Ջորջ Էյդ․Պոյի հավաքածուն

Ջորջ Էյդ․Պոյի հավաքածուն

Ուոթերբին դիմեց կնոջը․

- Պոյի այդ հավաքածուն դեռ գայթակղում է ինձ։ Այսօր տեսա ցուցափեղկում․ընդամենը 15 դոլար։

- Հա՞,- ասաց տիկին Ուոթերբին՝ հանկարծ հուզմունքից շնչահեղձ լինելով (նրան այդպես թվաց)։

- Այո։ Կարծում եմ՝ պետք է գնեմ այն։

- Քո փոխարեն ես չէի գնի, Ալֆրեդ,- ասաց նա։- Դու այնքան շատ գրքեր ունես։

- Գիտեմ, որ ունեմ, սիրելիս, բայց ես Պոյի հավաքածու չունեմ, իսկ դա այն է, ինչին ես երկար ժամանակ եմ սպասել։ Այս հրատարակությունը, որի մասին խոսում եմ, իսկապես հիանալի է։

- Օ՜, ես այն չէի գնի, Ալֆրեդ,- կրկնեց նա: Նրա ձայնում աղաչական լրջության նոտա կար։- Չարժե այդքան գումար ծախսել մի քանի գրքի համար։

- Գիտեմ, բայց…- նա լռեց․բառեր չուներ՝ արտահայտելու իր նվաստացումն ու զարմանքը։
Պարոն Ուոթերբին փորձել էր ներողամիտ ամուսին լինել։ Նա եսասիրական հաճույք էր ստանում տալուց, նրա համար ստանալուց առավել երանելի էր տալը։ Ամեն անգամ աշխատավարձ ստանալիս նա ֆիքսված գումար էր տալիս տիկին Ուոթերբիին՝ կենցաղային ծախսերի համար։ Բացի դրանից, կնոջը գումար էր տալիս նաեւ նրա սեփական ծախսերի համար։ Մի փոքրիկ գումար էլ մի կողմ էր դնում՝ իր անձնական կարիքների համար, իսկ գումարի մյուս մասը պահ էր տալիս բանկում։ Ինքն իրեն հույս էր տալիս, թե մոտենում է իդեալական ամուսնու կերպարին։

Պարոն Ուոթերբին ծախսատար սովորություններ չուներ, նույնիսկ ախորժակ չուներ ինչ-որ թանկարժեք բան համտեսելու։ Ինչպես յուրաքանչյուր տղամարդ, նա նույնպես մեկ-երկու հոբբի ուներ, եւ նրա հոբբիներից մեկն Էդգար Ալան Պոն էր։ Նա հավատում էր, որ ամերիկացի բոլոր գրողների շարքում Պոն միակ ակնհայտ «հաճարն» էր։ «Հանճար» բառը շատ է ծեծվել երկրում, վերագրվել է աշխատանքից դուրս եկած երկարամազ ինչ-որ տղամարդու կամ ինչ-որ գեր կնոջ, որ պոեզիա է գրում։ Պոյի դեպքում այլ էր։ Պարոն Ուոթերբին պնդում էր, որ «հանճարը» նա է, ով չի ղեկավարվում սովորական մտավոր գործընթացներով, «նա, ում բերանով խոսում է ոգեշնչումը, ում միտքն իրենից անկախ գերմարդկային թռիչք է կատարում դեպի մաքուր երեւակայության տիրույթ» կամ նման մի բան։ Ամեն դեպքում, պարոն Ուոթերբին սիրում էր Պոյին եւ ցանկանում էր Պոյի այդ հավաքածուն։ Նա իրեն տարեկան ընդամենը մեկ անգամ էր ճոխություն թույլ տալիս եւ որոշել էր, որ այս տարի այդ ճոխությունը լինելու էր Պոյի հավաքածուն։

Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան խոցվեցին նրա զգացմունքները, երբ կինը դեմ եղավ, որ տասնհինգ դոլար ծախսի մի բանի վրա, ինչն աշխարհում ամենից առավել էր փափագում։
Այդ օրն աշխատանքի գնալիս նա հետադարձ հայացք գցեց տիկին Ուոթերբիի պահվածքին։ Մի՞թե նա գումար չուներ իր սեփական ծախսերի համար։ Մի՞թե ինքը երբեւէ դեմ էր եղել նրա շռայլությանը։ Մի՞թե ինքն իրեն անխոհեմ էր պահում որպես ամուսին՝ թույլտվություն խնդրելով ծախսելու այս փոքրիկ գումարը, որն իրեն հաճույքի անհամար ժամեր էր պարգեւելու, իսկ հավաքածուն որքան իրեն, այնքան էլ տիկին Ուոթերբիին էր պատկանելու։
Ինքն իրեն մտածեց, որ շատ ամուսիններ պարզապես կգնեին գրքերը՝ առանց իրենց կնոջ հետ խորհրդակցելու։ Իսկ ինքը (Ուոթերբին) ընտանեկան ֆինանսներին առնչվող բոլոր հարցերում ապավինում էր կնոջը։ Դառը մտքերը գլխում՝ ինքն իրեն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ինքն էր իրեն ստորադաս դիրքում դրել։

Չէ՞ որ կինն արգելեց իրեն մի քանի գիրք գնել ինքն իր համար։ Ավելի ճիշտ, ոչ, չարգելեց, բայց դա հավասարազոր էր արգելելուն։ Հայտարարեց, որ կտրականապես դեմ է, որ ինքը գնի Պոյի գրքերը։ Պարոն Ուոթերբին մտածում էր՝ մի՞թե հնարավոր է, որ ինքը պարզապես նոր է սկսում ճանաչել կնոջը։ Մի՞թե հոգու խորքում նա եսասեր կին է։ Մի՞թե ինքնաբավ ու բարեսիրտ է միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ իր ասածով է։ Գուցե նա էլ բոլորովին այլ տեսակի կին լիներ, եթե ինքն իրեն շատ ամուսինների նման պահեր՝ իր եկամուտը ծախսեր ակումբներում, սիգարների ու սեփական զվարճանքների վրա, իսկ նրան ընդամենը մանրադրամների մնացորդները հատկացներ։
Իր ամուսնական կյանքում ոչինչ այնքան չէր ջախջախել նրա զգացմունքներն ու չէր խաթարել հավատը, որքան տիկին Ուոթերբիի առարկությունը Պոյի հավաքածուն գնելուն։ Սա կարող էր միայն մի բացատրություն ունենալ։ Նա ցանկանում էր ամբողջ գումարն իր վրա ծախսել կամ էլ ուզում էր, որ ողջ գումարը բանկում պահեին, որ կարողանար ստանալ այն, երբ ինքը… բայց սա չափազանց հրեշավոր կլիներ։

Ամեն դեպքում, տիկին Ուոթերբիի պահվածքը պարոն Ուոթերբիի սրտում ծնեց ամենադառը կասկածները։ Առաջին խոսակցությունից երկու-երեք օր հետո նա հարցրեց․

- Չես գնել, չէ՞, Պոյի այն հավաքածուն, Ալֆրեդ։

- Չէ, չեմ գնել,- պատասխանեց նա սառը, հնարավորինս ամբարտավան տոնով։

Հույս ուներ նրանից լսել․«Իսկ ինչո՞ւ չես գնում։ Վստահ եմ՝ շատ ես ուզում, իսկ ես կցանկանայի, որ երբեմն էլ քեզ համար ինչ-որ բան գնեիր»։

Այդպես կերեւար սիրող ու անշահախնդիր կնոջ ոգին։

Իսկ նա ընդամենն ասաց․

- Ճիշտ ես արել, մի՛ գնիր։

Նա կատարյալ դժբախտ էր․հասկացել էր, որ ամուսնացել է մի կնոջ հետ, ով չի սիրում իրեն եւ պարզապես ցանկանում է որպես բեռնակիր ձի օգտագործել իրեն՝ բոլոր կենցաղային հոգսերի համար։

Իր կնոջ մասին այս սարսափելի ճշմարտությունը բացահայտելուց հետո նա տարիների խորքից սկսեց հիշել փոքրիկ դրվագներ։ Դրանք համադրելով՝ համոզվեց, որ խորապես սխալվել է։
Երբեմնի փոքրիկ ու գրեթե աննկատ մնացած մանրուքները հիմա կուտակվում էին՝ ապացուցելով, որ տիկին Ուոթերբիին իրականում չէր մտահոգում իր ամուսնու երջանկությունը։ Բացի դրանից, ավելի ուշադիր ուսումնասիրելով նրան՝ պարոն Ուոթերբիին թվաց, թե կնոջ անարժանության նոր ապացույցներ գտավ։ Երբ ինքն այդքան մթագնած էր իր բացահայտման պատճառով եւ անհանգիստ՝ կասկածներից, թե է՛լ ինչ կարող է ապագայում բացահայտվել, կինը գոհ ու հանգիստ էր։

Մոտենում էին տոները։ Պարոն Ուոթերբին գտավ լուծումը։ Որոշեց, որ եթե նա թույլ չտա իրեն այդ փոքր գումարն իր վրա ծախսել, ինքն էլ սովորականի պես սուրբծննդյան նվեր չի գնի նրա համար։

- Եսասիրությունը խաղ է, որում երկու հոգին էլ կարող են խաղալ,- ասաց նա։

Ավելին, նա որոշեց, որ եթե կինը Սուրբ ծնունդի համար հավելյալ գումար խնդրի իրենից, կասի․«Ցավում եմ, սիրելիս, բայց չեմ կարող թույլ տալ ինձ գումար ծախսել։ Տեղս այնքան նեղ է, որ չեմ կարող նույնիսկ մի քանի գիրք գնել, որոնք վաղուց ուզում եմ ձեռք բերել։ Չե՞ս հիշում՝ ինքդ ասացիր, որ չեմ կարող ինձ թույլ տալ գնել Պոյի այդ հավաքածուն»։
Կա՞ ավելի խայթող բան, քան սարկազմը, կամ ավելի ջախջախիչ բան, քան տրամաբանությունը։
Նա մտքում կրկնեց այս ճառը, ամեն ինչ նախապատրաստեց՝ պատկերացնելով նրա նվաստացումն ու զարմանքը, երբ հասկանա, որ ինքը, ի վերջո, հավաքել է ուժերը եւ ինչ-որ նշանակալի ասելիք ունի, երբ խոսքը վերաբերում է փողին։

Նրա ծրագիրը ձախողվեց, քանի որ կինը հավելյալ գումար չխնդրեց, ուստի պետք էր դիմել պատժի մեկ այլ ձեւի։ Նրա համար սուրբծննդյան նվեր չի գնի։ Որպեսզի նա լիովին հասկանա իր նպատակը, երկու երեխաներն էլ նվերներ կստանան։

Կոշտ միջոց էր, ընդունում էր, բայց գուցե դա՛ սովորեցներ նրան հաշվի առնել այլոց ցանկությունները։

Հարկ է ասել, որ պարոն Ուոթերբին, արթնանալով սուրբծննդյան առավոտյան, բոլորովին չհպարտացավ իր վրեժխնդրությամբ։ Նա զգում էր, որ հասել է իր նպատակին, կրկնում էր ինքն իրեն, որ իր շարժառիթները բարի ու մաքուր են, բայց, այդուհանդերձ, գոհ չէր ինքն իրենից։
Նա գնաց ճաշասենյակ, եւ այնտեղ՝ սեղանի վրա՝ իր ափսեի դիմաց, դրված էր երկար թղթե տուփ՝

Պոյի տասը գրքերով։ Հենց իր երազած հրատարակությունը։ 

- Ի՞նչ է սա,- հարցրեց նա՝ դանդաղ թարթելով աչքերը․ուղեղը մի պահ չկարողացավ հասկանալ, թե ինչ սարսափելի ամոթալի իրավիճակում է հայտնվել։

- Ես կարծում էի՝ գլխի ես ընկել, Ալֆրեդ,- ասաց տիկին Ուոթերբին՝ կարմրելով ու ծիծաղելով դպրոցական աղջնակի պես։

- Օ՜, այդ դու էիր…

- Աստվա՛ծ իմ, որքան վախեցրիր ինձ։ Այդ օրը, երբ խոսում էիր հավաքածուն գնելու մասին, իսկ ես ասացի, որ չգնես, ես գրեթե համոզված էի, որ ինչ-որ բան ես կասկածում։ Ես դրանից մի շաբաթ առաջ էի գնել այն։

- Հա, հա,- ասաց պարոն Ուոթերբին՝ զգալով, որ աչքերը լցվում են աղի արցունքներով։ Այդ պահին նա ասես թշվառ հոգի լիներ, որ մտրակվում էր՝ սյանը գամված։

- Ես որոշել էի գումար չխնդրել քեզնից՝ սեփական նվերների համար վճարելու,- շարունակեց տիկին Ուոթերբին։

- Գիտե՞ս՝ իմ սովորական ծախսերից եմ գումար խնայել քո ու երեխաների համար նվերներ գնելու համար։ Ինչպե՞ս, անցած շաբաթ ես գրեթե սովամահ արեցի քեզ, իսկ դու չնկատեցիր, իսկ ես վախենում էի, որ կնկատես։

- Չէ, չեմ նկատել,- կոտրված ձայնով ասաց պարոն Ուոթերբին․նա շփոթված էր, գլուխը պտտվում էր։ Այս անձնազոհ հրեշտակը… իսկ ինքը նրա համար սուրբծննդյան նվեր չէր գնել։ Սարսափելի իրավիճակ էր, եւ նա ստիպված էր ստել՝ այդ իրավիճակից դուրս գալու համար։

- Հավանեցի՞ր քո նվերը,- հարցրեց նա։

- Ինչպե՞ս, ես դեռ չեմ տեսել այն,- պատասխանեց կինը՝ զարմացած նայելով նրան։

- Իսկապե՞ս։ Ասել էի, որ երեկ ուղարկեին։

Հարեւան սենյակում երեխաները ծիծաղում ու ուրախանում էին իրենց նվերներով, եւ նա իր պարտքն էր համարում ստել հանուն նրանց։

- Դե ուրեմն մի ասա՝ ինչ է,- ընդհատեց տիկին Ուոթերբին։- Կսպասենք, մինչեւ գա։

- Ես կգնամ, կբերեմ։

Նա իսկապես գնաց, թեեւ ստիպված էր սուրբծննդյան օրը ոսկերչին հանել իր տնից ու ստիպել նրան բացել հսկայական զարդապահարանը։ Ճիշտ է, մատանին, որ ընտրեց, վեր էր իր հնարավորություններից, բայց երբ տղամարդը ցանկանում է վերադարձնել իր արժանապատվությունը, պետք է վերադարձնի այն ցանկացած գնով։

Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Պետրոսյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ