Ղազախական չստացված Ձմեռը

Ղազախական չստացված Ձմեռը

Ես չափազանց հեռու եմ այն մտքից, որ հանկարծ կարող եմ վերցնել ու գունավոր հեղափոխությունների ծավալման մեխանիկա բացատրել Արևմուտքին: Ղազախստանի դեպքերը, սակայն, ցույց տվեցին, որ գունավոր հեղափոխությունների օրենսդիրներն էլ երբեմն սխալվում են և հեղաշրջման փորձ անում ոչ այնտեղ, որտեղ առավել պարարտ հող կա դրա համար: Արդյոք Ղազախստանն ամենաթույլ օղա՞կն էր, որտեղ կարելի էր հընթացս իշխանափոխություն կատարել: Պարզվեց՝ ոչ: Ասում ենք՝ Արևմուտքը սխալվեց, Արևմուտքը շտապեց, Նիկոլի տաղանդի շնորհիվ ՀԱՊԿ-ը հրաշքներ գործեց… Վերջապես Պուտինի սապոգի մասին ենք խոսում, թե ինչպես այն հայտնվեց անծայրածիր Ղազախստանում: Միով բանիվ՝ Ղազախստանում հեղաշրջման փորձը տապալվեց, որովհետև Ղազախստանը պատրաստ չէր գունավոր հեղափոխության:

Իսկ որտե՞ղ սխալվեց Արևմուտքը: Այս հարցի պատասխանը գտնելու համար թերևս վատ չէր լինի աչքի անցկացնել նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած գունավոր հեղաշրջումների հերթականության քարտեզը՝ Վրաստան, Ուկրաինա, Հայաստան… Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը զերծ մնաց գունավոր հեղափոխությունների շղթայից: Գուցե Վրաստանը, Ուկրաինան և Հայաստանն առավել բռնատիրական երկրներ էին, քան Ադրբեջա՞նը: Ասում են՝ Միջին Ասիայի հարստությունների համար պայքարն սկսվեց և իր առաջին բացահայտ դրսևորումն ունեցավ Ղազախստանում: Հետաքրքիր բացատրություն է, իհարկե, բայց, շատ ներողություն, համոզիչ չէ: Միջինասիական էներգակիրներն ինչ-որ ճանապարհով գնալո՞ւ են դեպի Եվրոպա և ավելի արևմուտք: Իսկ ո՞ր ճանապարհով, եթե բոլորը փակ են, իսկ միակ բաց ճանապարհը՝ ադրբեջանականը, վտանգված: Նկատեցի՞ք, թե Ադրբեջանն ինչպես էր լռել Ղազախստանում ծայր առած անկարգությունների օրերին: Այս օրերին Ալիևը ոչ մի հակահայկական հայտարարություն չի արել, թեև Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու «միանձնյա» որոշումը լավ առիթ էր դրա համար՝ բա չեք ասի, հայերը գնացել են Ղազախստան, մեր արյունակիցներին ճնշում են… Ծպտուն չի հանել նույնիսկ պաշտոնական Անկարան, և միայն նախկին ԱԳ նախարար Դավութօղլուի շուրթերով է բարձրաձայնել իր դժգոհությունը Ղազախստանի ղեկավարներից, որոնք Հայաստանի վարչապետին էին դիմել ՀԱՊԿ-ի օգնությունը կազմակերպելու համար:
Հանրագումարի բերելով ասվածը՝ մտածում եմ, որ Արևմուտքը Ղազախստանում խժդժություններն սկսելուց առաջ վստահ էր, որ Ադրբեջանն այլևս իր գրպանում է:

Նման բան Արևմուտքին կարող էր հավատացրած լինել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան՝ վկայաբերելով 44-օրյա պատերազմում ադրբեջանական զորքերի «հաջողություններն» ու Հայաստանով էներգակիրների համար միջանցք ապահովելու հեռանկարը: Եվ Արևմուտքը նետվեց Ղազախստանի վրա՝ Կասպից ծովի մյուս ափից դեպի Ադրբեջան անարգել ճանապարհ ստանալու հստակ նպատակով: Բայց… Եղավ այն, ինչ եղավ: Արևմուտքի՝ «տարվա եղանակներ արտահանելու» քաղաքականությունն իր պատմության մեջ ամենամեծ ֆիասկոն կրեց Ղազախստանում: Այստեղ փորձ արվեց իրականացնել իրաք-սիրիական սցենարը: Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ուշանային՝ Ղազախստանում ստեղծվելու էր մի նոր «Իսլամական պետություն»: Ղազախ ոստիկանների գլխատված մարմինները դա են հուշում: Մյուս կողմից էլ չի կարելի անտեսել պետական դավաճանության փաստերը, որոնք, կարելի է ասել, արձանագրվել են խժդժությունների առաջին իսկ օրերին: Ղազախստանի ԱԽ նախագահ Նազարբաևի կայծակնային հրաժարականը, նրա տեղակալների հեռացումը պաշտոններից, ՆԳ և ԱԾ բարձրաստիճան ղեկավարների ինքնասպանություններն ու սպանությունները վկայում են այն մասին, որ ամեն ինչ չէ, որ կարգին է եղել Ղազախստանի ղեկավարության շրջանում: Հարց է, չէ՞, թե ինչպես փողոցային խուժանը, ընդամենը 45 հոգով, գրավեց Ալմաթիի միջազգային օդանավակայանը: Հարց է, չէ՞, թե ինչու օդանավակայանի անվտանգության ուժերը ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին այդ հրոսակախմբին՝ թույլ տալով նրան՝ ջարդուփշուր անել ամեն ինչ և վտանգել ժամանող ու մեկնող քաղաքացիների կյանքը: Ղազախստանի ոստիկանությունն ու ԶՈւ-ն ոչինչ չի ձեռնարկել տարբեր քաղաքների ադմինիստրատիվ շենքերի ու Ալմաթիում նախագահական պալատի պաշտպանության գործում: Եվ վերջապես նախագահ Տոկաևն սկսել է գործել միայն այն բանից հետո, երբ Ղազախստան են ժամանել ՌԴ ռազմատիեզերական զորքերի դեսանտայիններն ու ՀԱՊԿ երկրների հավաքական ուժերը:

Ի՞նչ քայլերի կարող է դիմել Արևմուտքը՝ Ղազախստանում կրած պարտությունը կոմպենսացնելու համար: Մի բան հստակ է՝ Ղազախստանում իրավիճակը մոտ ապագայում չի կայունանալու: Ստեպ-ստեպ ի հայտ են գալու հակապետական գործողությունների նոր օջախներ, կլինեն նոր սպանություններ և ահաբեկչության ակտեր: Արևմուտքն այդքան հեշտ չի հանձնվում: Գրեթե կասկած չկա, որ նորից կակտիվացվի թուրք-ադրբեջանական տանդեմը՝ մի կողմից Հայաստանը վերջնականապես Արևմուտքի գիրկը գլորելու, իսկ մյուս կողմից էլ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Ղազախստանում իր ուզածին հասնելու համար:

Նոր ու ավելի մեծ պատերազմի կայծը նետված է: Տարածաշրջանի հզոր երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը պարտավոր են ամեն ինչ անել անխուսափելի հրդեհը կանխելու համար: