Նախկինների վերադարձը՝ բոբո

Նախկինների վերադարձը՝ բոբո

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է ձեւավորում իշխանություն, ես իշխանություն չունեմ, ժողովուրդն ինձ կոնկրետ ժամկետով լիազորել է իր անունից կառավարել երկիրը: Եթե ես չլինեմ, ապա նախկինները կվերադառնան, կթալանեն, ընտրություններ կկեղծեն ու կմնան հավետ իշխանություն»: Ահա, բառացի կամ մոտավորապես Փաշինյանի՝ նիկոլապաշտ եւ զոմբիացված կենսազանգվածին ուղղած դիմումը: Եվ դա տեւում է համարյա երեք տարի ու դա շարունակում է իր մոգական ազդեցությունն այդ բազմության վրա: Նշանակություն չունի, որ այդ ընթացքում հսկայական փոփոխություններ են կատարվել երկրում, որ այդ տարիների ընթացքում նախկինների շնորհիվ հպարտ դարձած պետությունը գահավիժել է անդունդ: Նշանակություն չունեն մարդկային եւ տարածքային կորուստները, գերեվարվածների ու վիրավորների առկայությունը, անվտանգության առումով սպառնալիքները եւ այլն, եւ այլն:

Եվ քանի որ Հայրենիքի փրկության շարժման մեջ ակտիվ դերակատարում ունեն նաեւ նախկինները, ապա նախկինների նկատմամբ գեներացված ու շարունակվող ատելությունը մեխանիկորեն փոխանցվում է նաեւ շարժմանը: «Սրանք պետք է հեռանան, որպեսզի քաղաքական դաշտը մաքրվի, եւ նոր մարդիկ հայտնվեն այդտեղ». սա էլ Նիկոլին դեմ, բայց նաեւ նախկիններին դեմ որոշակիորեն գրագետ մասի արձագանքն է: Այն, ի դեպ, հաճույքով փոխ են առնում նոր ստեղծված կուսակցությունները, քանի որ նախկինների ակտիվության դեպքում խորհրդարանում հայտնվելու շանսեր չունեն: Երբ այս ամենը տեղի էր ունենում, ասենք, մեկ տարի կամ գոնե կես տարի առաջ, ապա կարող էր ունենալ կյանքի իրավունք: Սակայն անցյալ տարվա պատերազմում մեր պարտությունից հետո այն նույնիսկ անհեթեթություն չէ, այն զավեշտ էլ չէ, այն լացելու բան է: Ի՜նչ նոր քաղաքական դաշտ, ի՜նչ նոր մարդիկ… Չես հասկանում, այս մարդիկ գիտակցո՞ւմ են, թե ուր ենք մենք հասել ազգովի: 

Չէ, երեւի չեն գիտակցում, այլապես մեղավորներին (այդ թվում՝ թիվ մեկ մեղավորին) կբացահայտեին եւ օրենքով կդատապարտեին, հետո ձեռք-ձեռքի կտային ու նոր ղեկավարություն կընտրեին եւ միահամուռ ուժերով կլծվեին երկրի վերականգնման գործին: Ու չէին նայի, թե ով է նախկինը կամ ներկան, ով է թալանել կամ կեղծել՝ այդ ամենը թողնելով ավելի ապահով ու հեռավոր ապագային: Այդպիսին պետք է լիներ գիտակից ու հայրենիքին նվիրված հասարակությունը, ինչը, դժբախտաբար, մեզանում գոյություն չունի:

Մարդիկ չեն ընկալում, որ այլեւս գոյություն չունի նախկին Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ հայն ու այլազգին իրենց ապահով էին զգում ամենուրեք: Չկա այն Հայաստանը, որը դեպի իրեն էր ձգում մարդկանց՝ հայ կամ այլազգի: Եվ ով էլ գա այսօր իշխանության, ի՞նչը պետք է թալանի՝ դատարկ բյուջեն, 7-10 տոկոսանոց անկում գրանցած տնտեսությունը, տանտերերից դատարկված ու թուրքին հանձնված կամ հեռացողների կողմից այրված տները, զավակներ ու հայրեր ու ամուսիններ կորցրած ընտանիքները… Ով էլ գա իշխանության, նա ոչ թե վայելելու է այն, այլ ինքնակամ իր ուսերին է վերցնելու այնպիսի մի բեռ, որին ստրուկն ու ճորտը չէին համաձայնի, եթե ունենային դրա իրավունքը: Ով էլ գա այսօր իշխանության, նա կերազի գոնե գիշերային հանգստի ժամերի մասին, քանի որ չի ունենա ցերեկային հանգստի հնարավորություն: Ահա այդպիսի Հայաստան է բաժին ընկնելու նախկիններին, եթե նրանք վերադառնան իշխանության: Իսկ եթե ինձ մնար որոշման իրավունքը, թե ում պետք է փոխանցել իշխանությունը, ապա ես այն կփոխանցեի հենց նախկիններին՝ առանց հաշվի առնելու, որ 2002-ից պայքարել եմ նախկինների դեմ փողոցներում եւ ընտրատեղամասերում: Նրանց, ովքեր ունեն ճգնաժամային կառավարման փորձ, ովքեր իշխանության գալուց հետո ոչ թե ժամանակ կկորցնեն՝ հասկանալու համար, թե դա ինչ է, այլ  անմիջապես թեւքերը կքշտեն եւ կանցնեն գործի: Բայց քանի որ Աստված ինձ նման լիազորությամբ չի օժտել, Նիկոլը կշարունակի շահարկել նախկինների թեման՝ մանիպուլացնելով ծանր վիճակի մեջ գտնվող հասարակությանը: 

Եվ երբ անգրագետ զոմբիացված բազմությունն է կրկնում իր կուռքի անհեթեթությունները, ես դա հասկանում եմ: Սակայն երբ դա կրկնում է շատ թե քիչ գրագետ մասը, ես զարմանում եմ. եթե նույնիսկ նրանք ծանր խնդիր են ունեցել նախկինների օրոք, միեւնույն է, դա պատճառ չէ, որպեսզի աջակցեն հանուն իր իշխանության պահպանման անցյալի դեմ կռիվ տվող Նիկոլին: Որովհետեւ արանքում տուժում է եւ ոչ միայն տուժում, այլեւ կործանվում է մեր հայրենիքը: Եվ ինչ է ստացվում՝ հայրենիքը՝ հեչ, նախկինները՝ մեջ, այո՞: Եվ ես ուզում եմ գոռալ՝ այ անաստվածներ, Աստված ձեզ անասունից տարբերվելու համար ուղեղ է տվել, ինչո՞ւ չեք օգտվում դրանից: Նախկինների թեման Նիկոլն օգտագործում է ճիշտ այնպես, ինչպես ձեզ է օգտագործում նախկինների դեմ, որպեսզի ինքն ու իր ընտանիքը վայելեն կյանքն այնպես՝ այն էլ պատերազմում մեր պարտությունից հետո, ինչպես չեն վայելել նախկիններն ու նախկինների նախկինները: Հասկացե՛ք վերջապես, այ անուղեղներ...

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ