Ինչով է օգտակար Միջերկրածովյան դիետան
Միջերկրածովյան դիետան ավանդաբար համարվում է ամենից օգտակար սննդակարգերից մեկը։ Այն հարուստ է բուսական յուղով ու բանջարեղենով, պարունակում է հատուկ կանաչիներ, որոնք եւս նպաստում են մարդու առողջությանը։ Բացի այդ, այս դիետայի համար պետք է նշել եւս մեկ հանգամանք, թե ինչպես է պատրաստվում կերակուրը։ Նշենք, որ Միջերկրածովյան դիետան վերջին տասնամյակներին է հատկապես մեծ ճանաչում ձեռք բերել, քանի որ գիտականորեն ապացուցվել է, որ այն արդյունավետ է դիաբետի պրոֆիլակտիկայի համար, հաջողությամբ պայքարում է ճարպակալման, սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման դեմ։ Մասնագետները նշում են, որ շատ դեպքերում որոշ մթերքներ, որոնք ավանդաբար համարվել են խոլեստերինի աղբյուր, իրականում պետք է այլ հայացքով դիտվեն, եւ սկսեն համարվել օգտակար մթերքներ ու ներառվեն սննդակարգի մեջ։ Այդպիսի մթերք է համարվում ձուն, որն ավանդաբար համարում էին խոլեստերինի աղբյուր եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկ։ Սակայն նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ ձուն առաջին հերթին սպիտակուցի, վիտամինի, միներալների էժան աղբյուր է, եւ այն կարելի է ներառել Միջերկրածովյան դիետայի մեջ։
Մասնագետներն ուշադրություն են դարձնում կաթին ու կաթնամթերքներին։ Կաթն ու կաթնամթերքները թեեւ մի փոքր բարձրացնում են «վատ» խոլեստերինի պարունակությունը, սակայն նաեւ բարձրացնում «լավ» խոլեստերինի մակարդակը եւ բարելավում աղիների առողջ միկրոբների վիճակը։ Խոտաբույսերը, համեմունքները, նուշը, ընկույզը և պիստակը, ինչպես նաև սոճու, կտավատի, դդմի և արևածաղկի սերմերը նույնպես միջերկրածովյան սննդակարգի բնորոշ մթերքներն են: Նրանք հարուստ են նյութերով, որոնք օգտակար են սրտի, արյան անոթների, աղիների և ուղեղի համար։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես սրանց վրա պետք է ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր պատրաստվում են սնվել այս սննդակարգով։ Եւ ի վերջո, սննդաբանները ուշադրություն են դարձրել նաեւ գինուն։ Այն թեեւ համարվում է Միջերկրածովյան դիետայի մաս, սակայն ներկայումս շատ մասնագետներ հորդորում են գինու պարունակությունը սահմանափակել, քանի որ ալկոհոլը մեծ հաշվով եւ մեծ քանակությունների դեպքում վնասակար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։
Կարծիքներ