Ավելի դրական եւ դուրեկան, քան կարելի էր սպասել

Ավելի դրական եւ դուրեկան, քան կարելի էր սպասել

Պատկերացնում եմ ընթերցողի տարակուսանքը, թե դրական կամ դուրեկան ինչ կարող է լինել մի ժամանակ, երբ Փաշինյանի վարչակազմը շարունակում է խեղկատակության մարաթոնը՝ ի տես ՀՀ քաղաքացիների եւ ողջ աշխարհի` ցուցաբերելով առանձնակի անմեղսունակություն ու ողորմելի պահվածք: ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն Ղազախստան ուղարկելը՝ ասվածի վերջին հաստատում:  

Սակայն կյանքը միայն իշխանական, քաղաքական վայրիվերումները չեն: Դեռ հարց է՝ արդյոք կորոնավիրուսն առանձնապես զիջե՞լ է Փաշինյանին վնասարարությամբ եւ 2020-ից ի վեր հասարակության ու անհատների համար խնդիրներ հարուցելով: Ամեն դեպքում, Փաշինյանն էլ, կորոնավիրուսն էլ ավերիչ իրողություններ են, եւ նրանցից որի վերջաբանն էլ վրա հասնի, նույն կարգի գոհունակություն եւ թեթեւացում կբերի մարդկանց: 

Հուսանք՝ Փաշինյանն էլ իր ուսապարկերի կույտով մինչեւ տարեվերջ կվերանա, թեեւ հասկանալի է, որ դրա համար նախ հարկավոր է, որ Քոչարյանի, Սարգսյանի, առհասարակ՝ «ղարաբաղյան կլանի», նաեւ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ առնչություն չունեցող առաջնորդ եւ ուժ հայտնվի ու կայանա քաղաքական դաշտում: Մինչեւ նման ֆիգուր եւ ուժ չբարձրանա, Փաշինյանն ու ուսապարկերը՝ որպես «պատվար ու պատնեշ ատելի նախկինների դեմ», կմնան իշխանության: Իսկ ահա կորոնավիրուսի դաշտում տարեսկզբին արդեն դրական ու դուրեկան հեռանկար է ուրվագծվել: Ինչպես համաճարակաբաններն են մասնագիտական տերմինաբանությամբ ասում՝ մեծ հավանականությամբ օմիկրոն շտամը նշանավորում է COVID 19-ի անցումը pandemic-ից endemic-ի: 

Pandemic-ը, ինչպես գիտենք, համաճարակն է, երբ հիվանդությունը պատուհասում է համատարած, համարյա ամենքին եւ ամենուր: Endemic-ն այն դեպքն է, երբ հիվանդությունը պարբերաբար կրկնվում-անցնում-կրկնվում է ավելի տեղայնացված սահմաններում, որոշակի անձանց շրջանում եւ ավելի մեղմ կլինիկական պատկերով: Էնդեմիկի օրինակ են սեզոնային գրիպները: 
Որտեղի՞ց է այս լավատեսությունը, որ, ի դեմս օմիկրոն շտամի տարածման, մենք ականատես ենք կորոնավիրուսի համաճարակի անկման եւ անցման` pandemic-ից endemic-ի փուլի: Այս համաճարակի ընթացքում թերեւս ամենաճանաչելի հեռուստատեսային դեմք դարձած անձը` ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, երեկ հայտարարել է, որ եթե արտառոց շրջադարձ չպատահի` կորոնավիրուսի շատ վտանգավոր նոր շտամ չհայտնվի, իրերի ներկա ընթացքի դեպքում կարելի է համարել, որ օմիկրոնի ներկա շրջափուլի հաղթահարմամբ COVID-19 համաճարակը կավարտվի, եւ այսուհետ գործ կունենանք էնդեմիկ փուլի հետ:

Իհարկե, նոր վտանգավոր շտամի ի հայտ գալը ոչ ոք չի կարող երաշխավորված բացառել, բայց դրա հավանականությունը մեծ չէ՝ այն պատճառով, որ օմիկրոն շտամով ահռելի քանակությամբ մարդիկ են վարակվում, հիվանդանում եւ ապաքինվում, ինչը բնական պատնեշ` herd-immunity է ստեղծում COVID-19 համաճարակային վիրուսի եւ դրա շտամների դեմ: Այն, ինչ կիսատ-պռատ, ձախավեր փորձում էին անել կառավարությունները՝ մարդկանց պատվաստելով առանձնակի արդյունավետություն չարձանագրած այսուայն պատվաստանյութերով, այժմ անհամեմատ մեծ արդյունավետությամբ, մասշտաբներով ու արագությամբ անում է բնությունը: Եթե COVID-19-ի առաջին` ալֆա շտամի դեպքում, որ տարածվեց 2020-ին, ամիսներ անցավ, համարյա ամբողջ մի տարի, մինչեւ օրական վարակվածների թիվն աշխարհում կազմեր մի քանի հարյուր հազար, այժմ օրական նոր վարակվածների թիվն աշխարհում կազմում է 3-4 միլիոն: Եվ բարեբախտաբար, շնորհիվ օմիկրոնի ավելի մեղմ բնույթի, այդ 3-4 միլիոն հիվանդացած անձանց թվում մահվան ելքերն ավելի մեծ չեն, քան 2020-ին արձանագրված օրական մահերի թիվը:

Այսպիսով, ինչպես բազմաթիվ կենսաբաններ, համաճարակաբաններ, բժիշկներ կանխատեսում էին, 2020-ին երկու ամառային շրջափուլերից հետո կորոնավիրուսի համաճարակը մոտեցավ ավարտին, որից հետո դրա տեղային, ժամանակավոր բռնկումները դեռ կպատահեն, բայց մոտավորապես նույնկերպ, ինչ գրիպը: Փաստ է նաեւ, որ մարդկային ջանքերն ու պայքարը կորոնավիրուսի դեմ մասշտաբային առումով շոշափելի արդյունավետություն չունեցան: Այո, ջանքեր ներդրվեցին, պատվաստանյութեր ստեղծվեցին, միլիոնավոր մարդկանց պատվաստեցին, բայց, ինչպես պարզվեց, դրանք ի զորու չեղան մի քանի ամսից ավելի մարդկանց վարակվելուց պաշտպանել, որը վերջնահաշվում կհաջողեր համաճարակը հաղթահարել: Ինչպես տեսնում ենք` համաճարակը հաղթահարվում է բնության ուժով ու օրինաչափությամբ: 

Սակայն COVID-19 համաճարակն առիթ ծառայեց, որ պետությունները, կառավարությունները, գիտական շրջանակները գիտակցեն իրենց կարողությունների սահմանափակությունն ու համեստությունը, մյուս կողմից՝ ամենքը պատկերացրին, թե ինչ մասշտաբային մարտահրավերներ կարող են նետվել բնության կողմից` ստվերում թողնելով բոլոր մարդածին խնդիրներն ու փորձությունները: Ի՞նչ կարելի է անել ապագայում նման մարտահրավերներին ավելի պատրաստ լինելու համար` առայժմ անհայտ է: Բայց որ այդ ուղղությամբ թե՛ գիտական շրջանակները, թե՛ կառավարություններն այժմ կսկսեն ավելի շատ խորհել եւ քայլեր դիտարկել` COVID-ի դառը փորձառությունից հետո` երաշխավորված է: