Ապրիլմեկյան սու՞տ, թե՞ ցինիզմ

Ապրիլմեկյան սու՞տ, թե՞ ցինիզմ

Ապրիլմեկյան ստերի նախօրյակին  Նիկոլ Փաշինյանը Հիսուս Քրիստոսին անվանել է հեղափոխական․ «Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է»։ «Հեղափոխական» Նիկոլը նաև իր կուսակցությանը համեմատել էր Տիրոջ հարության հետ․  

«Իմ ընկալմամբ Հիսուս Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է, մեր քաղաքական թիմն էլ բազմիցս մեռել է ու հառնել»։

Քանի որ Փաշինյանը  տարվա բոլոր օրերին, առանց բացառության,   ստում է, ապրիլի 1-ի նախօրյակին պիտի մի այնպիսի սուտ ասեր, որ համատիեզերական լիներ։ Որ ոչ միայն հայերը, այլ ողջ աշխարհը իրենով ու իր թիմով զբաղվեր։ Դա ապրիլմեկյան սու՞տ է , թե ցինիզմ։ Քրիստոնեությունից հեռու այդ մարդուն ուզում եմ ասել, որ իր նեղ ընկալումը պարտադիր չէ բարձրաձայնել, որովհետև փորձը ցույց է տվել, որ բոլոր իր ընկալումները մտացածին են, մեռելածին, կործանիչ, խորտակիչ։ Քրիստոսը ո՜նց կարող էր խաչվել, եթե հեղափոխական լիներ։ «Հեղափոխական» կոչվածդ ականատես ես եղել, որ նմաններին բարձրացնում ու այնպես ես գետնին նետում, որ անեծքիցու հայհոյանքից անդին ոչինչ չի վաստակում։ Քրիստոսը հավիտենական Սեր է։

Նա բաց ձեռքերով է մտել մարդկանց մեջ, տեսել նրանց մեղքերը,  իր վրա վերցրել դրանք ու խաչվել։ Նա խաչվել է, որ մարդիկ սիրո, խաղաղության մեջ  ապրեն։ Իսկ դու եկել ես ատելությամբ, պառակտությամբ, հայհոյանքով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, երկիր դրախտավայրդ հանձնելու ծրագրով։ Դու ո՜նց ես համարձակվում մի ողջ քիրստոնյա ազգի վիրավորես ու դրսից ներմուծաված խառնակչությունդ հեղափոխություն անվանել։ Եթե այդպես ես ընկալում, մտքիդ արգասիքն է, ինչպես խոստովանում ես,  ուրեմն պիտի հանձնվես՝ համատարած ատելությունից ու դժգոհությունից դրդված։

Հիսուսը դիպուկահարներով, ուժայիններով, թիկնապահներով փողոցում  չէր շրջում։ Նա չէր դողում իր կյանքի համար։ Նրա կյանքը ընծա էր մարդկանց։ Նա սեր էր շռայլում։ Ո՜նց կարող է ատելություն սփռողն ու սեր սփռողը նույնը լինել։ Կամ դու ո՝նց ես համարձակվում կուսակցություն կոչվող մի քանի տարվա գոյությամբ խմբակդ համեմատել Քրիստոսի Հարության հետ։ Աշխարհում երկու բան է հավերժ մնում։ Լավ գործն ու վատը։ Լավի մասին հիշելուց՝ օրհնանք է թափվում, վատը հիշելուց՝ անեծք ու հայհոյանք։ Այդ առումով խմբակդ հավերժության հետ խորհուրդ ունի։ Դուք հավերժ վայելելու եք վերջին կատեգորիան։