թուրը ճոճեց վեր ու վար
մարտադաշտից շա՜տ հեռու,
մի անառիկ բունկերում:
Եկավ խրոխտ ճղճղաց,
կռկռաց ու հռհռաց,
ԳՇ-ն հենց որ փըխկ արեց,
փորլուծն ընկավ՝ ղռղռաց:
Մի գեղացի Երեւանում
խանութ բացել՝ ի՞նչ է ծախում -
Հայրենիքը, հայ պատիվը,
ինչ-որ կասի թուրք հարիֆը:
Մի դասալիք տականք տեսա
Հայոց վերին պալատում,
դաս էր տալիս՝ ինչպես կրվել,
բայց եւ տիրել վերեւում:
Ինչեր ասես, որ չի անի
զոմբիական ամբոխը գիրթ,
խելագարին թագավոր ու
դավաճանին կուռք կկարգի:
Հայրենադավ մի շակալ
ծախեց Հադրութն ու Շուշին,-
ախ, նրանից, Տիրակալ,
մի թող նույնիսկ իր փոշին:
Մեկտեղ եկեք, խելոք բալեք,
Վազգեն, Իշխան, Գագիկ, Արթուր,
բռունցք դառեք, մի զարկ տվեք
նեռին, որ նա դառնա թրթուր:
Միտք է անում թրքադեմ
Էն հողատուն հղփադեւ՝
«Էժա՞ն գնով ես տվի
Ղարաբաղը լեռնային...»։
Ատում եմ քեզ ու գդակդ,
միաքրքիջ խեղկատակ,
վնգստյունդ ու անկումդ
պիտ նկարեմ սեւ-սպիտակ:
Ալո, Արո ու Անդո,
բերեք էն սեւ, պինդ ավտոն,
լցվենք մեջը՝ ռադ լինենք,
դատ ու շառից պրծնենք:
Քեզ կփնտրեն Արցախի
շներն անտուն-կատաղի,
կհոտոտեն՝ կբռնեն
քեզ՝ քնած թե արթմնի...
Արնածարավ մի ճիվաղ
զվռնում է թաղեթաղ,
բայց կկորչի նա անհետ,
ննջեք խաղաղ, սուրբ զոհեր:
Երկիր լլկող եղծ աղանդոց՝
անհայրենիք, անհավատ,
մեր Տեր Աստված նրանց շուտով
կնետի խոր աղբանոց:
Ֆեյսբուքով սնված,
ֆեյսբուքով ուռած,
թե մի կայծ ընկնի՝
կպայթեն հանկարծ:
Հայրենիքիս մոլախոտեր,
շնագայլեր տարասեռ,
Արարատի լույսը բավ է,
որ վերանաք դուք հավետ:
Անց են կենում նեռ ու քաջքեր,
ատելություն, թույն ու քեն,
ազգն է մնում անանց սիրով՝
աճած Մասսի ջրերով:
Առանց զոմբի Հայաստան,
ան-դավաճան Հայաստան,
միշտ Արցախ ու Սփյուռքով՝
վսեմ, անպարտ Հայաստան:
Հավաքեց եւ մշակեց
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, Արցախ
Կարծիքներ